ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղա երեխաներն ավելի շատ են ծնվել, քան աղջիկները. Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավելացել է ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա 9 ամիսներին ծնվել է 26 հազար 653 երեխա: Ընդ որում ծնվածների թիվն ավելացել է եւ 2018 եւ 2019 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ. օրինակ 2018 թվականի 9 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 26 հազար 555, 2019-ին՝ 26 հազար 445: Այսինքն մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 208-ով: Ի դեպ, տեղեկացնենք, որ տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. այս տարվա 9 ամիսներին ծնվել է 14 հազար 41 տղա եւ 12 հազար 612 աղջիկ: Այսինքն 1429-ով տղաներն աղջիկներից ավելի են:

Ընդ որում վերջին երեք տարիների ընթացքում պաշտոնական տվյալներով տղա երեխաների թիվը գերազանցել է աղջիկների թվին: Ըստ որոշ հետազոտությունների՝ Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է. աղջիկները քիչ են։ Մասնագետների կարծիքով, հիմնականում բնակչության սեռային հարաբերակցությունը հաստատուն է ու եթե ցուցանիշը մանիպուլացիայի չի ենթարկվում, ապա յուրաքանչյուր 100 աղջիկ երեխայի հաշվով 105-107 տղա երեխա է ծնվում։ Ի դեպ, մեր հանրապետությունում, մինչեւ ուլտրաձայնային սարքերի ի հայտ գալը, այս հարաբերակցությունը մոտ է եղել ընդունված նորմալ ցուցանիշին առաջին երկու երեխայի դեպքում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս