Ռուսական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի եւ ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսեց նաեւ Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, եւ այն մարդկանց, որ այնտեղ ապրել են եւ պետք է վերադառնան: Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկա: Իսկ դրան զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն էլ երեկ խոսեց Մինսկի խմբի ֆորմատի պահպանման մասին եւ այդ շրջանակներում հետագա քայլերը կատարելու, ընդ որում՝ այս հարցը կարեւորել են նաեւ համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարեւորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ հենց այս ձեւաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի եւ արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը», – ասված է հայտարարության մեջ: Այսինքն՝ սա ամենեւին էլ Ղարաբաղյան հարցի կարգավորում չէր, սա, ըստ էության, սկիզբն էր, եւ առաջիկայում հարցը պետք է կարգավորվի արդեն բանակցությունների միջոցով:
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել: Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձեւավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեեւ քաղաքապետը Երեւանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել: Դեռեւս օրակարգում որեւէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որեւէ ձեւով չեն կարողացել որեւէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար: Նշենք, որ երեկ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել ու հայտարարել. «Արցախի հյուսիսարեւելյան սահմանին ենք։ «Երեւան» ջոկատը եւ «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ստեղծել է 16 հոգուց բաղկացած քննիչների խումբ, որը պետք է քննի քրեական գործերը, որոնք կապված են 17 կուսակցությունների ձերբակալված անդամների հետ: Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Եվ, ահա, քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արմեն Ասատրյանը, որը, մեր տեղեկություններով, հայտնի է պաշտոնատար անձանց դեմ քննվող քրեական գործերով: Այսպիսի աղմկահարույց գործերը հենց նրան են մշտապես վստահում:
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Հայաստանն ու Արցախը իրար կապվելու են միայն Լաչինի միջանցքով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին նշեց. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության մարմինները»։ Վերջին իրադարձությունների ֆոնին հանրության մի շրջանակ արդեն քննարկում է Երեւան-Ստեփանակերտ օդային հաղորդակցության հնարավորության մասին: Արդյոք դա իրատեսակա՞ն է: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը նախ զրուցեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի, ապա քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանի հետ: Արտյոմ Մովսեսյանը, անդրադառնալով այս հարցին, կարճ պատասխան տվեց. «Ավիացիոն տեսանկյունից միանշանակ հնարավոր է»: Թե ինչ հետեւանքներ կունենա, մասնագետն ասաց, որ չի կարող ասել, որովհետեւ դա արդեն քաղաքականություն է, որին չի տիրապետում: Իսկ, ահա, քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանն նշեց. «Տեխնիկապես դա հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է կամք: Հնարավոր է, իհարկե: Կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր է: Ուղղակի պետք է քաղաքական կամք, որեւիցե պրոբլեմ չկա: Տեխնիկապես ես կրկնում եմ՝ հնարավոր է, իրականում՝ երեւի ոչ, որովհետեւ շատ-շատ պրոբլեմների առջեւ ենք քաղաքական եւ ուրիշ՝ կազմակերպչական, որոնք խանգարում են: Եթե ուզենան երկու-երեք շաբաթվա ընթացքում դա կազմակերպել»: