ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետեւյալ կերպ.

 

բարձրագույն, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում եւ անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռեւս 2020 թվականի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետեւաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը  կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։

Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձեւով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումը երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետեւանքներ, ինչպես նաեւ, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի։

Նույն իրավիճակն է առաջանում նաեւ արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։ Կրթական համակարգում բոլորը խստագույնս պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։

Տեղեկացնենք նաեւ, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաեւ հետեւյալ երկու կարեւոր խնդիրների ուղղությամբ.

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը,

պատերազմական եւ հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի եւ Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ՝ երեխաներին անհրաժեշտ աջակցությունը ցույց տալու համար։ Այս աջակցության կարեւոր խումբը նաեւ ԱՀ-ից Հայաստան տեղափոխված երեխաներն են։

Ն. Պ.

 

 

ԹՈՔԱԲՈՐԲԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԼԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009թ. ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է թոքաբորբի դեմ պայքարի եւ կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ` կազմելով ավելի քան 1,4 մլն:

Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից եւ վերջինով պայմանավորված թոքաբորբից: Սակայն, միեւնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել նաեւ պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, այդ թվում՝ թոքաբորբեր, որոնք կարծես մոռացության են մատնվել այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն եւ արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են եւ կիրառվում են արդեն տասնյակ տարիներ: Այս համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ թոքաբորբերի պատճառագիտության մեջ պնեւմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89% այն դեպքում, երբ պնեւմակոկային վարակի, ինչպես նաեւ սեզոնային գրիպի, կապույտ հազի, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի, կարմրուկի, կարմրախտի, մենինգակոկային վարակի դեմ պատվաստումները ներառված են ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում եւ հասանելի են բնակչության նպատակային խմբերի համար: Թոքաբորբերը տարբեր պատճառագիտությամբ, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով եւ կլինիկական արտահայտություններով թոքերի սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ եւ ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացմամբ: Հիվանդության ախտանշաններն են ջերմությունը, հազը, խորխարտադրությունը եւ ընդհանուր թուլությունը:

Վարակիչ հիվանդություններից եւ հնարավոր բարդություններից լավագույն, անվտանգ եւ արդյունավետ պաշտպանության միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են:

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական աջակցության բաժին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

զոհված զինծառայողի մահվան վկայականի պատճեն, տեղեկանք՝ զոհված զինծառայողի մահվան ակտի գրանցման վերաբերյալ, տեղեկանք զինկոմիսարիատից (պարտադիր չէ), հուղարկավորությունը կատարողի անձնագիրը եւ սոցքարտը, ամուսնության վկայականի պատճեն, երեխաների ծննդյան վկայականի պատճեն, բնօրինակը պարտադիր է: Հասցեն՝ ք. Երեւան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1: Հեռ.՝ 098 91 11 74:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է

Երեւանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար»-ի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: «ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ եւ Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական եւ հայտագրված քաղաքացիական ավիացիան»,-նշել է նա:

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 2132 ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112 680 դեպք, որոնցից 70 130-ը` առողջացած, 1668-ը` մահվան ելքով (ավելացել է 32-ով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 453033 թեստավորում: Այսպիսով, մեկ օրում կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2132 նոր դեպք, առկա է 1794 առողջացած: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է:

 




Լրահոս