«ԾԱՆՐ ԳԻՇԵՐ ԷՐ, ԱՆԸՆԴՀԱՏ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ԳՆՈՒՄ ԷԻՆ». ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ ծանր գիշեր էր, անընդհատ արցունքներս գնում էին, սիրտս պայթում էր, լալիս։ Ցավում եմ, որ Արցախս, այդ ծառերն ու այգիները, այդ խաչքարերն ու վանքները, եկեղեցիները պետք է մնան այդ գազաններին, իսկ մեր հետեւից պետք է ծիծաղեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Էմմա Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին։

 

«Այնպես չէ, որ մենք պարտությունը չենք ընդունում։ Ցանկացած մարդ պետք է կարողանա իր պարտությունն արժանապատվորեն ընդունել։ Հասկանում եմ, որ սխալներ են եղել, աջ ու ձախ դավաճանություններ են եղել, ե՛ւ, ե՛ւ ե՛ւ… Չենք կարող հստակ, մինչեւ վերջ իմանալ իրական ճշմարտությունը։ Աշխարհը լռեց, չարձագանքեց մեր կոչերին, աղոթքներին, աղերսներին, չնայած որ պատերազմի առաջին իսկ օրվանից ես անվերջ Ռուսաստան բառն էի կրկնում եւ հավատում էի, որ օգնելու են: Գիտեմ, որ օգնել են, չեմ կարող ուրանալ, գիտեմ այնքան, ինչքանով որ գիտեմ, գուցե քիչ գիտեմ, գուցե իրավացի չեմ, գուցե միայն իմ երեւակայությունն է, իմ սխալ հաշվարկները, բայց…»,-ծանր հոգոցով նշում է երգչուհին եւ հավելում, որ նա երաժիշտ է, ապրում է հոգու եւ սրտի թրթիռով, իսկ այսօր նրա սիրտն անզգայնացել է։

«Ես մի երաժիշտ եմ, ով ապրում է հոգու թռիչքով, եւ երբ հասնում եմ կորուստներին, սիրտս ցավում է, մղկտում է, արդեն այն չեմ էլ զգում, այսքան կորուստ, եւ սրանից հետո ինչպե՞ս ենք ապրելու։ Մի քսան օր առաջ ասում էի՝ որտեղի՞ց մեզ այսքան ուժ, որ մենք ապրում ենք, եւ հավատում էի, որ հաղթելու ենք։ Այսօր ասում եմ՝ մեզ որտեղի՞ց այսքան ուժ, որ այլեւս վաղվանից պետք է գրկենք զոհված հերոսների մայրերին, փորձենք գտնել բառեր հուսահատության եւ փարատանքի»,-ընդգծում է Էմմա Պետրոսյանը։

Երգչուհու խոսքով՝ այս ամենի մեղավորները եւ պատասխանատուները բոլորն են անխտիր՝ սկսած ժողովրդից մինչեւ ամենաբարձր պաշտոնյան։

«Եթե սխալվել ենք, ապա դա բոլորիս մեղքն է, ամեն մեկս ունենք մեր մեղքի բաժինն այս ցավոտ կորստի մեջ։ Կարծում եմ, որ հիմա իրավունք չունենք լռելու եւ ասելու, որ սա մեր ճակատագիրն է, ես այդ միտքը չեմ ընդունում։ Նորից պետք է շարունակենք պայքարել եւ մեր ամեն մի լուման ներդնենք բանակի հզորացման մեջ այլեւս կորսված հայրենիքը հետ վերադարձնելու հույսով, քանի որ այսօր մենք հասկացանք, որ ուժեղին են հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում, ցավոք, այդպես է։ Երբ պատմությունն ենք թերթում, տեսնում ենք, թե ինչքան հզոր հերոսներ ենք ունեցել,  եւ  միշտ նրանց կողքին եղել է  էմոցիան եւ դավաճանությունը։ Այս իրողությունն ինձ ահավոր ցավ է պատճառում, եւ այսքան դասերից հետո, եթե նորից պետք է սխալներ թույլ տանք, ուրեմն, չգիտեմ…Ախր, մի բուռ ազգ ենք, չի կարելի այսքան իրար ատել, վիրավորել. եթե մենք իրար չսրենք, չենք կարող հզոր բանակ ունենալ»,-մեզ հետ զրույցը եզրափակում է ՀՀ վաստակավոր արտիստուհին։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՀԱՅԵՐԻՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԱՎԹԵԼ ԵՆ Ե՛Վ ՀՈՂԵՐ, Ե՛Վ ԿՅԱՆՔ, ԲԱՅՑ…». ՍԱԹԻ ՍՊԻՎԱԿՈՎԱ

Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, հոր ծննդյան օրը հրապարակել է հանգուցյալ ծնողների լուսանկարը։

«Հայրի՛կ, դու այսօր 87 տարեկան կդառնայիր։ Ժամանակակից չափանիշներով՝ կարող էիր մեր կողքին լինել, ողջ, առողջ ու լիովին գործունակ… Եվ հավանաբար կպատասխանեիր ամենին, ինչ վերջին մեկուկես ամսվա ընթացքում պայթեցնում է ուղեղս ու կտոր-կտոր անում սիրտս, որովհետեւ դու փիլիսոփայի իմաստություն եւ քրիստոնյայի խոնարհություն ունեիր… Այսօր ես արթնացա, նայեցի ձեր դիմանկարին եւ հանկարծ ֆիզիկական ուրախություն զգացի, որ դու ու մայրիկը չապրեցիք մինչ 2020թ.-ի աշուն։

Հայերից արդեն իսկ զավթել են ե՛ւ հողեր, ե՛ւ կյանք, բայց մեզ արժանապատվությունից զրկեցին առաջին անգամ… Դու միշտ ինձ սովորեցրել ես օդը չթնդացնել բառերով՝ խոսելով ամենաիմաստունների լեզվով. հիմարը խոսում է, իմաստունն անում է, չիմացողը խոսում է, իմացողը լռություն է պահպանում… Ես չեմ միանա տարաձայն բազմությանը, որը վերջին երկու օրերին երգում է «ով է մեղավոր եւ ինչ անել» հռետորական երգը… Ես ուզում եմ հերթով գրկել յուրաքանչուր մոր, որը կորցրել է որդուն, յուրաքանչյուր այրիացած կնոջ, յուրաքանչյուր որբացած փոքրիկի… Միակ մարդը, ումով ես այսօր հպարտանում եմ, հայ  զինվորն է… Դու նաեւ հաճախ էիր հիշում խոսքերն Ավետարանից. Աստված կպատժի արյան համար… Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ…»։

«Դժոխք». Շերն արձագանքել է ցավոտ համաձայնագրի ստորագրմանը

Ծագումով հայ երգչուհի եւ դերասանուհի Շերն (Շերելին Սարգսյան) արձագանքել է այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մասնավորապես, աստղը հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավոտ զիջումների մասին։

«Դժոխք է Ձեզ սպասվում, ադրբեջանցի մարդասպաննե՛ր։ Դուք չեք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ դարձնելուց։ Դուք նավթ ունեք, Թրամփ եւ Էրդողան։ Մեր զոհերը՝ Թրամփի թույլտվությամբ։ Քրդերը կոչնչացվեն, որովհետեւ նա եւ Էրդողանը սիրտ չունեն», – գրել է փոփ երգչուհին։

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ ունեցած հարաբերությունների մասին: «Մեսին ինձ ցույց է տվել, որ հաղթող մարզիկ է: Նա ցանկանում է պայքարել եւ հաղթել՝ հաղթանակներ պարգեւելով նաեւ իր թիմին: Երկար զրույց եմ ունեցել Մեսիի հետ, քննարկել ենք ամեն ինչ: Կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,-ասել է Կուման: Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:

 

 

 

2 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նոր՝ 2 տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Սերխիո Ռամոսին: Կողմերը մոտ են համաձայնության գալուն: Սպասվում է, որ իսպանացի պաշտպանը նոր պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ մինչեւ նոյեմբերի վերջ: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Արքայական ակումբը պատրաստ է միայն 1 տարով երկարաձգել Ռամոսի պայմանագիրը, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 2 տարվա պայմանագիր: Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:

 

 

ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ԴԱԴԱՐ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով պայմանավորվա՝ երկշաբաթյա դադար է հայտարարված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» նախատեսում է ստուգողական հանդիպում անցկացնել: Նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական մարզաբազայում կմրցի «Սեւանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։  Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է 11 միավորով:

 

 

ՊԵՊԵՆ ԴԺԳՈՀ Է

«Արսենալի» եւ Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլյա Պեպեն դժգոհ է լոնդոնյան ակումբում իր ստացած խաղաժամանակից: «Ես բավարար խաղաժամանակ չեմ ստանում եւ չեմ կարողանում ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ խաղադաշտում: Իմ գլխավոր նպատակը Միկել Արտետայի վստահությունը ձեռք բերելն ու ավելի շատ խաղաժամանակ ստանալն է»,- ասել է Պեպեն: Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլյա Պեպեն «Արսենալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

 

 




Լրահոս