ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ հայրենի արտախորհրդարանական  ուժերը ՀՅԴ կենտրոնական գրասենյակում փակ հանդիպումներ են ունենում, որի ժամանակ քննարկում են Արցախում ընթացող պատերազմը, դրա հետ կապված իրավիճակը ու առաջիկայում պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ: Ըստ նույն տեղեկությունների՝ քաղաքական ուժերը դեռեւս վերջնական որոշում չունեն, ու հայտարարության բովանդակությունը վերջնական հայտնի չէ: Նշվում է նաեւ, որ արտախորհրդարանական ուժերը համագործակցում են նաեւ Աժ ընդդիմադիր խմբակցությունների հետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից պարզել, թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, ու առաջիկայում ինչ բովանդակությամբ հայտարարություն է լինելու:

-Պարո՛ն Սաղաթելյան, ի՞նչ փակ հանդիպումներ եք ունենում ՀՅԴ գրասենյակում, ի՞նչ հարցերի շրջանակներում, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասնեք, թե ինչ որոշումներ եք կայացնում:

-Ընդդիմադիր դաշտին մոտ երկու տասնյակ կուսակցություններ պատերազմի առաջին օրվանից հանդես են եկել հայտարարությամբ, այս ժամանակահատվածում ցուցաբերել են բացառիկ  համերաշխ եւ միասնական կեցվածք: Այս վերջին երկու օրերին, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, շատ ակտիվ քննարկումների, խորհրդակցությունների մեջ են: Երբ որ ընդհանուր, միասնական եզրակացության կգանք, այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք:

-Այսինքն՝ հանդիպումների վերաբերյալ դեռեւս վերջնական արդյունք արձանագրված չէ, ու դեռեւս քննարկումների փուլո՞ւմ եք:

-Սա քաղաքական պրոցես է, ակտիվ քննարկումներ են գնում, մի շատ կարեւոր բան, որ ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում ընդհանուր համաձայնություն կա, եւ այստեղ որեւէ տարակածություն չկա: Իսկ ինչպիսի լուծումներ են պետք ստեղծված վիճակից դուրս գալու համար կան՝ տարբեր մոտեցումներ, քննարկումներ շարունակվում են: Մամուլում սպրդած տարբեր տեղեկություններ, ըստ էության, իրականությանը չեն համապատասխանում. շատ դրական քննարկումներ կան, որոնք շարունակվում են:

-Խնդրում եմ նշել այն արտախորհրդարանական ուժերին, որոնց հետ այժմ այդ քննարկումներն իրականացվում են, եւ արդյոք իրակա՞ն է այն տեղեկությունը, որ «Ժառանգություն» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները դադարեցրել են քննարկումները, քանի որ հայտարարության բովանդակությանը համաձայն չեն:

-«Մեկ Հայաստան»-ի հետ կապված որեւէ տարաձայնություն, խնդիր չկա, շատ նորմալ մթնոլորտում քննարկումները շարունակվում են: Մեկնաբանությունները կարող եք տվյալ կուսակցություններից ստանալ: Երկու տասնյակ կուսակցություն է մասնակցում քննարկումներին, անունները այս պահին չեմ կարող նշել: Երբ կլինի վերջնական բան, հանդես կգանք հայտարարությամբ:

-Արդյոք Ձեր հայտարարության մեջ լինելո՞ւ է պահանջ ՀՀ իշխանությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, արդյոք արտախորհրդարանական ուժերը նման հարց քննարկո՞ւմ են:

-Երբ կլինի հայտարարությունը, կստուգեք՝ Ձեր տեղեկությունը իրական է, թե ոչ: Այժմ այսքանը, քննարկումներ են ընթանում, կրկնում եմ՝ կլինի հայտարարություն, կծանոթանաք բովանդակությանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱԼԻԵՎԸ ՀՈՒՍԱՀԱՏ ՓՈՐՁ Է ԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները BBC գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:

 

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիեւը հաստատում է, որ չունի որեւէ արդարացում Ստեփանակերտի եւ Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային զանգվածային լրատվամիջոցների եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը՝ Իլհամ Ալիեւը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիեւի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, եւս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որեւէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:

Հիշեցնենք, որ նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:

 

 

ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Իրավապահները շարունակում են բացահայտել լրտեսության դեպքերը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից ՀՀ քր. օր-ի 302 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Լրտեսություն), հարուցվել է նոր քրեական գործ:

Armlur.am-ին լրտեսության նոր քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Ռուսլան Պյոտրի Տուրակուլովը, հանդիսանալով Ուկրաինայի քաղաքացի, նախնական համաձայնության գալով նույն երկրի քաղաքացիների հետ, Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների առաջադրանքով գործով չպարզված ժամանակահատվածում ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի, հատել է ՀՀ պետական սահմանը եւ հայտնվել ՀՀ տարածքում: Վերջինս ծանոթացել է ՀՀ քաղաքացի Արթուր Մամիկոնի Ասատրյանի հետ եւ նրա հետ գործարքի գնացել:

Արթուրի կողմից խորհուրդներ, միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում թշնամական երկրի ներկայացուցիչներին հանձնել եւ հանձնելու նպատակով հավաքել է ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության, դրանց շարժի, ինչպես նաեւ ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց եւ քանակի վերաբերյալ տեղեկություններ, որոնք նույն ժամանակահատվածում հետախուզական միջոցով փոխանցել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների, այդկերպ օտարերկրյա պետության թշնամական գործողության իրականացնելու համար ցուցաբերել այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:   Այս դեպքով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

 

ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում ռազմական օբյեկտների հետ մեկտեղ հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում: Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական եւ զինվորական բազմաթիվ զոհերից եւ նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմն էլ համաձայնել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսիայի քաղաքային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին եւ իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Կոչ է անում միջազգային հանրությանը եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն եւ ամուր դարձնելու ուղղությամբ:Ս




Լրահոս