Ռուսաստանի Դաշնությունը տարօրինակ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զգացմունքային արձագանքը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ Լեռնային Ղարաբաղում արտերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ. այս մասին ռուսական «ՁԸհհ» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:
«Անկեղծ ասած՝ մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլյամ Հեյդարի Ալիեւի արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Ադրբեջանի նախագահի օգնականները միգուցե ինչ-որ նյութ են ցույց տվել նրան, կամ էլ իրենց սեփական մեկնաբանությունը ներկայացրել: Միեւնույն ժամանակ, շարունակում ենք համոզված լինել, որ վարձկան-գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանյի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտնել է ռուսական լրատվական գործակալության աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիեւը իսպանական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արեւելքից եկած վարձկանների թիվը հասնում է 2000-ի, հայտարարել էր, թե ցավում է, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն եւ գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից եւ ասեկոսեներից:
«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս եմ ասել, որ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են բռնում, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում պետք է դադարեցնեն միջնորդությունը»,- հայտարարել էր Ալիեւը՝ կրկին հերքելով Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ տեղեկությունները, որոնք բազմաթիվ ապացույցներով ներկայացվել են ոչ միայն հայկական կողմից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում»: Իսկ հոկտեմբերի յոթին Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է եւ կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:
Ապա Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումներ»:
ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ՉԷ
Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարեւոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լիարժեք լուծումը: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա հավելել է. «Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով: Այսօր, քան երբեւէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին եւ հետեւողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին: Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը»:
6 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
2021 թվականին Բնապահպանության նախարարության կարիքների համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 6 միլիարդ 776 միլիոն դրամ. այս մասին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը: Ըստ նրա՝ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է հարավում եւ այժմ վատառողջ է, այդ իսկ պատճառով նրա փոխարեն ելույթ է ունենում փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով` նշված գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք կտրամադրվեն միջազգային դոնորների կողմից այս կամ այն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: «Զարգացման գերմանական բանկը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախարարությանը 2 միլիարդ դրամ կտրամադրի»,- ասաց փոխնախարարը:
Այդ միջոցները նախատեսվում է օգտագործել 25 ծրագրի իրականացման համար:
ԲԺԻՇԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ
Մոսկվայի ու Ռուսաստանի այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու մեկնել Հայաստան եւ Արցախ, որպեսզի օգնեն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների ագրեսիվ ռազմական հանցագործությունների հետեւանքով տուժածներին:
ԻՋԵՎԱՆՑԻ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ
Իջեւանի առողջապահական համակարգը ծանր կորուստ կրեց։ Կորոնավիրուսից մահացել է Իջեւանի բժշկական կենտրոնի երկարամյա բժիշկ, անզգայացնող-վերակենդանացնող Համլետ Չոբանյանը։ Իջեւանի բժշկական կենտրոնում նա աշխատում էր 37 տարի, 60 տարեկան էր։ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվելու ժամանակ Հ. Չոբանյանը գտնվել է արձակուրդում, հիվանդանալուց հետո նրան տեղափոխել են Երեւան՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Կորոնավիրուսից մահացել է նաեւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը, որը 63 տարեկան էր։ Է. Գրիգորյանը հայտնեց, որ որ Սերգեյ Սիմոնյանին տեղափոխել են Իջեւանի ԲԿ-ի կորոնավիրուսի բաժանմունք, որը մի շաբաթ առաջ է բացվել։ Դրանից հետո Ս. Սիմոնյանին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՉԿԱՏԱՐՎԵՑԻՆ
Այրում համայնքի Դեբեդավան, Պտղավան գյուղերի տարածքում Դեբեդ գետը, տարիներ շարունակ մղվելով Հայաստանի տարածք, փոքրացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հայ-վրացական բնական սահմանագիծը համարվում է Դեբեդ գետը։ Հայկական տարածքում՝ Դեբեդի աջ ափին, վերջին տարիներին գետի ամրացման աշխատանքներ չեն կատարվել։ Նախկին տարիներին գարնանային եւ ամառային հորդ անձրեւներից վարարած Դեբեդը Դեբեդաբան գյուղի տարածքում քշել-տարել է 3 հեկտար հողատարածք, հիմնականում՝ պտղատու այգիներ։ 2020թ. վարարած Դեբեդը Դեբեդավանում քշել-տարել է մոտ մեկ հեկտար տարածք՝ պտղատու այգիներ։ 2020թ. օգոստոսի 5-ին ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար (այժմ՝ նախկին) Վաղարշակ Սարգսյանը ժամանել է հայ-վրացական սահմանագիծ, համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի, սահմանապահների հետ ուսումնասիրել հայ-վրացական սահմանագծում առկա խնդիրը եւ այն լուծելու եղանակները։ Դեբեդի ափի ամրապնդման տարբերակներից մեկը գետի հայկական ափին հսկա քարաբեկորների տեղադրումն է, մեկ այլ տարբերակ գետի ափին բետոնե մեծ բլոկների տեղակայումն է։ Որպես հիմնահարցի լուծման ուղի՝ քննարկվում էր պետական, համայնքային ֆինանսական միջոցների, հասարակական սեկտորի եւ սփյուռքի հայության ներգրավումը։ Այդ այցից 3 ամիս է անցել, սակայն Դեբեդի հայկական ափի ամրացման աշխատանքներ չեն կատարվել: Հաջորդ տարվա գարնանը Դեբեդը Հայաստանի տարածքից կպոկի, կքշի եւս մի ընդարձակ տարածք։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