Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Ցիրունյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը ՔՊ կուսակցության կամավորական ջոկատը զինվորական համազգեստով շարժվել է միանալու, թիկունք բաց ձեռքերով պաշտպանելու պետականությունը։ «Այս իրադարձությանը զուգահեռ կառավարական առանձնատունը պաշարված էր խաժամուժի կողմից, ջարդում էին գույքը, մեկ այլ վայրում հարձակվել էին ԱԺ նախագահի վրա, փորձելով սպանել։ Այս ընթացքում Երևանի X ռազմաուսումնական զորամասում, որտեղից մենք դուրս ենք եկել, որ շարժվենք առաջնագիծ 200 հոգով, ԲՀԿ ջոկատը կարծեմ գինովցած, մարտական զենքերը լիցքավորած, զորամասի տարածքում խժդժություններ է հրահրել, ջարդել զորամասի գույքը, ռազմական ոստիկանության և սպաների շնորհիվ հաջողվել է կանխել այս մարդկանց ելքը զորամասի տարածքից»։
ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի հետ` պարզելու համար, թե իրենց ջոկատը ինչ խժդժություններ է հրահրել: «Այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ԲՀԿ ջոկատը գտնվել է առաջնագծում, դրան վկայող փաստեր կան: Ես հասկանում եմ պարոն Ցիրունյանի հոգեվարքը՝ խմբակցության վրա հող հանձնողի դաջվածքը կա, ու իրենք պետք է անպայման մոնոպուլյատիվ քայլերով փորձեն թեման շեղել: Վարչապետի գրառման թեման՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու, ամեն ինչ արվում է շեղելու համար, բայց դա չի ստացվելու, կոչ եմ անում գործընկերոջս լինել սթափ, ապատեղեկատվություն չտարածել»:
Մանրիկյանը հայտարարեց, որ Ցիրունյանը թող մատնանշի, թե որտեղ էին իրենց քաղաքապետերը, մարզպետերը եղել պատերազմի օրերին, ինչ ջոկատներ են ղեկավարել եւ ոչ թե փորձեն ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա այն դեպքում, երբ իրենք արդեն խայտառակ պայմանագիր են ստորագրել ու հրաժարականների փոխարեն զբաղված են ապատեղեկատվություն տարածելով:
Սոնա Գրիգորյան