ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս հայտարարում է, որ իշխանությունը պետք է անցնցում հեռանա: Իշխանության ներկայացուցիչներն էլ հայտնվել են եւ ասում են, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից կարելի է ենթադրել, որ իրենք իշխանությունը չեն թողնելու: Ո՞րն է լինելու հետագա քայլը: Ինչպե՞ս պետք է ելք գտնել:
-Մենք առաջին անգամը չէ, որ հայտարարել ենք հրաժարականի մասին: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ասել ենք, որ դա գործընթաց է, որը պետք է տեղի ունենա ռազմական դրությունը չեղարկելուց հետ: Ռազմական դրության չեղարկման մասին խոսել ենք գլխավոր շտաբի պետի հետ: Նա մեզ փոխանցել է տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են պահպանել առնվազն 7 օր ռազմական դրությունը պահանջելու համար: Մենք պայմանավորվել ենք, որ հարգում ենք եւ հավատում ենք երկրի գլխավոր զինվորականի խոսքին: Խոստացել ենք, որ պրոցեսը կսկսենք 7 օր հետո: Այսօր, քանի որ վարչապետը ուղերձ հղեց եւ հայտարարեց, որ, ըստ էության, չի ցանկանում հեռանալ իշխանությունից, մենք պարզապես եւս մեկ անգամ մեր հայտարարություներով փորձում ենք թե՛ վարչապետին, թե՛ հանրությանը հասցնել այն, որ թուրքերին պարտված եւ կապիտուլիացիայի ակտ ստորագրած երկրի ղեկավարը չի կարող դառնալ զարգացման խթան: Նա պետք է հեռանա: Ինչ վերաբերում է իշխող խմբակցությանը, այս օրերի ընթացքում մենք տեսանք որ այդպիսի խմբակցություն ուղղակի գոյություն չունի: Մարդիկ, որոնք 2,5 տարի աշխատավարձ են ստացել, 2,5 պարգեւավճար են ստացել, 2,5 փակել են մեր բոլորի բերանները՝ ասելով, որ դուք իրավունք չունեք խոսելու ժողովրդի անունից, այսինքն՝ մարդիկ, որոնք 2,5 տարի վայելել են պատգամավորական աթոռը, այսօր հրաժարվել են երկրի համար ստանձնել պատասխանատվություն եւ ցուցաբերել վախկոտություն: Ես, ըստ էության, որեւէ սպասելիք իշխող կուսակցությունից չեմ ունեցել, բայց գոնե այս պահին իրենք պարտավոր էին, հաշվի առնելով, իրենց բոլոր ելույթները ժողովրդի անունից խոսելու, իրենք պարտավոր էին ներկայանալ: Իրենք չեն ներկայացել, գոյություն չունեն, իսկ հանրության վստահությունն այլեւս չունեն:
-Կա՞ անելիք Ձեր խմբակցության կողմից, որ պլանավորում եք իրականացնել, եթե արդեն ակնհայտ է, որ իշխանությունները չեն ուզում հրաժարական ներկայացնել: Այս հարցի ելքն ինչպե՞ս եք տեսնում:
-Բնականաբար, մենք հասկանում ենք, որ, մի կողմից, իշխանությունն ու ՀՀ վարչապետը չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, բայց, մյուս կողմից, նաեւ հասկանում ենք, որ ցնցումներով, բախումներով եւ այնպիսի գործողություններով, որոնք երկիրը վերջնականապես կդնեն պետության, պետականության գոյության առջեւ, դա մեզ համար անընդունելի տարբերակ է: Մենք տեսնում ենք սահմանադրական ճանապարհներ եւ ակնկալում ենք, որ այդ անցումն իշխանության կողմից լինի արժանապատիվ: Այլեւս որեւէ ուղերձ, խոսք, հայտարարություն, որ հնչում է այս իշխանության բերանից, դրան հավատալ ու վստահել պետք չէ: Որովհետեւ մենք խավբած ենք եղել 2,5 տարի, մենք խաբված ենք եղել ամբողջ պատերազմի ընթացքում եւ մենք չպետք է շարունակենք մնալ խաբված:
-Արդյոք դուք պատրաստվո՞ւմ եք առաջիկայում հանրահավաքներ անել, որովհետեւ 14 կուսակցություններ հայտարարեցին հանրահավաքների մասին, եւ կուսակցության լիդերներից մի քանի հոգի արդեն ձերբակալվել են:
-Մենք այս պահին նման որոշումներ չունենք: Երկրում ռազմական դրություն է, եւ մենք հարգել ենք երկրի գլխավոր զինվորականի խոսքն ու մնում ենք օրենքի շրջանակներում, որպեսզի չլինեն այնպիսի ցնցումներ, որը կարող է բերել քաղաքացիական պատերազմի: Բախումները այս տեմպերով շարունակելու դեպքում եւ իշխանության հրաժարականը չներկայացնելու դեպքում կարող են լինել շատ ուժգին: Մենք գիտենք, որ բավականին շատ զինված մարդիկ կան բոլոր կողմերից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության: Սա շատ վտանգավոր է մեր բոլորի համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՇԱՀԵՆ, ԵԹԵ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Ս. Լավրովը նման կարծիք հայտնել է երեկ կայացած ասուլիսի ընթացքում:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային եւ առեւտրական կապերից զրկվելու հետեւանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը երեկ առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի, եւ այն կիրականացվի»,- հայտնել է Ս. Լավրովը: ԱԳ նախարարը հավելել է, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը եւ դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:
Լավրովի խոսքով՝ որեւէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: Նա հայտնել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով: Լավրովի խոսքով՝ չկա նախանշան այն բանի, որ որեւէ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:
ՌՈՏԱՑԻԱՆ՝ 2 ԱՆԳԱՄ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիան կատարվելու է տարեկան առնվազն երկու անգամ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում։ «ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ խաղաղապահ զորակազմի փոխարինումը կատարել տարեկան առնվազն երկու անգամ, ռազմական տեխնիկայի փոխարինումը՝ ըստ ռեսուրսի արտադրողականության աստիճանի եւ տեխնիկական անհրաժեշտության»,- նշված է փաստաթղթում։ Նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին» հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից՝ նոյեմբերի 10-ից։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների խմբավորումը կազմում է 1960 հրաձիգ, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմեքենա եւ այլ տեխնիկա։
Թուրքիան սահուն ռեժիմում շարունակում է ՌԴ-ից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերի ստուգումն ու մարտական հերթապահության նախապատրաստումը. հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչպես եւ նախատեսված էր, մենք շարունակում ենք Ս-400 համակարգերի ստուգումն ու նախապատրաստումը (մարտական հերթապահությանը)»,- Աքարի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նա հավելել է, որ «Թուրքիան Ս-400-ներն օգտագործելու է ճիշտ այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ օգտագործում են իրենց ունեցած Ս-300-ները»։ Ռուսական Ս-400 նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ էին առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսից։ Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել եւ փոխարենը ձեռք բերել ամերիկլյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ըստ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք)։ Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ եւ շարունակել էր Ս-400-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները։
ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին: Պուտինը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հանձնարարել է տարեկան առնվազն երկու անգամ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների հերթափոխ անել։