«ԱՅՍ Ի՞ՆՉ Է, ԱՅՍՔԱՆ ԴԱՎԱՃԱՆ ՈՐՏԵՂԻ՞Ց». ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայերը միշտ էլ աչքի են ընկել դավաճանությամբ, հիմա էլ  նույնը, դրա պատճառով էլ ծովից ծով Հայաստանը դարձավ մկի ձեռք Հայաստան, հիմա էլ ընդհանրապես…»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թատերական ռեժիսոր, գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

 

«Իմ թոռնիկն էլ ծառայում էր, առաջնագծում էր, ճիշտ է, տեղեկություններ չէր հաղորդում, բայց շատ մարդիկ կային, ովքեր ինձ ասում էին, թե ինչպես են իրանց ասել, թե ինչու եք կանգնել, թողե՛ք գնացեք, էս ամեն ինչը պայմանավորված է, հենց այդ դավաճանություններն են այս ամենի հետեւանքը: Այս ի՞նչ է, այսքան դավաճան որտեղի՞ց: Հետեւում եմ Երեւանում տեղի ունեցող ցույցին եւ զարմանում, թե ինչքան  ջահելներ կան Երեւանում, եւ ինչ ակտիվ են, ինչո՞ւ այդ նույն ակտիվությամբ չգնացիք ռազմաճակատ, եւ ինչքան են փախել ճակատից: Լսում եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը եւ տեսնում եմ, թե այդ մարդն ինչ է ասում, թե ինչպես են թողել փախել, դրա համար պետք է խիստ միջոցներ կիրառվեին: Ես ինքս ռադիկալ մարդ եմ եւ չեմ սիրում այդ հետոն, հետո չկա՛, հենց հիմա, այս վայրկյանին, պատերազմական վիճակում ենք, եւ այդ փախչողի մեջքից պետք է կրակեիք, որ չփախչեին, վախենային: Շատ խնդիրներ կան…»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե ներքաղաքական ինչ զարգացումներ, հետեւանքներ կարող են լինել երկրում,  Նիկոլայ Ծատուրյանը պատասխանել է. «Էլ ի՞նչ հետեւանք, արդեն ռուս զորքը կանգնած է, ալտերնատիվ այլ տարբերակ չկա, պարզապես պետք է հիմա այդ պայմանագրի կետերը հստակեցնեն, Ղարաբաղի անկախության, ինքնորոշման հարցը պետք է անպայման լուծվի, այսպես թողնել չի կարելի: Նրանց նպատակը մեկն է՝ Հայաստանի միջոցով Հայաստանն էլ վերացնել: Այս ամեն ինչը, չեմ ասում, թե ի սկզբանե, բայց, համենայնդեպս, ինչպես Սումգայիթիում ռուսները վերջին վայրկյանին մտան, երբ ջարդեցին վերջացան, հիմա էլ այսպես այստեղ…: Նիկոլ Փաշինյանին էլ չես կարող մեղադրել, իրեն իրավիճակն են հաղորդում, նա էլ ի՞նչ անի, մինչեւ ժողովուրդ հավաքի, մինչեւ բացատրի, այնտեղ արդեն տղաներին կվերացնեին: Ես էլ տեղեկություններ ունեմ, որ արդեն  տղաները  հայտնվել են շրջափակման մեջ, ԱԹՍ-ները գործի էին դրել, որի պայթյունից հետո բոլորը կարող էին զոհվել»:

Մեր զրուցակցի խոսքով՝  երեկ Ազատության  հրապարակում հավաքվածները ամբոխ են, եւ նախկին իշխանությունների հետվերադարձ չի կարող լինել:

«Ես երբեք չեմ սիրել ամբոխը: Ամբոխն անգրագետ եւ ագրեսիվ  մարդիկ են, որ գոռում են «Նիկո՛լ դավաճան». ա՛յ մարդ, մի հատ տեղեկացեք, կարդացեք, անալիզ արեք, մի հատ ծանոթացեք, թե ինչն ինչպես է եղել, նոր սկսկեք վայրահաչել: Ինչ է, ուզում եք նորից հին իշխանությունները վերադառնան, իրենք էլ չգան, կնշանակեն մեկին, ու նորից իրենք կղեկավարեն: Նորից կհայտնվենք դատարկ տաշտակի առաջ, որից հազիվ ենք պրծել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եզրափակել է Նիկոլայ Ծատուրյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՄԵՆՔ ՁԵԶ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ». ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է.

«Մեր հերո՛ս տղաներ, մենք ձեզ անվերապահ ենք հավատում, մենք գիտենք, որ դուք Հզոր եք, մենք գիտենք, որ դուք Անպարտ եք, մենք գիտենք, որ դուք Հաղթում եք: Հավատացե՛ք, մենք ձեր թիկունքին միշտ կկանգնենք, միշտ ամուր եւ պինդ կպահենք: Մենք ամեն ինչ կանենք ձեզ արժանի լինելու համար: Ձեր թիկունքին կանգնած մի ամբողջ ժողովուրդ ձեզ անսահման սիրում, խոնարհվում, հավատում եւ աղոթում է: Իսկ դա գիտե՞ք ինչ հզոր էներգիա է: Եվ այդ հզոր էներգիան մենք ձեզ ենք ուղարկում:

Հ.Գ. Վախկոտներին, խուճապ գցողներին, մեր զինվորին թիկունքից իրենց անհավատությամբ խփողին անձնապես խնդրում եմ ոչ մի էներգիա  չուղարկել: Ձեր էներգիան այնքան թույլ եւ հեղեղուկ է, որ հազիվ  ձեզ հերիքի ձեր  կերածը մարսելու համար: Հա՛յ զինվոր, հաղթում ես»։

 

 

«ՆՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՄԵՐ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԸ». ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆ

Reddit-ի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանը Թվիթերի իր էջում գրառում է արել եւ անդրադարձել Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի հետեւանքով պատմամշակութային արժեքների ճակատագրին: Նա վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ` Ադրբեջանի կազմ անցնող հայկական պատմական արժեքները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանելու կոչն ու ավելացրել. «Նրանք հաստատ պատրաստվում են հողին հավասարեցնել մեր պատմամշակութային գանձերը»:

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Speed Chess Championship-ում տարած հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: «Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ ու խոնարհվում մեր զոհվածների եւ նրանց ընտանիքների առջեւ: Խոնարհվում եմ նաեւ մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- գրել է Լ. Արոնյանը: Նշենք, որ Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ եւ պարտության մատնեց 14:11 ընդհանուր հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

 

 

ՈՉ-ՈՔԻԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը ընկերական խաղում իսպանացիների հետ ոչ-ոքիի պատճառով սահմանել է հակառեկորդ: Դե Բուրը Հոլանդիայի հավաքականի առաջին մարզիչն է, որը հաղթանակի չի հասնում մեկնարկային 4 խաղերում: Նախորդ 3 հանդիպումներում հոլանդացիները պարտվել էին Մեքսիկային (0:1) եւ ոչ-ոքի խաղացել Բոսնիա-Հերցեգովինայի (0:0) ու Իտալիայի (1:1) հետ: Հիշեցնենք, որ 50-ամյա Ֆրանկ դե Բուրը Հոլանդիայի հավաքականը գլխավորել է սեպտեմբերին՝ փոխարինելով Ռոնալդ Կումանին: Նրա նախորդ աշխատավայրն էր ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել էր հուլիսին: Նախկինում Հոլանդիայի հավաքականի լեգենդար պաշտպանը գլխավորել է նաեւ Ամստերդամի «Այաքսը», իտալական «Ինտերը» եւ անգլիական «Քրիսթալ Փելասը»:

 

 

ԱՄԵՆԱՇԱՏ ՎՐԻՊԱԾՆԵՐԸ

Transfermarkt-ը ներկայացրել է 21-րդ դարում 11 մետրանոցից ամենաշատը վրիպած ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 27 անգամ է վրիպել 11 մետրանոցից: Նրան հաջորդում է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, եւս վրիպել է 27 անգամ, սակայն 35-ամյա պորտուգալացու վրիպումների տոկոսն ավելի ցածր է: Հնգյակում են նաեւ իտալական «Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտին ու «Միլանի» շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը (19-ական վրիպում) եւ «Ուդինեզեի» նախկին ավագ Անտոնիո Դի Նատալեն (15 վրիպում):

 

 




Լրահոս