Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է հերոս տղաներին. Էդուարդ Աղաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։

Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։

Ողջախոհություն բոլորիս»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»:




Լրահոս