ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային կառույցները՝ խորը թմբիրի մեջ. նախարարության նամակներն անարձագանք են մնացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշխարհի բնապահպանական խոշոր կազմակերպությունները բերանները ջուր են առել. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կողմից Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, ֆոսֆորային զենքի կիրառումից հետո միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են:

Դրանք անպատասխան են թողել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ իրենց ուղղված զեկույցը: Մինչդեռ Հայաստանն ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին, իսկ հետեւանքներն աղետալի ու երկարատեւ կարող են լինել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռեւս նոյեմբերի 2-ին զեկույց էր պատրաստել միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին եւ կոնվենցիաներին ուղարկելու համար: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ որ արձագանք, որեւէ պատասխան դեռ չեն ստացել:

Հիշեցնենք՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել էին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաեւ առաջացրել է մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:

Տեղեկացնենք, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները՝ այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլեւս չշարունակվի կիրառվել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս