ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ գիշերը Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սեւ ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով՝ նրանք փնտրում էին պատգամավորի տունը։ Հիշեցնենք, որ երեկ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին։ ArmLur.am-ը խոսել է Վարդան Աթաբեկյանի հետ, որը բացառիկ մանրամասներ է հայտնել գիշերը տեղի ունեցած դեպքից:
-Տեղեկություններ տարածվեցին, որ ինչ-որ անձինք մոտեցել են Ձեր առանձնատան հարակից տարածք: Ովքե՞ր են եղել: Ինչո՞ւ են եկել, հանդիպե՞լ են Ձեզ, թե՞ ոչ:
-Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու են եկել: Ես տարածքում չեմ եղել: Տեսախցիկների դիմաց ազդանշան է միացել, որ շարժ կա: Հեռախոսով նայել, տեսել եմ՝ 5 հատ մեքենաներ կան, ու տարօրինակ էր, որ մի քանի երիտասարդ դարպասների մոտ հավաքված փորձել են ներս նայել: Ստեղծված իրավիճակում զանգել եմ ոստիկանություն եւ խնդրել ուշադիր լինել: Այդ մեքենաները մի փոքր այն կողմ կայանել են. երբ ոստիկանությունը եկել է, եղբորս հանձնարարել եմ, որ դուռը բացի: Նա մոտեցել է, որ դուռը բացի, ինձ տեղեկացրին, որ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն են եղել մի 10 հոգու հետ:
-Սա կարո՞ղ է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ Դուք խմբակցությունից դուրս եկաք:
-Ես միչեւ հիմա չգիտեմ, քանի որ իրենց եղբայրս տեղյակ է պահել, որ ես այստեղ չեմ, ու ասել, որ ինչ խնդիր կա, տեղեկացնեն իրեն: Ինձ համար տարօրինակ է գիշերվա ժամը 1-ին իմ առանձնատան մոտ 5 մեքենաներով գալը: Ի՞նչ գործ ունեին առանց ինձ զանգահարելու մոտենային իմ առանձնատուն եւ դարպասներից թաքուն նայել: Հավանաբար իրենց մոտ կասկած է առաջացել, որ ես այլ ուժերի հետ եմ հանդիպում: Եվ մտել ներս, տեսել են, որ ներսում ով կա, բոլորն իրենց ծանոթ անձնավորություններ են: Ես ենթադրում եմ, որ իրենց թվացել է, թե իմ առանձնատանը ես այլ ուժերի ներկայացուցիչների հետ եմ հանդիպում: Ցավում եմ, որ նման կասկածներով են տառապում: Մեկ այլ միջադեպ էլ է տեղի ունեցել, որի մասին չեմ բարձրաձայնի: Իրենց դա շտկելու համար ժամանակ եմ տվել. եթե չշտկեն, դրա ձայնագրությունը կհարապարակեմ, քանի որ դա ինձ համար անթույլատրելի է:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ են ուզում Ձեր խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը: Փորձում են հասկանալ՝ արդյոք ընդդիմադիր ուժերի հետ եք համագործակցո՞ւմ եք, որ դուրս եք եկել խմբակցությունից:
-Եթե նման բան են ուզում հասկանալ, ես չեմ հիշում, որ անհասանելի լինեմ: Կարող են զանգել հարցնել: Եթե նման գաղտագողի, իրենց թվում է, որ գիշերը՝ ժամը 1-ին, կարող են մոտենալ իմ առանձանտուն, որը տուն է, եւ մարդ կարող է ամեն բան մտածել եւ քայլեր ձեռնարկել, իսկ հետո պարզվի, որ պետք չէր, պարզում եք՝ քեզ ծանոթ մարդ է մոտեցել: Եթե նման ձեւով են ուզում մոտենալ, ցավում եմ իրենց համար, որ նման խնդիրներով են տառապում:
-Պարո՛ն Աթաբեկյան, այս ժամանակահատվածում չե՞ն փորձել Ձեզ հետ կապ հաստատել:
-Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց գոյություն ունի, թող զանգի: Բոլոր հարցերին կպատասխանեմ:
-Իրենց համար անակնկա՞լ է եղել խմբակցությունից դուրս գալու Ձեր որոշումը: Ոչ ոքի չե՞ք տեղեկացրել:
-Չէ, չեմ տեղեկացրել: Խնդիրն այնպես էր, որ պետք չէր տեղեկացնել, քանի որ խմբակցությունից դուրս գալու տեքստին եթե ծանոթ եք, այնտեղ նշված է, որ ես էլ ինչ-որ բանի ծանոթ չեմ: Համարում եմ, որ դա նորմալ է, ու կարծում եմ, որ խմբակցոթյունից իմ դուրս գալուն պետք է ըմբռնումով մոտենան: Պետք չէ խմբակցությունից դուրս գալը դարձնել վտանգավոր երեւույթ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԹԵԹԵՎԱՆԱ՞ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌԸ
