
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը:
Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում:
Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով:
Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարեւոր փաստաթուղթ է եւ պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել:
Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։