ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական ու հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցները եւ ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրած անձինք ձերբակալվել են. այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել եւ իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ:
ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:
Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երեւան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաեւ նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների եւ վարչապետի նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ հայտնաբերվել եւ ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք: Ընդ որում, հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը եւ դրսեւորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:
Հավելենք, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել են դեպքի վայրերի զննություններ, անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել եւ վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերը, առգրավվել են դեպքի վայր հանդիսացող տարածքների տեսախցիկների տեսագրությունները, նույնացվել դրանցում առկա անձինք, իրականացվել են այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում նաեւ՝ կազմակերպիչների ինքնությունը պարզելու եւ նրանց օրենքի առջեւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Միաժամանակ ակնկալվում է նաեւ այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու վերը հիշատակված դեպքերի, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երեւացող անձանց ինքնությունների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:
ԻՐԱՆՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԳՈՐԾԻ
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված համաձայնությունը համապատասխանում է Իրանի նախաձեռնությանը. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքով՝ Թեհրանի առաջարկները մեծամասամբ նպաստել են հրադադարի ռեժիմի հաստատմանը: «Բարեբախտաբար, սկզբունքներն ու շրջանակները, որոնք մենք սահմանել էինք հրադադարի ռեժիմի եւ բանակցությունների սկզբի համար, հավանություն են ստացել, եւ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնությունը, որը, ի վերջո, ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկու օր առաջ, փաստացի Իրանի կողմից առաջադրված սկզբունքների եւ առաջարկների շրջանակում է եղել»,-ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որը ծավալվել է Իրանի հյուսիսային սահմանների մոտ, մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել: Հակամարտությունը մտահոգության առիթ էր տվել: Որոշ դեպքերում այն վնաս էր հասցնում մեր սահմաններին: Կային նաեւ այլ մտավախություններ, որոնք անհրաժեշտ էին դարձնում դրա շուտափույթ դադարեցումը»,-նշել է նա: Պաշտոնյան նշել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի Բաքվի եւ Երեւանի հետ: «Պատերազմը, որը ծավալվել է մեր երկու հարեւանների միջեւ, որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, անկասկած, ցավալի իրադարձություն էր: Անհրաժեշտություն կար, որպեսզի Իրանն իր դերն ունենա այդ հակամարտության դադարեցման կամ թուլացման գործում»,-պարզաբանել է նա:
«Մենք առաջարկներ ենք արել բոլոր կողմերի հետ խորհրդակցություններից հետո, ապա ինձ հանձնարարվել է ներկայացնել այդ առաջարկն ու փորձել կոնսենսուսի հասնել տարածաշրջան իմ այցի ժամանակ: Մենք նաեւ ձգտել ենք այդ երկրներին հայտնել մտավախությունների մասին, որն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը»,-ասել է Արաղչին:
Նա զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի հյուսիսարեւմտյան սահմանների մոտ: Նրա խոսքով՝ Իրանն անկախ կգործի, եթե այդ սպառնալիքը պահպանվի: Վկայակոչելով ղարաբաղյան հակամարտության մեջ իսրայելական ռեժիմի կասկածելի դերը՝ Արաղչին ասել է, որ Իրանը երկու կողմերին զգուշացրել է տարածաշրջանում հարատեւ ճգնաժամ եւ լարվածություն ստեղծելու Իսրայելի ջանքերի մասին: Նա հավելել է, որ Իրանն ընդհանրապես չի հանդուրժի իր սահմանների մոտ թաքֆիրի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը:
Նա նշել է, որ կողմերն Իրանին վստահեցրել են, որ ահաբեկիչների ներկայությունը մշտական չի լինի: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանն այդ խմբավորումների դեմ ինքնուրույն կգործի:
ՇՈՒՇԻԻ ԱՆԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ Է ԳՐԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մշտապես ակտիվ էր համացանցում, հաճախակի ուղիղ եթեր էր մտնում, նաեւ պատասխանում մարզի բնակիչների տարբեր հարցերին։ Արցախում ընթացող պատերազմի ժամանակ Հայկ Չոբանյանի այդ գրառումները, ֆեյսբուքյան ակտիվությունը նվազեցին։ Արցախի շատ տարածքներ, Շուշին գրավված էին ադրբեջանական զինուժի կողմից, իսկ մի քանի օր առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը գրել է մեր հաղթանակի մասին։ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 21:17 րոպեին, նա Ֆեյսբուքի իր էջում կոչ է գրել. «Հարգելի՛ հայրենակիցներ, կարեւոր է պահպանել սառը դատողությունն ու չտարածել խուճապ, որը միայն վնասում է զինվորին, բանակին եւ բոլորիս: Ուժեղ թիկունք լինենք առաջնագծում կանգնած մեր հերոսներին` հավատալով եւ զորավիգ լինելով յուրաքանչյուրին եւ բոլորին: Մեր անվերապահ վստահությունն ենք հայտնում Զինված ուժերին հաղթանակի կերտման ամբողջ ճանապարհին»:
ՀԱՄԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հայտնի չէ: Մարզի առողջապահական բնագավառի մասնագետները հայտնում են, որ կորոնավիրուսի վարակվածների թվի աճին նպաստեց երկու հանգամանք՝ առաջինը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի կապակցությամբ զորահավաքային միջոցառումների ժամանակ զորակոչվածները չէին պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, երկրորդ պատճառը մարզի հանրակրթական դպրոցներում պարապմունքների վերսկսելն էր, որի ժամանակ դպրոցականները վարակվելով իրենք առողջապես թեթեւ էին տանում վարակվածությունը, սակայն այդ ընթացքում վարակում էի իրենց տնեցի չափահասներին։ Կորոնավիրուսի բաժանմունքներ են գործում Իջեւանի եւ Դիլիջանի բժշկական կենտրոններում։ Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը 2020թ. օգոստոսի 1-ից չէր գործում, շենքն ամբողջությամբ ախտահանվել էր, գործում էր նախկին բնականոն ձեւով, սակայն կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի պատճառով Covid-19 բաժանմունքը վերաբացվեց։ Կորոնավիրուսի վարակվածությունը ստուգելու համար վերցված թեստերը ստուգվում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մասնաճյուղում, Իջեւան քաղաքում, ուր օրական մոտ 250 կորոնավիրուսի թեստի արդյունքներն են պարզվում։ Տավուշի մարզի համեմատաբար մեծ քաղաքներում՝ Դիլիջանում եւ Իջեւանում, աստիճանաբար նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում։ Վերջերս համավարակի ակտիվացում, վարակվածների թվի աճ է եղել Նոյեբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