Նախ պետք է չեղարկել ռազմական դրության մասին որոշումը. ինչ ընթացակարգեր են գործում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական խմբակցությունները վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով արտահերթ նիստ էին նախաձեռնել, որը չկայացավ։ Սակայն մինչ այդ պետք է չեղարկել ռազմական դրության մասին որոշումը, քանի որ այդ ժամանակ ՀՀ օրենսդրությունն արգելում է վարչապետի հրաժարականը։ Իսկ ի՞նչ ընթացակարգեր են այս 2 գործընթացի համար պահանջվում։ Ռազմական դրությունը վերացնելու կամ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու համար նախ պետք է արտահերթ նիստ հրավիրել՝ 33 պատգամավորի ստորագրությամբ։

Չեղարկելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, որից հետո միայն կարող են վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ մտցնել՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդի ձայներով, միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին կարող են նման նախագիծ ներկայացնել։

Որոշման նախագիծը քվեարկության է դրվում ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս