ԱԱԾ-Ն ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին: Հիշեցնենք, որ այդ օրը մեծ թվով ցուցարարներ ներխուժել էին կառավարության եւ Ազգային ժողովի շենք, այնտեղ տակնուվրա արել ամեն ինչ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ոչ միայն առգրավել է կառավարության եւ խորհրդարանի տեսախցիկներն ու ուսումնասիրում է դրանք, այլ նաեւ լրատվամիջոցներին են դիմում՝ խնդրելով իրենց տրամադրել նկարահանված կադրերի ոչ մոնտաժված տարբերակները:  Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ոչ միայն հրահանգված է Երեւան քաղաքի վարչությանը, այլ նաեւ մարզային, քանի որ այդ օրը տարբեր վայրերից էին ցուցարարները հավաքվել Հանրապետության հրապարակում: Եվ, ահա, հրահանգ է տրված, եւ ԱԱԾ-ականները հերթով ուսումնասիրում են տեսախցիկները, փորձում գտնել այն մարդկանց, որոնք այդ օրերին մասնակից են եղել իրադարձություններին: Հավելենք, որ այս իրադարձություններից հետո կան արդեն ցուցարարներ, որոնց մեղադրանք առաջադրվել է, սակայն ինչպես երեւում է, ԱԱԾ-ն չի ցանկանում կանգ առնել, եւ նրանց հրահանգ է տրված նոր բացահայտումներ անել եւ գտնել կառավարություն եւ խորհրդարան ներխուժած եւ անկարգություններ արած բոլոր անձանց: Հավելենք, որ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են բացահայտ հափշտակություններ:

 

 

 

Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին օրերին բոլորը պետք է իրենց ուժերի չափով փորձեն օգտակար լինել եւ աշխատանք կատարեն իրենց տեղերում: Խոսքը հատկապես վերաբերում է պետական գերատեսչություններին, նրանց ղեկավարներին: Եվ այս առումով, բնականաբար, կարեւորություն է ներկայացնում Անվտանգության խորհրդի գրասենյակի եւ նրա ղեկավար Արմեն Գրիգորյանի աշխատանքը: Սակայն հիմնվելով Անվտանգության խորհրդի գրասենյակում առկա պաշտոնական տեղեկատվության վրա՝ կարող ենք ասել, որ պատերազմի օրերին Արմեն Գրիգորյանն այնքան էլ ակտիվ չի եղել, իսկ հոկտեմբերի 30-ից հետո նրա արած որեւէ աշխատանքի մասին կայքում տեղեկատվություն առկա չէ: Վերջին տեղեկատվության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին, մինչ այդ նա ընդունել էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, իսկ դրան նախորդած օրերին էլ մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել: Սակայն հետաքրքիր է, որ  նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթից հետո, երբ կան ահռելի աշխատանքներ կատարելու, նա կարծես թե անհետացել է, համենայնդեպս, ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին վկայում: Որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ԱԽ գրասենյակի մամուլի խոսնակ Ալբերտ Ներզեթյանին, սակայն նա չպատասխանեց մեր նամակներին:

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը երեկ ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նախ նշենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ աշխատանքից ազատվեց համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու համար: Եվ, ահա, շտաբի պետի պաշտոնից խայտառակ պատճառներով ազատելուց հետո նրան վստահվեց  ոչ պակաս կարեւոր պաշտոն, իսկ այս պատերազմի օրերին նա համակարգում էր Սյունիքի մարզի աշխատանքները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե հայկական ԱԹՍ-ները գործարկվել են, բայց այլ մանրամասներ այդպես էլ չհաղորդվեցին։ ՀՀ ՊՆ-ում հիշում են, թե նա ինչ համակարգային ձախողումներ է թույլ տվել, որի պատճառով էլ ազատվել է աշխատանքից: Նաեւ ինքը պետք է պատասխան տա, որ մեր բանակն այսպես անպատրաստ է եղել պատերազմին։ Բայց պատասխան տալու փոխարեն նա ավելի բարձր պաշտոնի նշանակվեց։ Հենց ռազմաարդյունաբերության այդ կոմիտեն պետք է պատասխանատու լիներ ԱԹՍ-ների արտադրության կազմակերպման, դրանց կիրառման համար: Ու հիմա պարզում է՝ այդ աշխատանքն էլ է ձախողել եւ վերջնականապես ազատվել է աշխատանքից։ Սակայն նրա չհայտարարագրված շքեղ առանձնատան բացատրությունը դեռ մնում է արդիական, որտեղ կորոնավարակի կարանտինի օրերին խնջույք էր կազմակերպում։

 

 

 

Հայաստանից կարգելվի փայտանյութի եւ դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկում է եւս 6 ամսով արգելել փայտանյութի եւ դրանից պատրաստված ապրանքների արտահանումը մեր հանրապետությունից դեպի երրորդ երկրներ: Փայտանյութի արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություն արգելվել է այս տարվա փետրվարին՝ կառավարության որոշմամբ: Ապրանքների ցանկը մշակել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետները։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի պահպանել շրջակա միջավայրը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցանկում ներառված են հետեւյալ ապրանքատեսակները՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով, ասեղնատերեւ՝ սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղեւը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր, եւ սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած եւ այլ եղանակով չմշակած, գործիքների եւ համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ եւ համանման փայտանյութ:

 

 




Լրահոս