ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսեւորել արեւելյան, հարավ-արեւելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ։

 

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաեւ հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել եւ ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում: Թշնամական ուժերի հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվել են։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվել է Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից:

ՊԲ փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին թշնամական ուժերը արեւելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա եւ մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել։

Երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել են տներն ու գերեզմանոցի խաչքարները: Բնակիչների պնդմամբ՝ գյուղում մարդկանց տրամադրությունը մարտական է, վստահ են, որ հաղթելու ենք։ Հիշեցնենք, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ հակառակորդը նոյեմբերի 2-ին հրետանային միջոցներից ինտենսիվ կրակ էր վարել՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ավելի ուշ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Համաձայն դրանց՝ խոցվել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 «ՏՈՍ», հակառակորդն ունի 7290 զոհ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Ն. Հ.

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձեւով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիք եւ Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել եւ ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

 

 

342 ԶԻՆՅԱԼ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230-հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ եւ վերադարձել է տուն. այս  մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը: Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի:

 

 

ՄԻԵԴ-Ի ԿՈՉԸ՝ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) տարածած մամլո հաղորդագրությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ակտիվորեն կիրառել պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմները։ Հայկական կողմը հայտնել է, որ Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա։ Հայտնի է նաեւ, որ հայկական կողմում երկու գերեվարված վարձկաններ կան, որոնք կալանավորվել են Հայաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների եւ վարձկանության։

Ադրբեջանն իր ռազմագերիների մասին տեղեկություններ չի հաղորդում։ Նշենք, որ ռազմագերիների հարցերով Ստրասբուրգ են դիմել Հայաստանի կառավարությունն ու հայաստանցի իրավապաշտպանները։ Հայաստանի կառավարությունը ընդդեմ Ադրբեջանի դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 8 ռազմագերիների հարցերով։ Նրանք այն զինվորականներն են, որոնք ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում ընդդեմ Հայաստանի են խոսում։ Բացի այդ, 7 այլ ռազմագերիների հարցով դիմումներ են ուղարկել Ստրասբուրգ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը եւ պատասխանող կողմին՝ Ադրբեջանին, հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյոք նշված անձինք գերի են ընկել. եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում, եւ արդյոք նրանք ենթարկվե՞լ են բժշկական հետազոտության կամ բուժման: ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում. ասված է Եվրադատարանի հաղորդագրությունում։

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների վերաբերյալ։ Արման Թաթոյանը ընդգծել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, ինչպես նաեւ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը: Պաշտպանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 3 սպանված եւ 4 վիրավոր, ինչպես նաեւ առկա են վնասված տներ։

Հանդիպման մասնակիցները ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:




Լրահոս