
Վաղը Թուրքիա կմեկնի ռուսաստանյան պատվիրակությունը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հինգշաբթի օրը Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայրը «կորոշվի Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներում»։
Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հեռավար բանակցությունների արդյունքում կողմերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել: Կենտրոնը, ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների, «կտեղակայվի Ադրբեջանի տարածքում»։