Երեւանի քաղաքապետարանը մտադիր է թեթեւացնել փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար, որոնց 2020 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 մլն դրամը, 2021 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվի արտոնություններ:
Օրինակ՝ Երեւանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար կսահմանվի 2021 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով:
Իսկ, ահա, մայրաքաղաքի վարչական տարածքում առեւտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար հաջորդ տարվա տեղական տուրքի դրույքաչափը կսահմանվի 72.92 տոկոսի չափով: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հանրային uննդի եւ զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար կկիրառվի տուրքի դրույքաչափի 70 տոկոսը:
Այս արտոնությունից օգտվելու համար պետք է անհատ ձեռնարկատերը դիմում ուղղի Երեւանի քաղաքապետին: Ի դեպ, այս արտոնույթուններից կարող են նաեւ օգտվել այն գործարարները, որոնք հաշվառվել կամ գրանցվել են 2021 թվականի հունվարի 1-ից: Բայց նկատենք, որ քաղաքապետարանը այս տարի չաջակցեց ռեստորանային բիզնեսին: Այս խնդրին, ի դեպ, պարբերաբար ArmLur.am-ը անդրադարձել է: Մասնավորապես, գրել էինք, որ քաղաքապետարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը (խոսքը ամռան ամիսների մասին է). բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Մինչդեռ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցրել, եւ մեր քաղաքացիները նախընտրում էին բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճանանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է եղել՝ հեռավորությունը պահպանելու նպատակով: Տնտեսվարողները չեն կարողացել շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, քանի որ քաղաքապետարանը չի արձագանքել գործարարներին: Փոխարենը քաղաքային իշխանությունները որոշել են հաջորդ տարի աջակցություն տրամադրել: Թե որքանով այս աջակցությունը կբարելավի բիզնեսի վիճակը, ցույց կտա ժամանակը:
Ս.Հ.
ԽՈՍԵԼ Է ՄԱԿՐՈՆԻ ՀԵՏ
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որպեսզի գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն եւ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: «Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով: Հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ եւ ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում: Իսկ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ընդունել է Երեւանում դեսպանատների դիմաց ակցիա անող հադրութցիներին, որոնք տեղահանվել են պատերազմի հետեւանքով: Ջոնաթան Լաքոտը լսել է նրանց եւ ասել, որ Ֆրանսիան գիտի իրենց խնդիրը, բարձրաձայնում է այն եւ բաց դուռ կապահովի նրանց խնդիրը լսելի դարձնելու համար: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ երկրի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Ֆրանսիան ասել է, որ եռակողմ համաձայնագրում պետք է լինի Հայաստանի շահը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղում տեղահանված բնակչության վերադարձի խնդիրը:
ՃԱՆԱՉԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը: Մարմինը բանաձեւին հավանություն է տվել միաձայն: Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետեւանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, եւ այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր: Մասնավորապես, նշվում է, որ մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ուղին է եւ կայուն խաղաղություն է ապահովելու Արցախի ու Հայաստանի համար: