ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ամենօրյա կապի մեջ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար: Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գործում է հոկտեմբերի 25-ից: Աշխատանքներում ներգրավված են Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ Արցախի նախագահի խորհրդականներ, պատգամավորներ: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի խոսքով՝ օպերատիվ շտաբի հիմնական նպատակը ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Արցախի քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է:

 

«Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր կարգով պետք է տեղավորվեն Երեւանում: Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի՝ Երեւանում բնակվելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, վիրավոր զինվորներ: Նպատակն այն է, որ նրանք կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն»,- ասել է Միքայել Վիրաբյանը:  Նա վստահեցրել է, որ այս պահին անօթեւան, փողոցում հայտնված քաղաքացի չկա: Բոլորն ապահովվում են կացարանով, դրանք հյուրանոցներ են, հյուրատներ, անհատների բնակարաններ եւ այլն: Միքայել Վիրաբյանի խոսքով՝ արցախցիներին հյուրընկալած ու աջակցած անձանց ֆինանսական հարցերը մեղմելու համար նախագծեր են պատրաստվում: Հյուրանոցների, հյուրատների հետ կապված կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա:  «Շուտով բոլորս կհամոզվենք, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է բնակվելու համար հաճելի վայր: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն այդ ուղղությամբ արվելու են: Ասեմ, որ առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվելու են Արցախի տարածքում»,-ասել է  նա:

Միեւնույն ժամանակ Միքայել Վիրաբյանը տեղեկացրել է, որ Արցախում բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում պատերազմի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջնահերթ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա եւ այլն: Նա համոզմունք հայտնեց, որ 15-20 օրվա ընթացքում մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում այդ հարցերը կարգավորված կլինեն:

Ըստ Վիրաբյանի՝ այս ընթացքում օպերատիվ շտաբը կարողացել է համակարգել մի շարք խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ կրթական, թե՛ իրավական ծառայությունների մատուցման հետ կապված: Գերակշռող հարցերը շատ են՝ կեցության խնդիր, սնունդ, տաք հագուստ, կենսաթոշակների վճարում եւ այլն: Օրվա կտրվածքով 300-ից ավելի արցախցիների հետ աշխատում ենք տեղում, զանգերի մասին էլ չխոսեմ:

Այս օրերին արցախցիներից շատերը Հայաստանում են գտնվում առանց փաստաթղթերի: Միքայել Վիրաբյանն ասել է, որ Երեւանի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում գործում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, պետական ռեգիստրի բաժինները: Մասնագետները քաղաքացիներին տալիս են պարզաբանումներ եւ օգնում են փաստաթղթեր կազմելու գործում: Միքայել Վիրաբյանը վստահեցրեց, որ արցախցիների փաստաթղթերի հարցերը կարգավորում են պարզեցված կարգով: Արդեն երկրորդ ամիսն է՝ Հայաստանում արցախցիներին վճարվում են կենսաթոշակներն ու նպաստները: Ներկայում սկսված է նոյեմբեր ամսվա կեսնաթոշակների ու նպաստների վճարումը:

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐԱՎԻՃԱԿ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր III-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա հակամարտության առնչությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

 

«Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներեւ հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ խորապես ցավում ենք վերջին շրջանի գործողությունների հետեւանքով անհարկի կորսված կյանքերի համար, այդ թվում եւ՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Իրավիճակի զարգացմանը եւ նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց մենք պետք է անդրադարձ կատարենք թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության եւ ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը։

Տեղում տիրող հումանիտար իրավիճակը բոլորիս համար խիստ մտահոգիչ է։ Մենք վերահաստատում ենք կողմերին երկուստեք ուղղված հրատապ կոչերը՝ հետեւելու հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին, ապա նաեւ հոկտեմբերի 25-ին։ Մենք նաեւ կողմերին երկուստեք կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված քայլերը։

Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական կառույցները։ Քաղաքացիական անձանց, այդ թվում՝ խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում եւ ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տեւական խաղաղություն կերտելու նպատակով։

Արտաքին ուժերին հորդորում ենք գործել պատասխանատու կերպով եւ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նորովի բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները։

Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տեւական խաղաղությունը մեր տեսադաշտում է։ Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատեւ խաղաղության հաստատմանը»:

 

 

 

ԱՆՈՒՆՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները.

Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ.; Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ.; Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ.; Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ.; պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ.; Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ.; պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ.

Սահակյան Արմեն Դավիթի, ծնվ. 1994թ.; Կիրակոսյան Գեւորգ Ռաֆայելի, ծնվ. 1988թ.; Դավթյան Մնացական Վազգենի, ծնվ. 1995թ.; Գրիգորյան Դավիթ Կոմիտասի, ծնվ. 1977թ.; Մկրտչյան Դավիթ Մուշեղի, ծնվ. 1992թ.; պահեստազորային Սարգսյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ.; Մուրադյան Աշոտ Սերգեյի, ծնվ. 1965թ.; կամավորական Հայրապետյան Արմեն Հայրապետի, ծնվ. 1988թ.; կամավորական Մարտիրոսյան Արտուշ Ալեքսանի, ծնվ. 1989թ.; Հարությունյան Գեւորգ Արմանի, ծնվ. 1999թ.; կամավորական Սողոմոնյան Գոռ Արծվիկի, ծնվ. 1988թ.; Միրզոյան Գուրգեն Բագրատի, ծնվ. 1990թ.; կամավորական Ստեփանյան Գրիգոր Յաշայի, ծնվ. 2000թ.; կամավորական Պետրոսյան Թաթուլ Արշակի, ծնվ. 1982թ.; Թովմասյան Թաթուլ Վարդանի, ծնվ. 2001թ.; Մուրադյան Մուշեղ Սարգսի, ծնվ. 1993թ.; կամավորական Սարգսյան Վարդան Սամվելի, ծնվ. 1987թ.; կամավորական Աֆիյան Յակով Սերգեյի, ծնվ. 1998թ.; կամավորական Թովմասյան Արտակ Աբելի, ծնվ. 1994թ.; կամավորական Ղազարյան Արտակ Հովհաննեսի, ծնվ. 1982թ.; կամավորական Մուշեղյան Գեղամ Սեյրանի, ծնվ. 1969թ.; կամավորական Ղազարյան Հայկ Անուշավանի, ծնվ. 1967թ.; կամավորական Փաշյան Հմայակ Սոսի, ծնվ. 1983թ.; պահեստազորային Սարիբեկյան Սարգիս Հովհաննեսի, ծնվ. 1989թ.; պահեստազորային Սարյան Սեյրան Արամայիսի, ծնվ. 1969թ.; պահեստազորային Հովհաննիսյան Սուրեն Աշոտի, ծնվ. 1974թ.; կամավորական Կիզիրյանց Գառնիկ Էդուարդի, ծնվ. 1991թ.; կամավորական Կարապետյան Արսեն Ստյոպայի, ծնվ. 1965թ.; Գեղամյան Վիլգեմ Արագոնի, ծնվ. 2001թ.; Ալլահվերդյան Լեոնիդ Ջոնիկի, ծնվ. 2000թ.:

 

 

 

1703 ՆՈՐ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1703 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114383 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 456909, վերջին մեկ օրում` 3876 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 40130 պացիենտ. մեկ օրում նվազել է 322-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 72116 անձ, վերջին մեկ օրում՝ 1986 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1697 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:




Լրահոս