«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎՈՎ». ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր կա խնդիր, դժվարություններ, անհամաձայնություններ, եւ դրանք պետք է լուծել միայն եւ միայն օրենքի, օրինականության եւ պետականության սահմաններում»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը մշակույթի եւ մարզական ոլորտի, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի եւ օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, եւ եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձեւով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին», – ասել է նախագահը:

 

Միաժամանակ, Արմեն Սարգսյանը կարեւորել է նաեւ իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որեւէ դեպքում որեւէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե, ո՛չ»:

Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին:

«Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,- ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով: – Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի եւ նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, եւ այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին: Հարցի կարգավորման տեսլականը հետեւյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետեւում պետք է կանգնած լինեն ուժեղ եւ հզոր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է:

«Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ եւ կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետեւաբար, մեր առջեւ խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր, – ասել է նախագահը՝ շարունակելով: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչեւ արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո եւ՛ տնտեսության մեջ, եւ՛ ռազմական ոլորտում, եւ՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետեւաբար չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք եւ՛ տնտեսության իմաստով, եւ՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք եւ կազմակերպվենք: Կազմակերպված ասելով՝ նկատի ունեմ նաեւ ազգային եւ պետական կարգապահությունը»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում՝ «համազգային շահերի պաշտպանության օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով»։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԱՆՑՔ Է ԽՆԴՐԵԼ

Ադրբեջանական կողմը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը խնդրել է միջանցք ապահովել դեպի Շուշի։ Ինչպես գրում է WarGonzo թելեգրամյան ալիքը՝ Ռուսասատնի Դաշնության պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրներին հղումով, այս պահին ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաք տանող մուտքերից որեւէ մեկը։ «Սա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է, որը գալիս է Հադրութից այն նույն «դժոխքի կիրճով»։ Սակայն այնտեղ անգամ ճանապարհ չկա, միայն անվահետքեր են այն թրթուրավոր տեխնիկայից, որն Ադրբեջանի զինված ուժերն այս պահին մտցնում են Շուշի։ Սա է պատճառը, որ առայժմ քաղաքում արված որեւէ քաղաքացիական ռեպորտաժ չկա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրն ընդգծում է, որ Ադրբեջանը որոշ ժամանակ անց կկառուցի նորմալ ճանապարհ, որը կանցնի «դժոխքի կիրճով», սակայն առայժմ քաղաքի վերահսկողությունը միայն ձեւականորեն է նրանց ձեռքում։

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԲԱՔՎԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաքվի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցման հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ակնթարթային արձագանքը, անաչառ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ներողությունն ընդունել: «Սա իսկապես աղետ է, սա ողբերգություն է, զոհվել են մեր երկու զինվորականներ։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը եւ հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ներողությունն ընդունել»,- ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի տարածքի երկնքում՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել էին անձնակազմի երկու անդամ, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել էր։ Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ ռուսական ուղղաթիռը «պատահաբար» է խոցել, ներողություն է խնդրել եւ Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել։

 

 

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծությունները պակասել են. եթե 2019 թվականի 9 ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2850, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մեր հանրապետությունում գրանցվել է 2415 ամուսնալուծություն: Ստացվում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ամուսնալուծվել է 435 քաղաքացի: Օրինակ՝ 2018 թվականի 9 ամիսներին ամուսնալուծվել է 2880 քաղաքացի:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում սկսել են ավելի քիչ ամուսնանալ: Համենայնդեպս, այդ մասին են խոսում պաշտոնական տվյալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամուսնությունների թիվն այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է: Օրինակ, եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 11 հազար 592 ամուսնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 9038, այսինքն՝ պաշտոնապես ամուսնությունների թիվը 2554-ով պակասել է:

Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքն այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները:

Ամենաշատ ամուսնությունները Հայաստանում գրանցվել են Երեւանում, որտեղ ամուսնացող քաղաքացիների թիվը կազմել է 3924, մայրաքաղաքում ամուսնալուծվել են 1293-ը: Օրինակ՝ Արմավիրի մարզում 712 քաղաքացի ամուսնացել են, իսկ 137-ը՝ ամուսնալուծվել, Կոտայքում 729-ը ամուսնացել են, 221-ը՝ ամուսնալուծվել: Սահմանամերձ Տավուշում ամուսնացել է 316 քաղաքացի, իսկ ամուսնալուծվել՝ 50-ը:

Ըստ մասնագետների՝ զույգերի համատեղ կյանքի ընդհատման համար ամենախոցելի շրջաններից մեկը ամուսնության առաջին 4 տարիներն են: Բաժանությունները հատկապես շատ են 20 եւ ավելի տարվա տեւողությամբ ամուսնությունների դեպքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս