ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՐՔ ՉԻ ՏԱԼՈՒ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած երրորդ օրը ընդդիմադիր դաշտից հնչող կոչերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Երեկ նա ուղերձով դիմեց ժողովրդին, ասաց՝ այս պահին իրենց առաջնահերթությունը երկրում կայունության վերականգնումն է, ժողովրդին կոչ արեց համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է, ինչպես ձեւակերպեց, երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը կրել։

 

«Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն: Կոչ եմ անում չտրվել սադրանքների եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար: Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ եւ ոչ թե բանակի զարգացման գործին», – նշեց վարչապետը:

Մոտ 20 րոպե Փաշինյանը փորձեց պատասխանել իր, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջեւ 3 օր առաջ ստորագրած փաստաթղթի հրապարակումից հետո հնչող հարցերին՝ դրան մի քանի որակումներ տալով՝ տխրահռչակ, վատ ու ոչ շահեկան։ Երեկ էլ կրկնեց՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը։ Ստեղծվել է մի իրավիճակ, ըստ Փաշինյանի, երբ զինվորը չէր կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա։

«Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար», – նշեց վարչապետը:

Ինչո՞ւ հրաժարական չտվեց այդ փաստաթուղթը չստորագրելու համար, իրեն այս օրերին ուղղվող մեկ այլ հարցի Փաշինյանի պատասխանը հետեւյալն էր՝ ուրիշի վրա չէր ուզում թողնել այդ դժոխային պարտավորությունը:

«Դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի:

իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան՝ ներառյալ Շուշին, եւ երկրորդը՝ ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը», – ասաց նա։

Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, անելիքները առջեւում են. հայտարարեց Փաշինյանը՝ չմանրամասնելով՝ երբ ու ինչ քայլեր է պատրաստվում անել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման համար։ Եռակողմ հայտարարության մեջ կարգավիճակի հարցին որեւէ անդրադարձ չկա:

«Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», – ընդգծեց Հայաստանի վարչապետը:

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը՝ Սիրան Ավետիսյանը, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Դիմում եմ ներկայացրել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից: Որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով, այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը: Այս ճանապարհին առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ եւ միասնականության սկզբունքով: Պատիվ եմ ունեցել քաղաքականություն մտնելու հաղթանակած գեներալ, ռազմական եւ քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ»,- գրել է նա:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության եւ այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարեւորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաեւ պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

«Պատգամավոր Հարություն Բաբայանի հետ այցելեցինք Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին»,- հայտնել է Էդմոն Մարուքյանը: «Քանի որ նա նոր էր դեղորայք ընդունել ու քնած էր, չհաջողվեց տեսնել նրան, սակայն բժիշկները վերահաստատեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զրուցեցինք նաեւ անվտանգության աշխատակիցների հետ, որոնք մեզ ներկայացրին ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները։ Կրկին անգամ դատապարտում ենք ու անթույլատրելի համարում Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված ոտնձգությունը։ Այցելեցինք վերակենդանացման բաժանմունքում գտնվող մեր հերոս զինծառայողներին, զրուցեցինք հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկների հետ։ Մեր զինվորներն ու նրանց ընտանիքներն այսօր ունեն բոլորիս աջակցության ու հոգածության կարիքը»,- նշել է Մարուքյանը։

 

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՃՈՒՐԴԸ

Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն ամեն կերպ փորձում է ազատվել հինգաստղանի հյուրանոցից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ նոյեմբերի 26-ը: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:

Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ):

 

 

 

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ

Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով եւ անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։ Երեկ արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ այսօր արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։ Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է եւ ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության. այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին եւ Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

 




Լրահոս