«ԳՆԱՃ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ». ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչ տարեվերջ ավելի կբարելավվի, խաղողի բերքատվությունը, նախորդ տարվա համեմատությամբ, մոտ 30 տոկոսով բարձր է եղել:

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա հիշեցրել է, որ Վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի»,-ասել է նախարարն ու ներկայացրել սպասվող բարելավման պատճառը: Խաղողի հետ կապված վիճակագրությունը հիմնականում ամփոփվում է չորրորդ եռամսյակում: Նախարարը նշել է, որ խաղողի հետ կապված՝ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր: Տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում: «Գրեթե ամփոփեցինք խաղողի մթերման ամբոջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն էր կազմում»,- նշել է Տ. Խաչատրյանը:
Ըստ նախարարի՝ դժվար էր համավարակի պայմաններում, երբ վերամշակող ձեռնարկությունների իրացման ծավալներն էապես նվազել են: «Կառավարության կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ առանձին տեղերով առանձին դժվարություններով, բայց հնարավոր եղավ ամբողջ գործընթացը կազմակերպել եւ հասցնել ավարտին»,- հայտնել է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել է նաեւ Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման գործընթացից։ Նրա պնդմամբ՝ դրա հետեւանքով գնաճ չի լինի: «Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով. մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարի արժեքը չէին գերազանցում: Եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, շուկայական գնի վրա այդ գործընթացն ազդեցություն ունենալ չի կարող»,- ասել է Տ. Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ ձեռնարկատերերը գիտեն, թե թուրքական շուկան ինչ շուկաներով կարելի է փոխարինել: «Մեր ձեռնարկատերերը, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Մենք ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որ այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, կա մասնագետների խումբ, որ կօգնեն այդ բիզնեսներին»,- փոխանցել է վերջինս։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Ն. Պ.

 

 

ԼՃԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՀայաստանը 2021 թվականին Սեւանա լճի ջրի մաքրության չափանիշներ կսահմանի: Ըստ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի՝ հաջորդ տարի, ինչպես եւ նախկինում, կշարունակվի մերձափնյա գոտիների մաքրումը թավուտներից:
«Այդ նպատակների համար 208 միլիոն դրամ կհատկացվի: Նույնքան կհատկացվի 2020 թվականին: Կշարունակվեն նաեւ այն շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ժամանակին ապօրինաբար կառուցվել էին լճի մերձակայքում` դրա ապագա բարձրացման գոտում՝ ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մ բարձրության վրա: Դրանք հիմնականում քոթեջներ եւ հանգստի այլ օբյեկտներ են: Ընդհանուր առմամբ կա մոտ 1700 այդպիսի շինություն, առաջիկա երկու տարվա ընթացքում դրանց ապամոնտաժման համար մոտ 1.5 միլիարդ դրամ կհատկացվի»,- ասել է նա։ Հարցին, թե ինչու են բյուջեից ապամոնտաժման համար միջոցներ հատկացվում` կառուցապատողին ապօրինի կառույցը քանդել պարտավորեցնելու փոխարեն, պատասխան չկա: «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ոչ թե մոտավորապես, այլ հստակ չափորոշիչների հիման վրա վերահսկել լճի ջրի մաքրությունը, մանավանդ որ Սեւանը քաղցրահամ ջրի ռազմավարական աղբյուր է: Սա հաշվի առնելով` լճում ջրի մաքրության պահանջներն արդեն մշակվում են, որոնք շուտով հանրային քննարկման կներկայացվեն»,- շեշտել է փոխնախարարը:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՆՈՐ ՊԱՆԴԵՄԻԱՅԻՆ
Առողջապահական համաշխարհային կազմակերպության միջազգային հանրությանը կոչ է անում պատրաստվել նոր պանդեմիային: Կազմակերպությունն այդ առանցքային թեման կքննարկի նոյեմբերի 9-14-ին տեղահամաժողովի ձեւաչափով կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ: ԱՀԿ-ն ֆորումի նախաշեմին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ միջազգային հանրությունն արդեն հիմա պետք է պատրաստվի նոր պանդեմիային: «Վերջին մեկ տարում տեսանք, որ երկրները, որոնք ամուր առողջապահական ենթակառուցվածք ունեն, արագ արձագանքել են կորոնավիրուսի տարածման հսկողությանն ու զսպմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
73-րդ նստաշրջանում, որի առաջին մասը կանցկացվի մայիսի 18-19-ին Ժնեւում, ծրագրվում է բանաձեւ ընդունել առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստությունը մեծացնելու մասին: Փաստաթղթում կոչ է արվում «բարձր քաղաքական մակարդակով առաջնահերթություն տալ արտակարգ իրավիճակներին պատրաստվելու լավացմանը»: ԱՀԿ-ն ելնում է նրանից, որ միջազգային հանրությունն ի զորու է հաղթահարել կորոնավիրուսը գիտության եւ համերաշխության ուժով: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած նրան, որ կորոնավիրուսի պանդեմիան գլոբալ ճգնաժամ է, «շատ պետություններ եւ քաղաքներ հաջողությամբ կանխել են եւ վերահսկել վարակի փոխանցումը՝ կիրառելով համապարփակ եւ փաստերի վրա հիմնված մոտեցում»: ԱՀԿ-ն այդ առումով հիշեցրել է, որ աշխարհը միավորվել է «պատվաստանյութերի մշակումն արագացնելու ծրագրի շուրջ»:

 

2210 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔ
Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ը` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած եւ 30 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:




Լրահոս