ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձեւավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաեւ պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն՝ դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց եւ առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը: Նախօրեին Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին խոսել էր երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Խուճապի մի՛ մատնվեք, մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից Հայաստան, հետ բերելու ենք, ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ապրելու ենք եւ ավելի լավ ենք ապրելու, քան այլ տեղ»,- ասել էր նա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ստեփանակերտում դեռ շարունակում են գտնվել քաղաքի բնակչության 20-30 տոկոսը, քանի որ, չնայած մարդկանց դուրս բերման աշխատանքներին, շատերը հրաժարվել են Հայաստան գալ եւ մնացել են Արցախում: Ավելին, քաղաքի 60 տոկոսն արդեն կրկին ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրով, գազով, խանութներ եւս կան, որ աշխատում են: Ստեփանակերտում լծվել են աշխատանքի եւ ամեն ինչ անում են բնականոն կյանք վերադառնալու, վնասները վերականգնելու համար: Իսկ այսօր՝ վաղ առավոտից, կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք այստեղ գտնվող արցախցիներին կտեղափոխեն: Այս պահին Արցախը վերականգնելը պետք է լինի առաջնային նպատակ:
Չնայած Ագզային ժողովի արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, սակայն նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը: Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը: Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում: Երեկ այն հավանության արժանացավ նաեւ գլխադասային հանձնաժողովում եւ ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ: Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ:
Մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործեր են հարուցվում, քաղաքական ուժերի առաջնորդներին մեղադրանքներ առաջադրվում, եւ նրանց ձերբակալում են, դատարաններում դրանք ոչ իրավաչափ են համարվում եւ առաջնորդներն ազատ են արձակվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ քննիչներն ու դատախազներն այդ հարցով մասնակցում են դատական նիստերին, դատավորները զարմացած վերջիններիս հարց են բարձրաձայնում, թե ինչպես են նման գործեր հարուցում՝ իմանալով, որ այն ոչ իրավաչափ է համարվելու: Դատավորներն ի սկզբանե ասում են, որ չեն կարող ոչ իրավաչափ չհամարել ու օրենքին դեմ գնալ, այդ պատճառով էլ ձերբակալությունները ոչ իրավաչափ են համարվում, առաջնորդները հերթով ազատ են արձակվում: Հավելենք, որ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ:
Աշխարհի բնապահպանական խոշոր կազմակերպությունները բերանները ջուր են առել. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կողմից Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, ֆոսֆորային զենքի կիրառումից հետո միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են: Դրանք անպատասխան են թողել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ իրենց ուղղված զեկույցը: Մինչդեռ Հայաստանն ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին, իսկ հետեւանքներն աղետալի ու երկարատեւ կարող են լինել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռեւս նոյեմբերի 2-ին զեկույց էր պատրաստել միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին եւ կոնվենցիաներին ուղարկելու համար: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ որ արձագանք, որեւէ պատասխան դեռ չեն ստացել: Հիշեցնենք՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել էին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաեւ առաջացրել է մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Տեղեկացնենք, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները՝ այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլեւս չշարունակվի կիրառվել: