«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ավելացել է ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ծնվել է 26 հազար 653 երեխա:
Ընդ որում, ծնվածների թիվն ավելացել է՝ ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ. 2018 թվականի 9 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 26 հազար 555, 2019-ին՝ 26 հազար 445, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 208-ով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. այս տարվա 9 ամիսներին ծնվել է 14 հազար 41 տղա եւ 12 հազար 612 աղջիկ, այսինքն 1429-ով տղաներն աղջիկներից ավելի են: Ընդ որում, վերջին երեք տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, տղա երեխաների թիվը գերազանցել է աղջիկների թվին:
Ըստ որոշ հետազոտությունների՝ Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է. աղջիկները քիչ են։ Մասնագետների կարծիքով՝ հիմնականում բնակչության սեռային հարաբերակցությունը հաստատուն է, ու եթե ցուցանիշը մանիպուլացիայի չի ենթարկվում, ապա յուրաքանչյուր 100 աղջիկ երեխայի հաշվով 105-107 տղա երեխա է ծնվում։
Ի դեպ, մեր հանրապետությունում, մինչեւ ուլտրաձայնային սարքերի ի հայտ գալը այս հարաբերակցությունը մոտ է եղել ընդունված նորմալ ցուցանիշին առաջին երկու երեխայի դեպքում։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։