ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին եւ արտաքին գնահատման չափանիշների եւ իրականացման կարգը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջեւ կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձեւավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել արդյունավետ համակարգ, կբարելավվի նախադպրոցական կրթության որակն ու արդյունավետությունը, այն կնպաստի ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությունը:

 

Բացի այդ, նախագծով նախատեսվում է կրթական ծառայությունների որակի եւ արդյունավետության համեմատական գնահատում, նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների եւ դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների եւ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության, ինչպես նաեւ հաստատության զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման գնահատում։ Ներքին եւ արտաքին գնահատման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաեւ հասարակությանը։ Կապահովվի նաեւ շահառուների` սաների եւ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը: Համաձայն նախագծի՝ ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձեւից եւ ենթակայությունից, իսկ արտաքին գնահատումը կատարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա:

Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության ընտրած գնահատողը: Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա՝ գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի: Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը:

Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա՝ նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Ներքին եւ արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սահմանված չափանիշները, ինչպես նաեւ գնահատման միավորները: Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ, ըստ ոլորտի վերլուծության դինամիկայի, նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է:

Մասնավորապես, զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձեւեր եւ մոդելներ՝ ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական հաստատությունների բազայի հիման վրա: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախադպրոցական ծրագրեր իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության եւ գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ եւ կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։

 

 

1861 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 687 դեպք, որոնցից 68 336 -ը` առողջացած:  Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40 157 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4226 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 448 450 թեստավորում:

Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1861 նոր դեպք եւ 1501 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1636 (ավելացել է եւս 27-ով) դեպք: Արձանագրվել է նաեւ մահվան 7 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է: Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Ռուսաստանն առեւտրային ներկայացուցչություն է բացում Սիրիայում. այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում. հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «2020 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ Դամասկոսում, բացել ՌԴ առեւտրային ներկայացուցչություն»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը հանձնարարվել է հաստատել առեւտրային ներկայացուցչության կառուցվածքն ու կազմը:

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ԶԱՆՀԱԳԱՐԵԼ

Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների եւ այլ անձանց տվյալները ճշտելու համար զանգահարել 8135, 012288980 հեռախոսահամարներով. այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

 

 

 

ԵՄ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գերմանական Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը Լեռնային Ղարաբաղի հայության ներկա ծանր իրավիճակը նաեւ Եվրոպական միության քաղաքականության հետեւանք է համարում: Շթայնիգերն իր հոդվածում այս հանգամանքը պայմանավորել է նրանով, որ ԵՄ-ն աջակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` շարունակելով զենք վաճառել նրան, որն էլ օգտագործվեց Ադրբեջանի կողմից: «Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաեւ Եվրոպական Միության քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան»,- գրել է գերմանացի մեկնաբանը:

Նա նշել է, որ Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիեւի կողմից: Փիթըր Շթայնիգերը հավելել է, որ այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոփոխված աշխարհագրությամբ: «Բաքուն ստանում է տորթի մի մեծ կտոր: Ալիեւը համարձակվեց հարվածել փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում: Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թեւում ներքաշվելու պատերազմի մեջ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակի քարտ-բլանշ տրվել»,- նշել է Շթայնիգերը: Գերմանացի խմբագրի խոսքով` Ադրբեջանի եւ Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված էր: «Հաղթանակի տրիումֆն ամրապնդում է Ալիեւի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում»,- գրել է Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբանը:

 

 

ՄԻՊ-Ն ԱՅՑԵԼԵԼ Է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն Եւ Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված անձանց բերման ենթարկելու եւ հրավիրելու դեպքերի հետ։ Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նշվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից մի քանի տասնյակ անձ է բերվել ոստիկանություն:  ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը՝ նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

 

 

 




Լրահոս