Պուտինը շարունակում է ինտենսիվ կապ պահպանել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության ընդունումից հետո շարունակում է ինտենսիվ կապ պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդպիսի շփումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտության դեպքում այդ շփումները բավականին ինտենսիվ շարունակվում են նաեւ հիմա»,- ասել է նա` մեկնաբանելով այն հարցը, որ Կրեմլի մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին չի տեղեկացրել երեք առաջնորդների բոլոր հեռախոսային կապերի մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության նախապատրաստման ընթացքում:

Խոսելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերի մասին, որ Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի հետ, Պեսկովն ասել է, որ «[Կրեմլի] մամուլի ծառայությունը չի հայտնում Փաշինյանի եւ Ալիեւի հետ շատ զրույցների մասին»: «Համատեղ հայտարարության ստորագրման նախօրեին նախագահը երկար-երկար օրեր առցանց աշխատել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ»,- շեշտել է Պեսկովը:




Լրահոս