Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Ռուսաստանը համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ «այդ թեման չի քննարկվել»: «Սա չի կարող քննարկման առարկա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ «նման պայմանավորվածություն չի եղել»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղարար կենտրոնի» ստեղծումը։
Նույն օրը Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման և դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածության առարկա է»։
ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։