ՍԽԱԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե սխալ է հրադադարի եւ պատերազմը կանգնեցնելու մասին որոշումը, որը կայացվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Պետական դավաճան է նա, ով ստորագրել է այդ փաստաթուղթը՝ լինի Փաշինյանը, թե Քոչարյանը, ով ուզում է լինի»:

 

-Ի՞նչ իրավիճակ ունենք:

-Ամբողջ Մատաղիսը մեր ձեռքն է: Թուրքերը գնում գալիս են, բայց մենք վերահսկում ենք: Մատաղիսի վերեւները մենք նստած «Եղնիկներով»  վերահսկում ենք, խփում ենք: Մենք համաձայնագրին դեմ ենք, մենք մնալու ենք ստեղ մինչեւ վերջ:

-Համաձայնագրին դեմ եք եւ որեւէ քայլ այն կողմ չե՞ք անելու:

-Ի՞նչ քայլ անենք: Հիմա մենք կռվում ենք, պետությունը զինել է մեզ, գրանցվել ենք, կամավորներով կռվում ենք:

-Իսկ կա՞ր այլ տարբերակ: Դուք ո՞նց եք տեսնում այս ամենի ելքը:

-Մենք 30 տարի ասել ենք՝ երկիրը մի՛ թալանեք եւ այլն: Սա դրա արդյունքն է: Հիմա ժողովուրդը պետք  է հասկանա, որ ձեռքերը լվացած, տանը նստած՝ հազարներով զոհ են տվել, իրենք իրենց կաշվի վրա պետք է հասկանան, թե ինչ պետք է անեն, որ նորմալ պետություն ունենան:

-Ի՞նչ պետք է անի ժողովուրդը: Համաձայնագրին եթե դեմ եք, ապա ո՞րն է ելքը:

-Իշխանությունները, որ գալիս են իշխանության, նախագահները, վարչապետները, որ գալիս են երկիրը թալանում են, քանդում են, ժողովուրդը պետք է պայքարի, նորմալ իշխանություն բերի: Ձեռքերը  լվանում, նստում են տները:  Մտածում են՝ ով գա, նույնն է լինելու: Այդպես չէ: Ես մեկ ամիս է՝ դիրքերում եմ, մի մետր տղաները չեն նահանջել: Մեզ ամեն օր ռմբակոծում են, բայց մենք մի մետր հետ չենք նահանջել:

Իսկ համաձայնի մասին կասեմ, որ դավաճանություն է. ով ուզում է լինի՝ Փաշինյան, Քոչարյան, թե Լեւոն կլինի, դրանք բոլորը պետական դավաճաններ են: Նրանք հայ չեն:

Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ինքը հեռախոսազանգերի միջոցով է իմացել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների որոշման մասին: Նա հայտնեց, թե դեռ Արցախում է:

-Պարո՛ն Մելքոնյան, համաձայնագրից տեղյա՞կ եք:

-Ոչ, տեղյակ չեմ: Ուղղակի տղերքը զանգել, ասել են, որ համաձայնագիր է եղել, բայց չգիտեմ՝  ինչ է:

-Իսկ ի՞նչ են ասում համաձայնագրի մասին: Ի՞նչ են ներկայացրել, չկա՞ր այլ տարբերակ:

-Համաձայնագիր է եղել, կրակի դադարեցում, 7 շրջանների հետ վերադարձ: Այլ մանրամասն ինֆորմացիա չունեմ:

-Պարո՛ն Մելքոնյան, իսկ դա մեզ ձեռնտո՞ւ տարբերակ է:

-Ինձ ոչ մի բան էլ ձեռնտու չէ, ինձ ձեռնտու է, որ այդտեղ հավաքվածները գան, կանգնեն մեր կողքին, ամեն ինչ հետ վերցնենք:

-Այսինքն՝ Դուք առաջնագծում եք եւ համաձայնագրի կետերի մասին կոնկրետ ոչինչ չգիտեք: Միայն այնքանով, որ զանգել են Ձեզ ու տեղյակ պահել:

-Այո, զանգել են: Միայն այդչափ գիտեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են։

Փաշինյանն ընդգծել է, որ այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց հանցագործների ձերբակալությունները սկսված են։ Անցած գիշերվա ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մի խումբ քաղաքացիներ նախ իջեցրել էին ծառայողական մեքենայից, այնուհետեւ դաժան ծեծի ենթարկել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ Ա. Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է Աղաջանյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Միրզոյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է: «Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, ով արցունքն աչքերին է ընդունել կամ չի էլ ընդունել այդ որոշումը: Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այդ որոշումը, ու ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի ու իր երեխայի վրա, ինչ-որ ստահակ, որը վերջին տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել», – ասել է վարչապետը:

«Պետք է պատրաստվել վրեժի, կոռուպցիոն, օլիգարխ ստահակներին, էս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածներին, զինվորի զենքը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, ես ներողություն եմ խնդրում դրա համար եւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչ է կատարվում, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի», -ասել է Ն. Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ մտածում է առաջիկայում հանրահավաք կազմակերպելու մասին: «Հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները չեն հաջողելու. բացառված է։ Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին։ Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետեւից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետեւից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի», – ասել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

«Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որեւէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որեւէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը»,- ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղերձում: «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբեւէ, անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ:  ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաեւ, ըստ այս պահի տվյալների, հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ: Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարեւորագույն գործառույթներ են կատարում:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ, ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել՝ այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան: Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին: Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»,-ասված է ուղերձում:

 

 

ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

Հայաստանի երկնքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի պատահարի պատճառների մասին խոսակցությունը հնարավոր կլինի վարել միայն օպերատիվ հետաքննությունից հետո. այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ անհրաժեշտ է օպերատիվ հետաքննություն։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե դա ինչպես է տեղի ունեցել, եւ ինչն է եղել պատճառը»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, որ այս թեմայով ՌԴ ԱԳՆ ավելի վաղ կատարած հայտարարությունները այն բանի արձագանքն էին, որ ադրբեջանական կողմն ընդունել է տեղի ունեցածին իր մասնակցությունը։ «Մնացյալը հետաքննության հարցն է»,- նշել է դիվանագետը։

 




Լրահոս