ՈՉՆՉԱՑՄԱՆ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել, կան տուժածներ։ «Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետեւանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են: Անհանգիստ է եղել նաեւ սահմանին,  արցախաադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են: Ստեփանակերտը հրթիռակոծվել է կասետային ռումբերով։

 

Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում եւ զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն էր, ինչի համատեքստում Շրջակա միջավայր նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների եւ քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետեւանքով առաջացած բնապահպանական վնասներին։

Այսպես, պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետեւանքով Արցախի Հանրապետության տարածքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլեւ ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարեւորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։ Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների հետեւանքով տուժել են նաեւ ՀՀ տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաեւ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես, սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետեւանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։

Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետեւանքով հրդեհվել է նաեւ 20-25 հեկտար անտառածածկ եւ խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։

Զգալի վնասներ են հասցվել նաեւ Սյունիքի մարզի եւ Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիռակոծումների հետեւանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20հա եւ 40 հա մակերեսներով։ Միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռեւս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով՝ ՀՀ եւ ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ եւ բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաեւ բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլեւ աղետալի ազդեցություն շրջակա միջավայրի համար։ Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։ Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ եւ տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ:

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում եւ զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ եւ ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու եւ արգելված զինատեսակներ եւ միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։

 

Ստուգայցերն ընթացել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւան-ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որը սպասարկում է երթուղային մի քանի գիծ։ Վերջին օրերի ստուգայցերն արձանագրել են մի շարք խախտումներ, այն է՝ ուղեւորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով, չեն կատարում ախտահանումների վերաբերյալ նշումներ գրանցամատյաններում։ Ջերմաչափման մատյաններում եւս կան թերություններ։

Արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել է նախազգուշացում՝ անհապաղ վերացնելու արձանագրված խնդիրները։ Կնշանակվեն տուգանքներ։ Ստուգայցերը շարունակվում են։ Դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են նաեւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագիտական խմբերը։ Տեսչական մարմինը նշում է, որ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։ Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային եւ եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձեւաչափի գրանցամատյանում եւ այլն։ Միաժամանակ դիտարկվում է նաեւ հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը. ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում եւ երթուղային ուղեգրերում։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 210-ով՝ հասնելով 101 հազար 773-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 30 դեպք:

 

 

ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԵՐԸ

2012-2018թթ. ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձել է գնել հիմնականում նոր զենքեր: 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում կրկնակի ավելի շատ:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ եւ ռադիակայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում՝ եռակի ավելի:

2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ՝ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:

2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ, թվերը չի նշվում, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել:

2012-2018թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ:

2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ, եւ ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:

2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին եւ չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, եւ ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:

2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել եւ ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:

Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք են բերվել ՏՈՍ համակարգեր եւ այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն:

 

 

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՌԴ-ում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 5 անդամ են Կազանում ձերբակալվել, որոնք Թաթարստանի մուսուլմանների շրջանում հավաքագրմամբ են զբաղվել։ Կազանում ահաբեկիչների բջջի գործունեությունը կանխվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ՆԳՆ ստորաբաժանումների եւ Ռոսգվարդիայի հետ համատեղ։ Ձերբակալվածները «իրականացրել են հակասահմանադրական գործունեություն՝ հիմնված, այսպես կոչված, համաշխարհային խալիֆաթի ստեղծման, աշխարհիկ հանրության ինստիտուտների ոչնչացման հայեցակարգի վրա եւ ուղղված գործող իշխանությանը բռնի ճանապարհով տապալելուն»։

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ռուսաստանի Դաշնությունը տարօրինակ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զգացմունքային արձագանքը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ Լեռնային Ղարաբաղում արտերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ. այս մասին ռուսական «ՁԸհհ» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:

«Անկեղծ ասած՝ մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլյամ Հեյդարի Ալիեւի արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Ադրբեջանի նախագահի օգնականները միգուցե ինչ-որ նյութ են ցույց տվել նրան, կամ էլ իրենց սեփական մեկնաբանությունը ներկայացրել: Միեւնույն ժամանակ, շարունակում ենք համոզված լինել, որ վարձկան-գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանյի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտնել է ռուսական լրատվական գործակալության աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիեւը իսպանական  գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արեւելքից եկած վարձկանների թիվը հասնում է 2000-ի, հայտարարել էր, թե ցավում է, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն եւ գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից եւ ասեկոսեներից:

«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս եմ ասել, որ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են բռնում, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում պետք է դադարեցնեն միջնորդությունը»,- հայտարարել էր Ալիեւը՝ կրկին հերքելով Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ տեղեկությունները, որոնք բազմաթիվ ապացույցներով ներկայացվել են ոչ միայն հայկական կողմից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում»: Իսկ հոկտեմբերի յոթին Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է եւ կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:

