ԹԵ ՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է.  «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարեցինք հետեւյալը.

 

2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա եւ հատուկ տեխնիկա:

Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տեւողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկի անվտանգությունը երկու ուղղություններով:

Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ:

Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները»:

 

 

ԲԱԲԱՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

«Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը, եւ մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը»,- հայտնել է Արցախի անվտանգության քարտուղար Սամվել Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի եւ այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ ՀՀ եւ ԱՀ ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ եւ գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը եւ ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում, առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու, հանձնել մեզ։ Ի պատասխան եւ ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել: Նա կոչ է արել պահպանել հանդարտություն, համբերատարություն եւ շարունակել կանգնած մնալ Հայաստանի եւ Արցախի կողքին: «Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջեւ խոնարհումի ժամանակն է, եւ ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ: Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն եւ շարունակել կանգնած մնալ Հայաստանի եւ Արցախի կողքին: Որքան էլ բարդ է, խնդրում եմ չտրվել հույզերին եւ սթափ դատել: Այսօր առավել, քան երբեւէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին»,-ասված է ուղերձում:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության եւ կարեւորության հարց է, եւ, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել եւս՝ որեւէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաեւ ընդվզումը:

 

 

ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է. այս մասին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դանշության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեծ գոհունակությամբ ցանկանում եմ նշել նախանշված փոխզիջումը եւ արյունահեղությունը դադարեցնելու մասին ձեռքբերված պայմանավորվածությունները: Հուսով եմ՝ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների»,-ասել է նա:

 

 

ԵՄ-Ն ՎԵՐԼՈՒԾՈՒՄ Է

Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում  եւ վերլուծում է դրա հետեւանքները: Այս մասին  Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը  Լեռնային Ղարաբաղում: Մենք դրա կոչն էինք անում ռազմական գործողությունների սկզբից: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետեւանքները եւ առկա իրավիճակը տարածաշրջանում, ինչից հետո առանձին հայտարարություն կտարածենք»,- ասել է նա:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին: «Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

 

ԽՈՍՔ ՉԿԱ

«Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ մասին որեւէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, եւ դա եղել է առանձին համաձայնության առարկա: Դա Ղարաբաղ չէ»,-նշել է Պոսկովը:




Լրահոս