ԽԱԲՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատությանհրապարակում ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

 

-Պարո՛ն Մինասյան, կոնկրետ պահանջ է դրվել իշխանափոխության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Նախ, եթե վարչապետը հրաժարական տա, ի՞նչ ելքեր կան Արցախի հարցում լուծում գտնելու համար:

-Առաջին ամենակարեւոր հնարավորությունը բացվում է նոր բանակցությունների համար, որովհետեւ այն փաստաթուղթը, որը դրված է, որը ենթադրում է տարածքների զիջում, ոչ միայն կապիտուլացիա է, այլ կարող է անդառնալի կորուստ լինել: Դրա համար կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը գիտակցի այս կարեւոր պահը, կամավոր գնա հրաժարականի: Դա հնարավորություն է տալիս նոր եկած իշխանությանը, ընդ որում, քանի որ մեծամասնությունը իրենք են, կարող են ընտրել մի մարդու, նաեւ  իրենց համար ընդունելի  մի մարդու, որը հնարավությունը կունենա բանակցությունների շրջափուլում բեկում մտցնելու: Առաջին կարեւոր խնդիրը սա է: Եվ այդ հնարավորությունը այսօր է, վաղը արդեն չի լինելու: Վաղը նորից փաստի առաջ ենք լինելու: Էսօր հայրենիքն է վտանգված, խաբված արյան պատասխանը պետք է տանք: Դա կարող է լինել մեկ բան. պետք է հասկական պահի լրջությունը, գան Հանրապետության հրապարակ, գան մեր քաղաքացիների հետ միասին իրականացնենք խաղաղ, անցնցում, անարյուն փոփոխությունը: Միեւնույնն է, եթե իրենք չեկան, պասիվ դիրքերում հայտնվեցին, լինելու են շատ ավելի վատ հետեւանքներ:

Այս պահին գերակայող է Սահմանադրության նորմը եւ հավաքների ազատության նորմը. ոստիկանությանն ու Ազգային անվտանգությանն արգելված է ժողովրդի ազատ հանրահավաքի իրավունքը սահմանափակել: Կարող են որոշակի սահմանափակումներ լինել, բայց արգելք չի կարելի:

Պարզից էլ պարզ է, որ հարյուր հազարավոր մեր քաղաքացիները, այն արցախցիները, որոնք դուրս են եկել տներից, նրանք պահանջի իրավունք ունեն: Մեր քաղաքացիները ՀՀ-ում ապրող ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ի՞նչ է խանգարում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը գնա այս քայլին: Ես հիմա դիմում եմ իրեն՝ որպես նախկին գործընկերոջ, խնդրում եմ, վե՛ր կանգնիր այդ աթոռից, դու, որ միշտ խոսում էիր՝ աթոռը չէ գլխավորը, հայրենիքն է կարեւորը, ժողովրդի կամքն է կարեւորը,  եկել է պահը, որ դու ապացուցես:

-Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ նաեւ իր հորդորով է Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթուղթը ստորագրել: Պե՞տք է պահանջել նաեւ նրանց հրաժարականը:

-Մեր բանակը, մեր գլխավոր շտաբը ամբողջ ծավալով ու գործունեությամբ իրականացրել  է պաշտպանությունը: Մենք չափազանց կարեւոր  ենք համարում մեր բանակի հերոսական պայքարը: Նաեւ փաստենք, որ քաղաքական իշխանությունը օրեր շարունակ հակասության մեջ է եղել գլխավոր շտաբի կամ ռազմական բլոկի հետ:  Շուշիի օրինակը դրա վառ ապացույցն էր, երբ տղաները օրեր շարունակ կռվում էին Շուշիում, բայց ղեկավարությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում խոսում էր Շուշին հանձնելու մասին: Բնական է՝ հյուծված բանակի պայմաններում գլխավոր շտաբը կարող էր նման առաջարկ անել, սակայն չի նշանակում, որ մենք էսօր կանգնած ենք անդառնալի իրողության առաջ: Հնարավոր է դեռեւս փրկել, բանակցությունները վերականգնել եւ անհնարինը դարձնել հնարավոր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՄՆ-Ն ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան. հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակը: Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, արձագանքել են Պուտին-Ալիեւ-Փաշինյան հայտարարությանը, որը վերաբերում է պատերազմի դադարեցմանը եւ հայկական ուժերի դուրսբերմանը մի քանի շրջաններից:

 

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ այն կայանա։ Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանները՝ նշելով, որ տեւական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը:

Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է. «Հակամարտության տեւական կարգավորման շուրջ կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետեւանքով տեղահանված մարդկանց եւ սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»: Ֆրանսիան ի գիտություն է ընդունել պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարությունը եւ ուսումնասիրում է դրա պայմաններն ու հետեւանքները, եւ, նախարարի խոսքով, ակնկալվում են պարզաբանումներ դրանց ազդեցությունը գնահատելու համար: «Մարտերի դադարեցումը կարեւոր է: Կողմերը մի քանի անգամ ստանձնել են այս պարտավորությունը վերջին շաբաթների ընթացքում, եւ մենք հավատարիմ ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները եւ անմիջապես վերջ կդնի իր հարձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը»,- ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տեւած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու եւ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը. ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում եւ ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող եւ հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն եւ չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջեւ Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաեւ, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:

 

 

ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորքերը հագեցած են զրահամեքենաներով եւ «Վագր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով: «Խաղաղապահները կիրականացնեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների առաջադրանքները: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, շարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- հայտարարել է նա: ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել  Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը: «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը»,- տեղեկացրել են ռազմական գերատեսչությունից:

 




Լրահոս