Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթացի կեսից Սամվել Բաբայանի թիմը հետ է քաշվել. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան պատերազմում պարտություն կրելուց եւ կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթղթի ստորագրմանը հավանություն տալուց հետո Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ու պաշտոնանկ անելու գործընթաց էր սկսվել:

Արցախցիների ցասումը, զայրույթը մեղմելու համար քաղաքական ուժերը որոշել են՝ հեռացնել գործող իշխանությանն ու հասկանալ՝ ինչ անել հետագայում:

«Իրատեսի» հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը մանրամասնեց. «Խորհրդարանական հինգ ուժերից 4-ը որոշել էին միավորվել ու իմպիչմենտի գործընթաց սկսել: Դրանք էին Վիտալի Բալասանյանի, Սամվել Բաբայանի, Աշոտ Ղուլյանի գլխավորած խմբակցություններն ու ՀՅԴ-ն: Այդ 4-ով ավելին էին լինում, քան իշխող մեծամասնությունը: Հայտարարության տեքստն արդեն գրեթե պատրաստ էր, երբ վերջին պահին Բաբայանի խմբակցությունը, չգիտես ինչու, հետ քաշվեց:

Իրենք իրենց մեջ գցել-բռնել էին, որ Հարությունյանի հրաժարականից հետո պետք է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի, ղեկավարումն էլ հանձնվի իրենց, այսինքն՝ Սամվել Բաբայանին: 3 ուժերի ներկայացուցիչները, իհարկե, ընդդիմացել են այդ սցենարին, քանզի լավ գիտեն՝ ով էր Բաբայանը մինչեւ պատերազմն ու պատերազմից հետո: Կարճ ասած՝ ստացվում էր, որ Արայիկը եթե անգամ պաշտոնանկ լիներ, որոշ ժամանակ անց Բաբայանի տեսքով նորից կարող էր վերադառնալ»:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ օրհասական մի շարք հարցեր լուծելու փոխարեն, Արցախի իշխանությունն ամեն գնով դիրքերը պահելու մանրախնդիր ու ճղճիմ քայլերի է դիմում: Նրա փոխանցմամբ, չնայած Արցախ վերադառնալու կոչերին, տեղացիները չգիտեն՝ եթե վերադառնան, որտեղ են ապրելու, ինչպես են ապրելու, ինչով են իրենց հացը վաստակելու, եթե աշխատանք չկա. աշխատանքի հետ կապված հարցեր կան. «Իսկական քաոս է, «բարդակ»: Նախագահ կոչվածը միայն հայտարարություններ է անում ու մեղավորներ փնտրում: Ոչ մի հարցի համար կոնկրետ լուծում չունի: Եվ դեռ ցանկանում են երկիր ղեկավարել: Ամոթ պետք է ունենա ու ժամ առաջ հեռանա պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս