ԱՐԳԵԼՎԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների եւ բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաեւ քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։  Այս  տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաեւ Ադրբեջանը։

Որպես նմանօրինակ զինատեսակների արգելքի փաստացի օրինակ՝ նշենք «Պայթուցիկ եւ այրվող գնդակների օգտագործման արգելման մասին» 1868 թվականի սանկտպետերբուրգյան դեկլարացիան, որը վերաբերում էր կոնկրետ գնդակների օգտագործման արգելքին, ժամանակակից միջազգային փաստաթղթերից էլ՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնեւյան կոնկվենցիան եւ 1977 թվականի արձանագրությունը, որոնցով արգելվել են ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը, եթե դրա հետեւանքով վտանգի են ենթարկվում քաղաքացիական անձինք: Նման նախագծերից է նաեւ «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։ Սակայն միայն սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունը չէ, որ արգելված է. կասետային ռազմամթերքների կիրառումը քաղաքացիական օբյեկտների նկատմամբ խիստ սահմանափակված է կամ արգելված։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս զինատեսակների օգտագործման արգելքին՝ միջազգային պրակտիկայում չենք հանդիպում դեպքերի, երբ կոնկրետ հետեւանքներ են լինում, ու անհասկանալի է, թե ինչու են այսքան փաստաթղթեր ընդունվել:

Միայն հայտնի է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է փորձաքննություններ իրականացնել, դրանք արձանագրել եւ արդյունքներն ուղարկել միջազգային ատյաններ: Եվ, որպես պատասխանատվություն որեւէ երկրի նկատմամբ, կարող են լինել միայն պատժամիջոցներ, այն էլ՝ միայն այն երկրի նկատմամբ, որը կատարել է նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների։

 

 

 

Հայրենի խորհրդարանականները պետք է մինչեւ նոյմեբերի 17-ը ավարտեն 2021 պետական բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում: Բանն այն է, որ նոյեմբերի  17-ին պետք է մեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը, եւ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է ներառվի հերթական լիագումար նիստերի  օրակարգ: Արդեն որոշվել է, որ նոյեմբերի 16-ին պետք է տեղի ունենա Աժ խորհրդի նիստ, որի ժամանակ արդեն կհաստատվի հերթական նստաշրջանի օրակարգը, եւ բյուջեի նախագիծն էլ կլինի քննարկվելիք նախագծերից մեկը: Իսկ արդեն այսօր Աժ-ում պետք է կայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նախատեսված է, որ խորհրդարան պետք է ներկայանա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, եւ հրավիրված են նաեւ տարածքային կառավարման պատասխանատուները՝ մարզպետները, սակայն հաշվի առնելով, որ նրանք  ջոկատներ են ձեւավորել՝ պատերազմ մեկնելու համար, ապա չի բացառվում, որ խորհրդարան ներկայանան որոշ փոխմարզպետներ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ: Ընդ որում, վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին:  Միեւնույն ժամանակ նշվում է, որ  արձանագրությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերին: Հայաստանի Հանրապետությունը արձանագրությամբ ստանձնում է ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը՝ ապահովելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող ոչ մի անհատ, արձանագրության համաձայն, ներկայացրած հաղորդագրությունների կամ Կոմիտեի հետ համագործակցության պատճառով չենթարկվի մարդու իրավունքների որեւէ խախտման, վատ վերաբերմունքի կամ ահաբեկման:

 

 

Հայաստանում պարգեւատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին եւ ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ եւ զրկվել են պարգեւատրումից: Նշենք, որ պարգեւատրումների շուրջ հասարակական դժգոհությունը հանգեցրեց նրան, որ դրանք սահմանափակվեցին պետական ապարատի աշխատողների համար: Սակայն եթե պետական վերին օղակներում բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարողանում են բարեկեցիկ կենցաղ ապահովել, եւ պարգեւատրումը իրենց դեպքում շռայլություն է, ապա նույնը չի կարելի ասել միջին եւ ցածր օղակներում աշխատողների մասին, որոնք ստանում են ցածր՝ 100-130.000 դրամ աշխատավարձ, եւ նրանց դեպքում պարգեւատրումը կենսական անհրաժեշտություն է: Եւ սա այն դեպքում, երբ նախարարությունների աշխատանքի մեծագույն հատվածը, որակյալ աշխատանքը կազմակերպվում է միջին եւ ցածր օղակներում. հենց նրանք, փաստորեն, մնացին կոտրած տաշտակի առաջ: Մյուս կողմից՝ տարօրինակ է ստացվում, որ մի քանի նախարարների, փոխնախարարների անվան տակ պետական համակարգի ցածր օղակի աշխատողներին զրկում են լրացուցիչ այդ վճարից: Քիչ չեն այն վարչության պետերը, որոնք ունեն զուգահեռ բիզնեսներ, եւ իրենց համար խնդիր չէ զրկվել պարգեւավճարից նախարարների ու փոխնախարարների հետ միասին: Նկատենք, որ նախարարության շուրջ 130 հազար դրամ աշխատավարձ ստացող ավագ, գլխավոր մասնագետների համար հավելյալ այդ 30-50 հազար դրամ գումարը խիստ անհրաժեշտ է, եւ նրանք դրանով կարողանում էին իրենց ծախսերը հոգալ:

 




Լրահոս