Հադրութցիները նամակներ փոխանցեցին ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հադրութ քաղաքի բնակիչները նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատաներին՝ հատկապես Հադրութի հարցում աջակցության ակնկալիքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքված հադրութցիներից մի քանի կանանց ընդունեցին ԱՄՆ դեսպանատան տարածքում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հադրութցի Մերի Դավթյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են դեսպանատան աշխատակցին և հանձնել նամակը:

«Աշխատակիցը պատրաստակամորեն լսեց, և ասաց, որ դեսպանն էլ շահագրգիռ է հանգուցալուծմամբ, ասաց, որ հրավիրվելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաև մենք մասնակցել»,-ասաց նա;

Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիների նամակը վերցրեց դեսպանատան աշխատակիցը՝ դարպասների մոտ: Հավաքվածները հնարավորություն չունեցան իրենց պահանջը ներկայացնել դեսպանատան ներկայացուցչի:

Համանախագահող երեք երկրների՝ ՀՀ-ում դեսպանություններին հանձնված նամակները նույնաբովանդակ էին: Ինչպես նշել էր հադրութցի Մերի Դավթյանը՝ Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից, Հադրութը պատմականորեն եղել է և պիտի լինի հայկական: Դեսպանատների մոտ հավաքվածներն այս հարցում ակնկալում են համանախագահող երկրների աջակցությունը, նրանք ակնկալում են, որ ստորագրված փաստաթղթում վերախմբագրում կարվի:




Լրահոս