Neues Deutschland-ի խմբագիրը ԼՂ հայության ծանր վիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը Լեռնային Ղարաբաղի հայության ներկա ծանր իրավիճակը նաև Եվրոպական միության քաղաքականության արդյունք է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շթայնիգերն իր հոդվածում այս հանգամանքը պայմանավորել է նրանով, որ ԵՄ-ն աջակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` շարունակելով զենք վաճառել նրան, որն էլ օգտագործվեց Ադրբեջանի կողմից:

«Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև Եվրոպական Միության քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան»,- գրել է գերմանացի մեկնաբանը:

Լրատվամիջոցի խմբագիրը նշել է, որ Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Փիթըր Շթայնիգերը հավելել է, որ այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոփոխված աշխարհագրությամբ:

«Բաքուն ստանում է տորթի մի մեծ կտոր: Ալիևը համարձակվեց հարվածել փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում: Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակի քարտ-բլանշ տրվել»,- նշել է Շթայնիգերը:

Գերմանացի խմբագրի խոսքով` Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված էր:

«Հաղթանակի տրիումֆն ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում»,- գրել է Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբանը:




Լրահոս