Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Կարևորն այն է, որ դադարեցված են մարտական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- ասել է Մուրադովը:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ասել է նաև, որ ինքն ազգությամբ տաբասարացի է եւ չի պատկանում հակամարտությանը մասնակիցների ազգությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորն այդքան հետաքրքրված են, ես ծնվել եմ Դաղստանի Հանրապետությունում, ես ազգությամբ տաբասարացի եմ, ազգությամբ ոչ մի կապ չունեմ հարեւան պետության հետ»,- ասել է Մուրադովը պաշտպանության նախարարության կողմից շաբաթ օրը տարածած տեսանյութում:
Տաբասարացիները Դաղստանի ամենահին բնիկ ժողովուրդներից են, որոնք ապրում են հանրապետության հարավ-արեւելքում: