ԹԵ ՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԻՆՉ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հատկապես վերջին 10 տարիների ընթացքում բազմատեսակ զենքեր է գնել Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից։ Հենց այս երեք երկրներն են Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարները։ Սակայն Ադրբեջանի զինանոցում կան նաեւ այլ երկրների կողմից արտադրած զինատեսակներ։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է բաց աղբյուրները՝ պարզելու, թե որ երկրներն են զինել Ադրբեջանին, եւ ինչ զինատեսակներ են նրանք մատակարարել Բաքվին։ Հոկտեմբերի 26-ին Եվրոպական միության արտաքին գործողության ծառայությունը հանրայնացրեց ԵՄ անդամ երկրների կողմից զենք-զինամթերքի արտահանման մասին տվյալներ, որոնք առաջին անգամ մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ԵՄ-ից Ադրբեջան զենքի մատակարարումների մասին։  Ընդհանուր առմամբ, յոթ տարում ԵՄ անդամ երկրները դեպի Ադրբեջան զենքի արտահանման 4.73 մլրդ եվրոյի թույլտվություն են տվել։ Դրա առնվազն 7 տոկոսը՝ 339 մլն եվրոյի չափով, հաստատապես արտահանվել է Ադրբեջան։

 

Ֆրանսիա

Ըստ բազայում առկա տվյալների՝ 2013-19 թթ. Ֆրանսիան 148.3 մլն եվրոյի զենք է արտահանել Ադրբեջան։ Ըստ Army Recognition կայքի՝ օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA եւ Aster 30 հրթիռներ։

ԵՄ անդամ այլ երկրներ

Եվրամիության անդամ այլ երկրներ եւս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան եւ Բուլղարիան։ Իսպանիան 2013-19 թթ. Ադրբեջան է արտահանել մոտ 19.5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7.2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան եւ Խորվաթիան՝ 2.6-ական մլն։

Չեխիա

Հոկտեմբերի 21-ին Արցախի պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երեւում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում եւ հետագա մշակման ենթարկվել հարեւան Սլովակիայում։ Չեխական զենքեր Ադրբեջան արտահանելու մասին տեղեկություններն առաջին անգամ հրապարակվել են դեռ 2017-ին:

Մեծ Բրիտանիա

Այս տարվա ձմռանը Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիան 2013-2019 թթ. հայտարարագրել էր ընդամենը 1.8 մլն եվրոյի զենքի արտահանման թույլտվություն։ Այս տարվա հոկտեմբերին Միացյալ Թագավորության միջազգային առեւտրի վարչության կողմից հաստատվեց, որ 2010 թվականից սկսած՝ զենք է մատակարարվել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Ադրբեջան, մասնավորապես, այս ընթացքում արտահանվել է շուրջ 86 մլն ֆունտ ստերլինգ արժողության զենք, Հայաստան՝ 4.2 մլն։

Ուկրաինայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաեւ 21-րդ դարում։ Ըստ SIPRI-ի՝ Ուկրաինան Ադրբեջանին 2002-2010 թթ. վաճառել է՝

ռազմական մեքենաներ,

45 Տ-72 տանկ (2004-06),

168 զրահափոխադրիչ՝ 18 ԲՏՌ-80 (2007) եւ 150 ԲՏՌ-70 (2007-10),

2 BMP-1 եւ 3 BTR-3U հետեւակի մարտական մեքենա (2005-06),

ավիացիա 16 ՄիԳ-29 կործանիչ (2006-11),

12 Մի-24 հարվածային ուղղաթիռ (2009-10),

12 Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ,

43 Ռ-27 ավիացիոն հրթիռ (2007),

հրետանի,

12 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (2004-05),

72 Տ-12 100մմ թնդանոթ (2002),

54 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից (2008-10),

16 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հաուբից (2009-10),

3 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրանոթ (2008),

55 Դ-30 հաուբից (2007),

85 Մ-43 ականանետ (2005-06),

18 «Ստրելա-3» զենիթահրթիռային համակարգ (2008)

400 Ռ-2 հրթիռ (2009-10)՝ «Սկիֆ» հակատանկային հրթիռային շարժական համակարգի եւ Մի-24 հարվածային ուղղաթիռների համար:

Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, ըստ SIPRI-ի՝ 2009-2013 թթ. եղել է Ադրբեջանին նշանակալի չափով զենք մատակարարող երկրների ցանկում։ Ավելի վաղ՝ 2002-2015 թվականներին, Ադրբեջանը Բելառուսից ձեռք էր բերել 60 ԲՏՌ-70 զրահափոխադրիչ, 153 Տ-72 տանկ, 120 Դ-30 հաուբից, 12 2Ս7 Պիոն հրանոթ, 11 Սու-25 գրոհիչ եւ 20 Տ-38 Ստիլետ զենիթահրթիռային համալիր։ Իսկ 2013-2015 թթ. Բելառուսն Ադրբեջանին է մատակարարել 18 միավոր «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։ 2018-ին Բելառուսն Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին 2018 թ. հունիսին։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայում հրապարակված տեղեկությունների՝ Բելառուսը Ադրբեջանին 2018-2019 թթ. մատակարարել է 10 «Պոլոնեզ» համալիր։

Ամփոփելով արձանագրենք, որ չնայած Ադրբեջանի զինանոցը հիմնականում համալրվում է ռուսական, թուրքական եւ իսրայելական զենքերով, այդ երկիրը ոչ աննշան քանակի զենք է գնել նաեւ այլ երկրներից։ Ուկրաինան եւ Բելառուսը Ադրբեջանին են վաճառել մեծ քանակի խորհրդային կամ տեղական արտադրության զինատեսակներ։ Չնայած ԵԱՀԿ-ի կողմից սահմանված ոչ պարտադիր զենքի էմբարգոյի՝ մի քանի եվրոպական երկրներ եւս չեն հապաղում զինել Ադրբեջանին, հատկապես՝ Չեխիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Սերբիան։

 

 

ՊՆ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների եւ արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին: Զինհաշմանդամների, ինչպես նաեւ ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում: Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով: Աշխատանքները գնահատվում են՝ ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ եւ ամփոփիչ փուլ: Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երեւում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջեւ դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

 

 

ՆՈՐԻՑ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼ Է ԻՐԵՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս բաց չի թողնում որեւէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում: Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Ալիեւը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել հենց նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիեւը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը: «Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիեւը: Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաեւ այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

«- Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:

– Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:

– Այո, ինչո՞ւ ոչ…»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիեւը նշել է՝ այո:

 

 

 

 

ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Վարդան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ, 2020թ. մարտի 24-ին  պաշտոնեական դիրքն օգտագործելով, հիշյալ անտառպետության «Գոլլու» հանդամասից հաճարենի տեսակի մեկ  ծառից ունենալով միայն Նորաշեն  գյուղի բնակիչ Վալենտին Խաչատրյանի անվամբ լրացված թափուկ վառելափայտի դուրս գրման անտառատոմս՝ Արծվաբերդ  գյուղի  բնակիչներ  Ալբերտ Բաբասյանի եւ Հրանտ Ղեւոնդյանի միջոցով, իրեն պատկանող բենզասղոցով պատրաստել է 8 հատ ընդհանուր 3,39 խմ  ծավալով գերաններ եւ այն իր անձնական օգտագործման «ԳԱԶ-63» մակնիշի ավտոմեքենայով առանց թույլտվության տեղափոխել անտառային ֆոնդի տարածքից, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 271 հազար 200 դրամի գույքային վնաս։ Վ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Անտառային հողերում, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի  դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով»)։ Նրա  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մինչեւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Վ. Օհանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով , հայտարարել է, որ այդ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել  է պաշտպանի հետ, գիտակցում  է արագացված կարգով դատաքննություն  անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է  մեղադրանքի հետ։ Դատարանը որոշել է բավարարել  այդ միջնորդությունը։ Դատարանը Վ. Օհանյանի նկատմամբ պատիժ  նշանակելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել  այն, որ նա խոստովանել  է մեղքը, անկեղծորեն զղջացել  կատարածի համար, ամբողջությամբ հատուցել  է պետությանը պատճառված վնասը, բնութագրվում  է դրականորեն, խնամքին ունի անչափահաս մեկ երեխա։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը  վճռել է  Վ. Օհանյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ այդ հոդվածի սակցիայով նրան դապարտել  մեկ միլիոն  ՀՀ դրամի չափով տուգանքի՝ նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով  5 տարի ժամկետով։ Վ. Օհանյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան միջնորդություն է  ներկայացրել տուգանքը տարաժամկետելու վերաբերյալ։  Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ միջնորդության  վերաբերյալ  որոշում կայացնելու համար   դատական նիստեր են ընթանում։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս