Նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված հարցերը»- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Լավրովը Մնացականյանին տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմանի կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու կարևորությունը՝ ի շահ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրության թեթևացման և կրոնական ու մշակութային կառույցների պահպանման»,- հավելել են գերատեսչությունից: