Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը COVID-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։
ԵՄ-ի պատվիրակության գրասենյակի փոխանցմամբ՝ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է: Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը COVID-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել եւ համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետեւանքները:
Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում եւ աջակցում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաեւ COVID -19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական եւ սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է՝ ի լրումն ՔՀԿ-ների եւ եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին եւ տնտեսավարողներին օժանդակությանը:
«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների հակազդմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսեւորումն է, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք COVID-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը»,- նշել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում COVID -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի եւ իր քաղաքացիների կուռ նվիրվածության եւս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը եւ COVID -19-ի հետեւանքով առաջացած հրատապ հումանիտար եւ տնտեսական հետեւանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը եւ միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն. Գ. Անդրեա Վիկտորինը։
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ եւ նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաեւ արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին եւ հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին:
Ն. Հ.
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը եւ երկու լրագրողներ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների վրա։ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում արձանագրված սպանություններն ու պատճառված վնասները։ «Ադրբեջանական հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության խոսքով՝ հայերի նկատմամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ գերիների տեսանյութերն ու հայկական կողմի զոհերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ դառնալով ատելության խոսքի խորացման եւ խրախճանքի թեմա»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակն էթնիկ զտումն է Արցախում։ Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետեւանքները, որի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում եւ Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար եւ ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախ տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը:
ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Հայաստանում մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ: Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ՝ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերել, այլ նաեւ երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:
Ըստ նախարարի՝ հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է՝ նախորդ տարվա համեմատ: «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասել է Բաթոյանը: Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել:
1042 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1042 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107466 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 441174, վերջին մեկ օրում` 2358 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 40569 պացիենտ. մեկ օրում ավելացել է 288-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 64910 անձ, վերջին մեկ օրում՝ 731 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:
ՆՈՐ ԹԵՍՏԵՐ
Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը: «Ուզում եմ մի լուր հայտնել, որը, հավանաբար, կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման. դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը եւ, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, եւ մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, եւ մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ այժմ ՊՇՌ թեստերից աշխարհում անցում է կատարվում հակագենային թեստերի:
Ըստ նախարարի՝ այս պահին մոտ 1100 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում։ 73 պացիենտի միացված է արհեստական շնչառության ապարատ։ «Մեր խնդիրը ոչ թե սարքերի դեֆիցիտն է, այլ թթվածինը, որը համաշխարհային դեֆիցիտ ոնի։ Թթվածինը արտադրվում եւ սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել։ Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են սահմանի վրա։ Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հանկարծ որեւէ խափանում չլինի։ Փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամռանն արդեն ձեռք էինք բերել, բայց քանի որ իրավիճակն այնպես եղավ, որ անկախատեսելի մեծ թիվ գրանցվեց, մենք, իհարկե, աճ սպասում էինք, բայց ոչ քառակի, հնգակի»,- նշել է նախարարը։