ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում. այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում:

 

«AIHGS-ը լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես` բնիկ հայ բնակչության դեմ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: AIHGS-ը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա վայրագությունները եւ պատերազմական հանցագործությունները մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն անցել է ցեղասպանության միջով եւ երբեք չի տեսել արդարություն: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, ագրեսիվ գրոհներ է սկսել Արցախի նկատմամբ, այդ թվում՝ հարձակումներ հայ խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանն օգտագործում է հեռահար հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենսդրությամբ»,- նշված է ուղերձում:

Ինստիտուտը նշում է, որ այդ հարձակումների հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաեւ հիվանդանոցներ, դպրոցներ եւ մշակութային-կրոնական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: «Թուրքիան, որը շարունակում է հերքել իր օսմանցի նախնիների՝ մեկ դար առաջ իրականացրած Հայոց ցեղասպանությունը, շարունակում է նյութական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ զենքի եւ Սիրիայից բերված օտարերկրյա վարձկանների տեսքով: Ատելության խոսքը եւ մարդատյացությունը մոտալուտ ցեղասպանության կարեւոր ցուցիչներ են: Ադրբեջանի ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների եւ էթնիկ զտումների հայտարարված մտադրության, ինչպես նաեւ հայերի դեմ անցած ցեղասպանությունների ժխտման եւ անպատժելիության համատեքստում, AIHGS-ը պնդում է, որ Արցախում ցեղասպանության մեծ վտանգ կա, եթե ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ վերցնեն այդ տարածքը»,- ասված է ուղերձում:

AIHGS-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Ավստրալիան պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործությունները կանխելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ավստրալիայի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները` ստիպելու Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, դատապարտել ատելության խոսքը, ցեղասպանության մտադրությունը եւ ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, դատապարտել օտարերկրյա վարձկանների օգտագործումը, միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին եւ Թուրքիային վայրագությունների եւ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին:

Ն. Պ.

 

 

 

ԿՈՍՈՎՈՅԻ ՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի եւ դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։ Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ առողջապահական, մշակութային եւ կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական թիրախների վերածումը։ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը համոզմունք է հայտնել, որ հայկական բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես ժամանակին արվել է Կոսովոյի դեպքում։ Ազգային խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Բարեկամության խմբի համանախագահներից մեկը՝ Մարիան Ստրեֆ Ֆելերը, այս կապակցությամբ հարցում է արել՝ խնդրելով Շվեյցարիայի կառավարությանն արտահայտել իր դիրքորոշումը:

 

 

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։ Բանաձեւում նշված է, որ Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան, Կանադայի եւ Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնեւյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար, Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատման իրավունք Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով:

 

 

ԿՈՉ՝ ԵՄ-ԻՆ

Եվրոպական խորհրդարանի անդամ, հոլանդացի քաղաքական գործիչ Ռոբ Ռոոսը Twitter-ում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ԵՄ-ին կոչ անելով դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան։ «Դուք ապրում եք աշխարհի համար գրեթե աննախադեպ մշակութային նշանակություն ունեցող երկրում: Եվ այժմ վերստին դժվարին ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ ենթարկվում են բարբարոսական հարձակումների: Ցանկանում եմ՝ իմանաք՝ իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ձեզ: Ուստի կոչ եմ անում ԵՄ-ին ամենախիստ ձեւով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Այդ երկու ռեժիմներն էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի խաղաղության ու անվտանգության համար»,- տեսաուղերձում հայերին դիմել է Ռոոսը՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում իր պաշտոնը կօգտագործի հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։ Եվրախորհրդարանի անդամը պատմել է, որ «անձնապես հնարավորություն է ունեցել վայելելու հայերի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը»՝ նշելով, որ «այս աշխարհն ավելի լավը կլիներ, եթե ավելի շատ մարդիկ, որպես բարոյական կողմնացույց, հետեւեին հայկական արժեքներին»:

 

 

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ

Դիլիջանի բժշկական կենտրոնում ծնվեց Արցախից Դիլիջան քաղաքում հանգրվանած մայրիկի երեխան։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնեցին, որ փոքրիկի ծննդյան կապակցությամբ բժշկական  կենտրոն են  այցելել եւ Դիլիջան  համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորանքները նորածնի մայրիկին են փոխանցել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սոնա Եգանյանը եւ դիլիջանցի հասարակական ակտիվիստ Անի Պապյանը: Սա արդեն երկրորդ արցախցու ծնունդն է Դիլիջան քաղաքում. առաջին նորելուկը Դիլիջանում ծնվել էր հոկտեմբերի 27-ին։

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ 

Չնայած  այս օրերին  Դիլիջանի  համայնքապետարանի ուշադրության կենտրոնում առաջին հերթին մոբիլիզացիոն աշխատանքներն են, եւ նպատակադրումը՝ առավելագույնն անել հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար, չեն անտեսվում նաեւ տնտեսական, քաղաքաշինական, հատկապես՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները: Ներկայումս ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ են ընթանում առողջարանային քաղաքի տարբեր հատվածներում: Ավարտվել են Հովսեփյան, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի, Մխիթարյան փողոցի կառուցապատման աշխատանքները, ավարտին մոտ է 1-ին փողոցի, Մյասնիկյան-Հակոբջանյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը, կառուցապատման աշխատանքներ են ընթանում Կալինինի փողոցից Շամախյան բարձրացող հատվածում եւ  Կամարինի 1-ին նրբանցքում:

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՔՈՂԱՐԿԻՉ ՑԱՆՑԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Տավուշի մարզում աշակերտները դպրոցական արձակուրդի օրերին ազատ չեն եղել, բոլոր համայնքներում քողարկիչ ցանցեր են պատրաստել, նրանք զինվորի եւ մեր բանակի կողքին են. սա դպրոցականների նախաձեռնություններից մեկն է: Տավուշի մարզպետարանի եւ մարզի բոլոր դպրոցների համատեղ աշխատանքի արդյունքում 50 քողարկիչ ցանցեր արդեն ուղարկվել են Արցախի Հանրապետություն, առաջիկա օրերին էլ նույնքան կուղարկեն:  Տավուշի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին՝ մեր երկրի համար այս կարեւոր պահին իրենց պատասխանատվության եւ  միասնականության համար:

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԻՐԱՆՑԻՑ՝ ԱՐՑԱԽԻՆ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ  Կիրանց փոքր   գյուղը   1992-1994թթ. ազատամարտում   հերոսական պայքար է մղել, ունեցել  բազում  զոհեր:  Կիրանցի աշակերտները հանդես են եկել  հայրենասիրական նախաձեռնությամբ։ Նրանք   կազմակերպել են իրենց աճեցրած մրգերի ու  ընկույզի վաճառք միջպետական ավտոճանապարհի եզրին։  Մի քանի օրվա ընթացքում հավաքվել է 130 հազար դրամ, այն  փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հաշվեհամարին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս