«Մենք միայն մի բան ենք ուզում, ո՛չ խուլիգաններ ենք, ո՛չ հանցագործներ, ընդամենը ուզում էինք, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գար եւ ասեր, որ չի կարողանում այս պատերազմը տանել, եւ հեռանար՝ տեղը զիջելով ուրիշի, ընդամենը դա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասան, արցախյան պատերազմի վիրավոր Էրիկ Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակի եւ հրադադարի հայտարարության շուրջ կատարվող իրադարձություններին։
«Նա պետք է ասեր՝ այսքանը կարողացա Ձեզ համար անել, ժողովո՛ւրդ, հիմա էլ ով կարող է պատասխանատվություն վերցնել, այս պատերազմը շարունակել եւ հաղթել, ոչ թե այսպես: Այսքան վիրավորներ, զոհվածի ընտանիքիներ կան, կարո՞ղ է իր համար կենդանիներ ենք։ Ո՞նց կարող էր հողերը հանձնել. եթե նա կարողանում է մի ստորագրությամբ հանձնի, թող ամսի 4-ին լուծեր այդ հարցը, ինչո՞ւ ձգեց, ինչո՞ւ այսքան զոհեր տվեցինք։ Թող ասեր՝ ժողովո՛ւրդ ջան, դուք եք ինձ ընտրել, դուք ասեք՝ ստորագրեմ, թե մարդ կա պատասխանատու, ով կարող է այս ամենը վերցնել իր վրա»,-նշում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ներքին եւ արտաքին դավաճանությանը՝ Էրիկ Օհանյանն ընդգծում է, որ նա իրեն իրավունք չի վերապահի դրա մասին խոսել, բայց եթե անգամ կան, անպայման պատժվելու են։
«Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել դավաճանության մասին, բայց այն, ինչ որ այսօր կատարվում է, երեւի դա եվրեների կամ ինչ-որ մեկի ծրագիրրն են կատարում, ուզում են հայաթափել, որպեսզի եվրեները գան այստեղ. չէ՞ որ սա աշխարհի կենտրոնն է։ Նոյն այստեղ է կանգ առել, կյանքն ու ջուրն այստեղ են։ Իսկ դավաճանողները բոլորն էլ բացահայտվելու են, դա հո թաքցնել չե՞ն կարող, բայց այս պահին չէր կարող ինքնագլուխ գործեր. չէ՞ որ նա միշտ ասում էր՝ ես Ձեզ հետ առանց զրուցելու ոչինչ չեմ ստորագրի, ընդամենը նա կարող էր կանգնել եւ ասել՝ ժողովո՛ւրդ ջան, պետք է հողերը հանձնեք, որ այլեւս զոհեր չտանք, քանի որ սնարյադի դեմ կռվել չենք կարող, կամ էլ այլ տարբերակ առաջարկեր, ասեր՝ 24 ժամում հավաքվեք հրապարակում. հայտարարություն ունեմ անելու»,-նշում է դերասանը։
Դերասանի խոսքով՝ մեզ ապրիլյան պատերազմը հերիք չէր, որ սգայինք, մի՞թե նա չգիտեր, թե մենք ում դեմ ենք դուրս եկել։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի սխալն այն էր, որ նա չի հանձնել իշխանությունն այն մարդուն, որը կարող էր կրել այս մեծ պատասխանատվությունը։
«Ռուս խաղաղապահները մտել են Արցախ, մեր դիրքապահներին ասել են՝ իջե՛ք դիրքերից, մեր տղաներն ասել են՝ չենք իջնում, իսկ դա ի՞նչ է նշանակում. ժողովուրդը պետք է ընտրի՝ տալիս են, թե չեն տալիս։ Ազնվությամբ եմ ասում, ես չեմ ուզում ինչ-որ մեկն իր վրա վերցնի այս ամենը եւ նոր հոկտեմբերի 27 անի»,-հավելում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, հավելենք, որ Էրիկ Օհանյանը առաջնագծում է եղել անմիջապես պատերազմի առաջին իսկ օրվանից, սակայն թշնամու հետ համառ մարտերի ընթացքում ստացել է բեկորային եւ հրազենային վիրավորում։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԱՇԽԱՐ ՀՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ԱԼԻԵՎԻՆ
«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը կոշտ է արձագանքում թշնամու գործողություններին՝ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնելով իրավիճակի մասին։
