Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար եւ բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:
ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան: Եվ այս առումով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետեւանքով տեղահանված մարդկանց եւ սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այդ շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին: Այս հարցում անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերից. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձեւերից եւ, նախեւառաջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերից ու այլ փաստաթղթերից»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը տարածել է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը. (10.11.2020) «Այս գիշեր Հայաստանի, Ադրբեջանի եւ ռուսական իշխանությունների կողմից արվեցին հայտարարություններ Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ։ Մենք ծանոթացանք այդ հայտարարություններին եւ վերլուծում ենք դրանց մանրամասները եւ հետեւանքները։ Սպասվում են հստակեցումներ դրանց նշանակությունը գնահատելու համար։ Մարտերի դադարեցումը չափազանց կարեւոր է։ Դա վերջին շաբաթների ընթացքում հակամարտող կողմերի կողմից մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, սա առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակներում։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստիվ պահպանվեն, եւ որ նրա հարձակումներն անմիջապես դադարեցվեն։ Այս համատեքստում դիմում ենք Թուրքիային չձեռնարկել ոչինչ, ինչը կարող է հակասել մեր գերակա նպատակին։ Այս ծանր պահին Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ հաշվի առնելով մարդկային, մշակութային եւ պատմական առնչությունները, որ մեզ կապում են Հայաստանի հետ։ Այս օրհասական իրավիճակում մենք նրա կողքին ենք։ Մենք հատկապես հետեւողական կլինենք Հայաստանին այն մարդասիրական աջակցությունը տրամադրելու հարցում, որի կարիքը նա ունի։ Տեղում տիրող իրավիճակը՝ տեղահանված բնակչությամբ եւ քաղաքային վայրերում մարտերով պայմանավորված, հանգեցրեց հումանիտար լուրջ հետեւանքների։ Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով։ Ֆրանսիական իշխանությունները աջակցում են այս նախաձեռություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը Երեւան հասավ անցած շաբաթվա վերջին՝ ներառելով հակամարտությունից տուժածների բուժման ոլորտում մասնագիտացած վիրաբույժների թիմեր։ Առաջիկա օրերին ձեռնարկվելու են ուրիշ նախաձեռնություններ՝ Հայաստանին անհրաժեշտ օգնություն ապահովելու համար։
Ն.Հ.
ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաեւ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։
Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-ասել է Հայաստանի Հանրապետության ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Ըստ նրա` այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.
«Սա միանշանակ է եւ այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,- ասել է Օնիկ Գասպարյանը:
Այն հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ինչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանել է. «Այո, այո, շատ վատ հետեւանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարեւորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է եւ հասարակական համերաշխությունը: Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: Հակասահմանադրական որեւէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսեւորվի: «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնագիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ ԱՀ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, եւ պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը»:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման եւ առաքելության ձեւավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման եւ իրականացման հարցեր:
ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչ են ձեռնարկվել՝ այդ համաձայնագրերի ձեռքբերման շահերից ելնելով»,- ասել է նա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ոչ ոք չի չեղարկել: Ըստ այդմ, այս ձեւաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Դրան զուգահեռ շարունակվում է երկխոսությունը դեսպանատների մասով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները»,- շեշտել է Ս. Ռյաբկովը:
ԼԻԱԿԱՏԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար եւ բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:
ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացման գործին: Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը: «Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին Հայաստանում, թե Սփյուռքում, բոլոր-բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր»,-նշել է Հակոբ Արշակյանը: