«ՈՒԺԵ՛Ղ ՄՆԱՑԵՔ». ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համաշխարհային աստղերը շարունակում են աղաղակել Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ Այս օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի են ունենում  բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի խաղաղ բնակչության վաղվա ազատ օրվա, սակայն մինչ օրս մեզ՝ հայերիս համար ծանր է աշխարհի լռությունն այդ վայրագություններին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն մարդկանց, որոնք պարբերաբար անդրադառնում են արցախյան իրադարձություններին։

 

Արցախի ճանաչումը՝ ծննդյան օրվա լավագույն նվեր. սա իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ցանկությունն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Մարչիանոյին՝ նշելով, որ տաղանդավոր երաժիշտը միշտ կանգնած է Հայաստանի կողքին։

Մարչիանոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով. «Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը։ Ուժե՛ղ մնացեք»:

Ի դեպ, օրեր առաջ Մարչիանոն, ի աջակցություն հայերի, տեսաուղերձով  հայտնել էր. «Այս տեսաուղերձով աջակցությունս եմ հայտնում հայերին, որոնք պատերազմում են Ադրբեջանի, Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ հայկական հողում, որի անունը Արցախ է։ Այն միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է, որ կարող ենք անել։ Բոլորս շատ հայ ընկերներ ունենք, ես վստահ եմ, եւ գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ Եկեք անենք նույնը, նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ եւ նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»։

Իսկ, ահա, հեղինակավոր hollywoodreporter.com կայքը հոդված է հրապարկել հոլիվուդյան այն աստղերի մասին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով երկրի բնակչության կեսը տեղահանվել է, կան մեծ թվով զոհեր։

Հակամարտության մասին թեթեւ ակնարկից հետո հրատարակությունը նշում է, որ ամերիկահայ աստղեր Քիմ Քարդաշյանը եւ Շերն աջակցում են հայերին՝  ԱՄՆ-ին կոչ անելով միջամտել եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Խոսվում է նաեւ Քարդաշյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած 1 միլիոն դոլար նվիրատվության մասին։

Նշվում է, որ հայերին աջակցելու գործով է զբաղվում նաեւ 2016 թվականին լույս տեսած «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, ինչպես նաեւ մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի տնօրեն Էրիկ Էսրայելյանը, որը նշում է. «Իրավիճակը, ցավոք, տարածաշրջանում հումանիտար աղետի է վերածվել հայերի համար»: Նա հույս է հայտնում, որ երկրների կառավարությունները կօգտագործեն իրենց ազդեցությունը եւս մի ողբերգություն կանխելու համար։

«Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը իր հերթին նշում է, որ սարսափելի է կարծել, որ հայ ժողովուրդը կրկին վտանգված է։

Իսկ բելգիացի բլոգեր Ռոուզ Վանդեկերկխովն «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել` կոչ անելով միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

Ռոուզը լուսանկար է վերահրապարակել, որտեղ գրված է, որ խաղարկվում է «Շանել» ապրանքանիշի պայուսակ, հաղթող կճանաչվի ֆոնդին գումար նվիրաբերած օգտատերերից որեւէ մեկը։

«Կարելի է նվիրաբերել 50 դոլարից սկսած, պայուսակի արժեքը 5000 դոլար է»,- նշել է նա։

Ի դեպ, Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր օրերին Արցախում է նաեւ մոսկվաբնակ, օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

 

 

«ՄԵԿ-ՄԵԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԶԱՆԳԵԼ». ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Որդիս արդեն մեկ ամիս է, ինչ  գտնվում է Արցախում՝ առաջնագծում, իհարկե մեկ-մեկ կարողանում է զանգահարել, ասում է, որ լավ է, իսկ, առհասարակ, ոչինչ սահմանի, Արցախի մասին չի ասում, քանի որ դա արգելված է»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը։

 

Հավելենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երգահանը հայտնել էր, որ նա նույնպես մեծ ցանկություն է ունեցել մեկնելու Արցախ, կանգնելու հայ զինվոի կողքին, բայց գիտակցել է, որ թիկունքում ավելի օգտակար կարող է լինել, քան առաջնագծում:

Ի դեպ, նշենք, որ  օրերս է նոր երգ ձայնագրել՝ ի պատիվ հայ զինվորի, ի պատիվ առաջնագծում կռվող տղաների:

Հիշեցնենք, որ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել. կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետեւանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ մայրաքաղաքային ակումբը հաջողության հասնելու ճիշտ ճանապարհին է: «Առաջին իսկ րոպեից փորձեցինք գերազանցել հակառակորդին, քանի որ լավ ուսումնասիրել էինք նրանց խաղը: Գոլն օգնեց հաղթել, բայց առանց այդ էլ «Ռոմա»-ն լավ էր գործում: Իմ կարծիքով՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու հավատալ ինքներս մեզ»,- ասել է Մխիթարյանը։

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում նորվեգական «Մոլդեի» նկատմամբ տարած հաղթանակը: «Մենք լավ հանդիպում անցկացրեցինք եւ կարեւոր միավորներ վաստակեցինք: Հաղթեցինք մեծ առավելությամբ՝ ցույց տալով, որ լավ մարզավիճակում ենք գտնվում: Գոհ եմ թիմի երիտասարդ ֆուտբոլիստների խաղից: Նրանք ամեն խաղում ցույց են տալիս, որ կարելի է հույս դնել իրենց վրա»,- Արտետայի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Արսենալը» 4:1 հաշվով հաղթանակ տարավ նորվեգական «Մոլդեի» նկատմամբ: «Արսենալի» կազմից գոլերի հեղինակ դարձան Նիկոլյա Պեպեն եւ Ջոզեֆ Ուիլոկը, մրցակցի 2 ֆուտբոլիստ դարձավ ինքնագոլի հեղինակ:

 

 

ՄԱՐԶՎՈՒՄ Է

Իտալական «Բրեշիայի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրանչակորտայի» հետ։ 30-ամյա Բալոտելին, որը «Բրեշիայից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, բանակցություններ է վարում մի քանի թիմի հետ, սակայն դեռ չի կարողացել համաձայնության հասնել անձնական պայմանագրի կետերի հարցում: Հիշեցնենք, որ Բալոտելին «Բրեշիայից» հեռացավ, երբ ակումբը դուրս մնաց Ա Սերիայից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելիին ձեռք բերելու ցանկություն է հայտնել թուրքական «Ֆեներբահչեն»:

 

 

2 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է 2 տարվա պայմանագիր առաջարկել թիմի ավագ Սերխիո Ռամոսին։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Արքայական ակումբը պատրաստ է միայն 1 տարով երկարաձգել Ռամոսի պայմանագիրը, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 2 տարվա պայմանագիր: Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն այս պահին դադարեցված են: Կողմերը կրկին բանակցություններ կսկսեն հունվարին: Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:

 




Լրահոս