Թանկյանը Twitter-ի էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի՝ BBC-ին տված հարցազրույցին։ Միջազգային լրատվամիջոցի եթերում վերջինս սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:
«Սա Ալիեւի վերջն է, քանի որ ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, թե ինչպիսի կոռումպացված, պատերազմական հանցագործ է նա»,- գրել է Թանկյանը։
«ԲԱՐԴ Է ՆՎԱԳԵԼ, ԵՐԲ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎՈՒՄ». ՎԱԼԵՐԻ ՏՈԼՍՏՈՎ
Ֆլեյտահար Վալերի Տոլստովը պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվորեն ներկայացնում է իր դիրքորոշումը եւ պարբերաբար իր հոնորարները փոխանցում Արցախին։
Նոյեմբերի 21-ին Շվեյցարիայում տեղի կունենա Վալերիի կողմից ստեղծված «Authentic Light Orchestra»-ի համերգը։
«Մթությունը կախվել է, եւ բոլորը սառել են Շուշիից նորությունների սպասմամբ։ Բայց հույս կա, որ լուրերը բարի կլինեն։ Այնքան բարի, որքան կարող են լինել առաջնագծից։
Հակառակ այս դժոխքին՝ կփորձենք ինչ-որ բան անել, որը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Նոյեմբերի 21-ին Villa Strauli-ում (Switzerland) տեղի կունենա իմ «Authentic Light Orchestra» խմբի համերգը՝ ի աջակցություն Հայաստանի։ Շվեյցարական հանրության համար կկատարենք հայկական ժողովրդական երգերի մշակումները։ Բարդ է նվագել, երբ արյուն է թափվում, սակայն մենք այլ ելք չունենք, քան անել այն, ինչ կարող ենք»,- նշել է նա։
Ավելի վաղ Վալերի Տոլստովը արտահայտել է իր խորին անհանգստությունը Շուշիում այս օրերին տեղի ունեցողի առնչությամբ։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին 24-ամյա իտալացին հայտնել է սոցցանցերում: Պելեգրինին հայտնել է, որ ունի որոշ սիմպտոմներ, սակայն լավ է զգում իրեն: Նա ինքնամեկուսացվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի մոտ:
ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Ստիվեն Բերգվեյնը հեռացվել է ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականից, որը պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա խաղերին: Նման որոշում կայացվել է 23-ամյա ֆուտբոլիստի ֆիզիկական թեստի արդյունքների հիման վրա: Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է, որ խաղացողը պատրաստ չէ եւ անմիջապես պետք է վերադառնա ակումբ: Այս մրցաշրջանում Ստիվեն Բերգվեյնը 7 հանդիպում է անցկացրել «Տոտենհեմի» կազմում:
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Անգլիական «Լիվերպուլի» ու դանիական «Միտյուլանդի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպման անցկացումը վտանգված է: Պատճառը կորոնավիրուսային նոր հիվանդությունն է, որը մարդկանց փոխանցվում է ջրաքիսներից: Հիվանդությունը հայտնաբերվել է Դանիայում, որտեղ դեկտեմբերի 9-ին պետք է անցկացվի «Միտյուլանդ»-«Լիվերպուլ» հանդիպումը: Եթե անգլիական ակումբը մեկնի Դանիա, ապա հայրենիք վերադառնալիս ստիպված կլինի անցնել երկշաբաթյա կարանտին: Չեմպիոնների լիգայի երրորդ տուրից հետո «Լիվերպուլը» 9 միավորով D խմբի առաջատարն է:
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունն անորոշ ժամկետով դադարեցվել է: «Հարգելի՛ հայրենակիցներ, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան որոշում է կայացրել կանոնավոր առաջնության հանդիպումները այսօր՝ նոյեմբերի 10-ին առայժմ անժամկետ հետաձգել: Նոր փոփոխությունների դեպքում լրացուցիչ կծանուցենք: Շնորհակալություն»,- ասվում է Ա-Լիգայի մամուլի ծառայության հայտարարությունում: