«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին պարզ դարձավ, որ հետհեղափոխական Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի փոխարեն նշանակվեց Արմեն Աբազյանը, որը 2020 թ. օգոստոս ամսին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետեւ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ըստ Համբարձումյանի՝ ինքը դեռ հոկտեմբերի 28-ին իր կողմից որոշում է կայացրել եւ իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Երեկ դիմումը բավարարվել է։ Համբարձումյանը նշել է, որ իրեն վարչապետը առաջարկել է շարունակել ծառայությունը տնօրենի տեղակալի պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է:
Նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն ԱԱԾ տնօրենի 5-րդ նշանակումն է:
Միքայել Համբարձումյանը պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանի փոխարեն, ում աշխատանքից ազատեցին Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարեց ուղիղ չորս ամիս. նշանակվել էր այս տարվա հունիսի 8-ին՝ այս պաշտոնում փոխարինելով արդեն Էդուարդ Մարտիրոսյանին, որը վեց ամիս պաշտոնավարեց որպես պաշտոնակատար, ապա նշանակվեց, սակայն կրկին կարճ աշխատեց եւ աշխատանքից ազատվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ համատեղ, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային սահմանափակումների պարագայում տեղի է ունեցել Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, իսկ վերջիններս էլ մասնակցել են դրան:
Իսկ Մարտիրոսյանն էլ այս պաշտոնում փոխարինել էր Արթուր Վանեցյանին, որը հեռացավ աղմուկով եւ թերեւս միակն է, որն այժմ արդեն քաղաքական գործունեություն է սկսել:
Թերեւս ռազմական դրության ավարտից հետո հասարակությունը պետք է իմանա, բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում: Եվ ինչպես արդեն հայտնի կատակում է, ԱԱԾ-ն դարձել է հանրային գրադարան. մարդիկ նշանակվում են տնօրեն, կարդում գաղտնի փաստաթղթեր եւ հեռանում, իսկ մյուսները կտրոնը քաշել հերթ են կանգնել՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: