ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները։

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե, ըստ բյուջեի նախագծի, որ մարզին որքան գումար է նախատեսված հատկացնել մարզպետարանի գործառույթները կազմակերպելու համար։

«Արարատի մարզպետարանի համար 2021թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 281 մլն դրամ օգտագործել։ Մարզպետարանում հաստիքային միավորների թիվը նախագծով 129 է։

Արմավիրի մարզպետարանի համար նախագծով նախատեսված է 588 մլն դրամ, մարզպետարանի հաստիքների թիվը 124 է։

Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված է 785 մլն դրամ, մարզպետարանի հաստիքների թիվը 180 է։

Լոռու մարզպետարանի համար նախատեսված է 654 մլն դրամ, հաստիքային միավորների թիվը 133 է։

Կոտայքի մարզպետարանի համար նախատեսված է 621 մլն դրամ, հաստիքների թիվը 133 է։

Շիրակի մարզպետարանի համար 2021թ. բյուջեով նախատեսված է 701 մլն դրամ, մարզպետարանի աշխատակցների թիվը 159 է։

Սյունիքի մարզպետարանի բյուջեով նախատեսված է 610 մլն դրամ։ Նախատեսվում է, որ այս բյուջեն կօգտագործվի 138 հաստիքային միավորների կողմից։

Վայոց ձորի մարզպետարանի համար նախատեսված է 455 մլն դրամ, հաստիքների թիվը 87 է։

Տավուշի մարզպետարանի համար նախատեսված է 581 մլն դրամ, հաստիքների թիվը 108 է», – ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։

Ընդհանուր առմամբ, նախատեսված է շուրջ 65 մլրդ դրամ։

2021 թվականի պետական բյուջով Երեւան համայնքին տրվող դրամաշնորհները, այդ թվում՝ դոտացիան, նախատեսվել է 22 միլիարդ 503 միլիոն դրամ, իսկ պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Նշված նախատեսումները, ընթացիկ բյուջետային տարվա համեմատ, փոփոխվել են՝ կրճատվելով մոտ 20 միլիարդ 95 միլիոն դրամով։ Երեւան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ։

Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները, ասաց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։

Ներկայացնելով բյուջեի նախագծով նախատեսված մի շարք միջոցառումների համար ֆինանսական ցուցանիշները` Ներսիսյանը նշեց, որ, օրինակ, Երեւան քաղաքի արտաքին լուսավորության մասով 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է ներկայացված հայտից 2 միլիարդ  դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ, ահա, Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։

Ըստ Ներսիսյանի՝ մինչեւ տարվա վերջ կտեղադրվի 500 վերելակ, այս պահի դրությամբ տեղադրված է 318-ը, սակայն մատակարարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչեւ տարեվերջ տեղադրված վերելակների թիվը կհասնի 500-ի։

Ինչ վերաբերում է Երեւան համայնքի եկամուտներին, ապա, ըստ Սերգեյ Ներսիսյանի, 2021 թվականի բյուջեի նախագծով եկամուտների մասով նախատեսվում է 92 միլիարդ 420 միլիոն դրամ, որից նախատեսվում է գեներացնել 30 միլիարդ 693 միլիոն դրամ սեփական եկամուտ։

Երեւանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ԱԺ-ում 2021թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանին հատկացվող գումարների չափը։

«Երեւան համայնքին հատկացվող դրամաշնորհներն, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումները եւ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան, նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով։ Իսկ պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 հազար դրամի կարգով», – ասաց Ս. Ներսիսյանը։

Նա նշեց, որ նշված նախատեսումները, ընթացիկ բյուջետային տարվա համեմատ, փոփոխվել են. «Մասնավորապես, պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը։ Ընդ որում, կրճատումները կատարվել են՝ նկատի ունենալով միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջիկա բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարում ընդգրկելու հնարավորությունը»։

Ն.Հ.

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳԱԶԻ ՈՐԱԿԻՑ

Հայաստանում վարորդները սկսել են բողոքել հեղուկ գազի որակից: Նախկինում հեղուկ գազ օգտագործող վարորդներին մատների վրա կարելի էր հաշվել: Իսկ, ահա, վերջին շրջանում հանրապետությունում ավելացել է այն վարորդների թիվը, որոնք սկսել են օգտագործել հեղուկ գազ: Ըստ մասնագետների՝ վարորդների մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ այն շահագործման համար ավելի նպատակահարմար է, որակյալ է, խնդիրներ չի առաջացնում, մեքենան չի փչանում, քան սեղմված բնական գազ օգտագործելու դեպքում: Սակայն արդեն մի քանի օր է՝ վարորդները դժգոհում են՝ նշելով, որ հեղուկ գազի որակը սկսել է վատանալ: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Էքսպերտ թեչ» ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի հետ. «Ներմուծվող գազ է, ցիստեռներով են բերում, կարող է եւ վատ որակ լինի: Տարբեր կազմակերպություններից են վերցնում, հիմա նայած թե որտեղից են վերցրել, որ երկրի գազն է: Ներմուծողները շատ են, վատ գազ, լավ գազ, սուբյեկտիվ բան է: Չեմ կարծում, թե ինչ որ վնասներ տա, ուղղակի մեր վարորդներն են, մի 10 կմ պակաս են քշում, դա է. վատ որակ է: Դա միշտ կա, այդ խոսակցությունները կան… Հիմա որ ձրի լինի գազը, գան լցնեն, մի շաբաթ հետո կասեն՝ վատ գազ է, չեն ասի՝ ձրի էր: Մեքենան չի փչանա, ընդամենը այդտեղ շատ ու քիչ քշելու խնդիրն է. մեկ լիցքավորման դեպքում շատ են քշում, մյուսի դեպքում՝ քիչ, հիմնականում դա է խնդիրը: Հետո, գիտե՞ք ինչ, վազում են այնտեղ, որտեղ էժան է, իսկ էժանը ցանկացած բանի, լավ գիտեք, լավ չի լինում…» :

 

 

 

ՃՇԳՐԻՏ ՏՎՅԱԼՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արեւելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:

 

 

 




Լրահոս