Ապա Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումներ»:

 

 

ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ՉԷ

Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարեւոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լիարժեք լուծումը: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա հավելել է. «Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով: Այսօր, քան երբեւէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին եւ հետեւողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին: Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը»:

 

 

6 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

2021 թվականին Բնապահպանության նախարարության կարիքների համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 6 միլիարդ 776 միլիոն դրամ. այս մասին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը:  Ըստ նրա՝ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է հարավում եւ այժմ վատառողջ է, այդ իսկ պատճառով նրա փոխարեն ելույթ է  ունենում փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով` նշված գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք կտրամադրվեն միջազգային դոնորների կողմից այս կամ այն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: «Զարգացման գերմանական բանկը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախարարությանը 2 միլիարդ դրամ կտրամադրի»,- ասաց փոխնախարարը:

Այդ միջոցները նախատեսվում է օգտագործել 25 ծրագրի իրականացման համար:

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ

Մոսկվայի ու Ռուսաստանի այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու մեկնել Հայաստան եւ Արցախ, որպեսզի օգնեն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների ագրեսիվ ռազմական հանցագործությունների հետեւանքով տուժածներին:

 

 

 

ԻՋԵՎԱՆՑԻ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ

Իջեւանի առողջապահական համակարգը ծանր կորուստ  կրեց։  Կորոնավիրուսից մահացել է  Իջեւանի բժշկական կենտրոնի երկարամյա բժիշկ, անզգայացնող-վերակենդանացնող Համլետ Չոբանյանը։ Իջեւանի բժշկական կենտրոնում նա  աշխատում էր 37 տարի, 60 տարեկան էր։ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվելու ժամանակ Հ. Չոբանյանը գտնվել է արձակուրդում, հիվանդանալուց  հետո նրան տեղափոխել են  Երեւան՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Կորոնավիրուսից մահացել է նաեւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը, որը 63 տարեկան  էր։ Է. Գրիգորյանը հայտնեց, որ որ Սերգեյ Սիմոնյանին տեղափոխել են Իջեւանի ԲԿ-ի կորոնավիրուսի բաժանմունք, որը մի շաբաթ  առաջ է բացվել։ Դրանից հետո Ս. Սիմոնյանին տեղափոխել են Դիլիջանի բժշկական  կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունք, սակայն  նրա կյանքը փրկել  չի հաջողվել։

 

ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՉԿԱՏԱՐՎԵՑԻՆ

Այրում համայնքի Դեբեդավան, Պտղավան գյուղերի տարածքում Դեբեդ գետը, տարիներ շարունակ մղվելով Հայաստանի տարածք, փոքրացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը։  Հայ-վրացական  բնական սահմանագիծը  համարվում է Դեբեդ գետը։  Հայկական տարածքում՝ Դեբեդի աջ ափին, վերջին  տարիներին գետի ամրացման աշխատանքներ  չեն կատարվել։  Նախկին տարիներին գարնանային եւ ամառային հորդ անձրեւներից վարարած Դեբեդը  Դեբեդաբան գյուղի տարածքում քշել-տարել է 3 հեկտար հողատարածք, հիմնականում՝ պտղատու այգիներ։ 2020թ. վարարած Դեբեդը Դեբեդավանում քշել-տարել է մոտ մեկ հեկտար տարածք՝  պտղատու  այգիներ։ 2020թ. օգոստոսի  5-ին ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար (այժմ՝ նախկին) Վաղարշակ Սարգսյանը  ժամանել է հայ-վրացական սահմանագիծ, համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի, սահմանապահների  հետ  ուսումնասիրել հայ-վրացական սահմանագծում առկա խնդիրը եւ այն լուծելու եղանակները։  Դեբեդի ափի ամրապնդման  տարբերակներից մեկը գետի հայկական  ափին հսկա քարաբեկորների տեղադրումն  է, մեկ այլ տարբերակ գետի ափին բետոնե  մեծ բլոկների տեղակայումն  է։ Որպես հիմնահարցի  լուծման ուղի՝ քննարկվում էր պետական, համայնքային ֆինանսական միջոցների, հասարակական սեկտորի եւ սփյուռքի  հայության ներգրավումը։ Այդ այցից 3 ամիս է անցել, սակայն  Դեբեդի հայկական ափի ամրացման աշխատանքներ չեն կատարվել: Հաջորդ տարվա գարնանը Դեբեդը Հայաստանի տարածքից կպոկի, կքշի  եւս մի ընդարձակ տարածք։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս