Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախումբը սկսել է Լաչինի միջանցքի ականազերծումը. այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տեղի է ունենում ճանապարհի մաքրումը պայթյունավտանգ իրերից եւ չպայթած սպառազինությունից։ Ճանապարհն այժմ նախապատրաստվում է այն փախստականների վերադարձին, որոնք ցանկանում են հետ գնալ Ստեփանակերտ»,- հայտարարում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյությում երեւում է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի երկայնքով ընթացող աշխատանքներում ծանր շինարարական տեխնիկա է ներգրավված, նկատելի են նաեւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմիններին պատկանող ավտոմեքենաները։
Ռուսական մի շարք աղբյուրների տեղեկություններով՝ ճանապարհի բացման աշխատանքներին մասնակցում են նաեւ հայ եւ ադրբեջանցի զինվորականները։ Նրանք, սակայն, ըստ ռուսական Առաջին ալիքի, այդ աշխատանքներին մասնակցում են բացառապես անզեն։ «Մայրուղու վրա ընթացող աշխատանքների ժամանակ զենք կրելու իրավունք ունեն միայն ռուսաստանցի խաղաղապահները», – պնդում է ռուսաստանյան հեռուստաընկերությունը։ Ռուսաստանցի զինվորականները նաեւ հայտարարում են, որ հակամարտության գոտում տեղակայված զորախումբը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող շարասյունների անվտանգությունը։ Այդ գործընթացն, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել է։ Անցած գիշեր ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ Երեւանից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ է ժամանել փախստականների տեղափոխող թվով երկրորդ շարասյունը։ Դրանում, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, 19 ավտոբուս է եղել, որոնցով ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի 475 բնակիչներ են վերադարձել Ստեփանակերտ։ Լաչինի մայրուղու երկայնքով ընթացող ականազերծման աշխատանքներին զուգահեռ փախստականներին տեղափոխող շարասյունը Ստեփանակերտ է ժամանել հյուսիսային՝ Վարդենիս-Քելբաջար-Մարտակերտ ճանապարհով։ Այս շրջանում, քաղաքացիական մեքենաներն ուղեկցող ռուսական ստորաբաժանումներից բացի, նաեւ մեկ ստացիոնար ռուսական անցակետ է տեղակայվել Դադիվանք վանական համալիրի հարեւանությամբ։ Reuters գործակալությունը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել Դադիվանքից՝ զրուցելով նաեւ վանական համալիրի սպասավորներից մեկի՝ հայր Մովսեսի հետ։
«Ես չգիտեմ՝ ինչ է լինելու։ Վեհափառը հրահանգել է ինձ մնալ այստեղ վանահոր հետ, մինչեւ իշխանությունները կորոշեն հետագա անելիքները։ Բայց մենք ուրախ ենք, որ ռուս զինվորները, մեր եղբայրները այստեղ են սահմանը եւ վանքը պաշտպանելու նպատակով։ Մենք նրանց մեր օրհնությունն ու պաշտպանությունն ենք առաջարկում», – նշում էր հայ հոգեւորականը։ Հավելենք, ի դեպ, որ ռուսաստանցի զինվորականների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում դեռ չի ավարտվել, եւ դատելով պաշտոնական աղբյուրներից՝ այդ գործընթացի վերջը դեռ չի էլ երեւում։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ վերջին 24 ժամերին Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի ռազմական օդանավակայանից Երեւան է ժամանել Իլ-76 մակնիշի 18 եւ Ան-124 «Ռուսլան» մակնիշի երկու բեռնատար օդանավ, որոնցով 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողների եւ տեխնիկայի նոր խմբաքանակ է Հայաստան տեղափոխվել։
«Ընդհանուր առմամբ Երեւանի օդանավակայան է հասցվել 58 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահամեքենաներ, ամենագնաց բեռնատարներ, էքսկավատորներ եւ ավտոմոբիլային ցիստերններ», – հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանում մտահոգություններ են հնչում տարածաշրջանում ռուսական խաղաղապահների տեղակայման կապակցությամբ։ Շատերը համոզված են, որ Ղարաբաղում ռուսական ուժերի ներկայությունը Բաքվին սանձելու նպատակ է հետապնդում։
«27 տարի անց ռուսական զորքը վերադառնում է Ադրբեջան, եւ դա շատ վատ է»,- պնդում է ադրբեջանական առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին։ «Հնարավոր է՝ այն ունի «խաղաղապահ բանակ» անունը, սակայն մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բանակը Մոլդովայում եւ Վրաստանում»,- նշում է Քերիմլին` համոզմունք հայտնելով, որ ռուսական զորքն օգնել է հայերին հաղթել առաջին պատերազմում, եւ ռուսական զորքի վերադարձը Ղարաբաղ, նույնիսկ՝ խաղաղապահ առաքելությամբ, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին։ Մի խումբ ադրբեջանցի լրագրողներ, փորձագետներ կիսում են այդ տեսակետը` հայտարարելով, որ իր վերահսկողության տակ առնելով խաղաղությունը Ղարաբաղում` Ռուսաստանը նաեւ Ադրբեջանի գործերին միջամտելու ձայնի իրավունք է ստանում։
Ն. Հ.
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ, շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության եւ ազգին ծառայելը իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»։ «Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու եւ սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»,-հայտնել է Դավիթ Գրիգորյանը:
«ԿԻԼԻԿԻԱ» ԱՎՏՈԿԱՅԱՆԻՑ
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ Երեւանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղեւորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երեւանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է՝ նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Կեսոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Հայկ Կեսոյանի դիմումը՝ 1. Հայկ Կեսոյանին նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ: Հայկ Կեսոյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։
ՊԱՏՄԵԼ Է
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում է նոյեմբերի 11-ին գերեվարված Երեւանի բնակիչ Դավիթ Իսահակյանը: 40-ամյա Դավիթ Իսահակյանը եւ երկու արցախցի բնակիչներ տարեց ընտանիքի են տեղափոխել Արցախ, սակայն տեղ հասնելուն պես նրանց հետ կապը կտրվել է: Ընդ որում, դա եղել է զինադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին: ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթի կինը պատմել է, որ 3 օր շարունակ ամուսնուց որեւէ լուր չստանալուց հետո սկսել է փնտրել նրան, իսկ, ահա, նախօրեին ամուսնու ընկերը հայտնել է շոկային տեղեկություն՝ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների մասին տեսանյութ է տեսել, որում եղել է նաեւ Դավիթը:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նադալյանը։ «Մեծարգո՛ պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։ Շնորհակալություն եմ հայտնում վստահության եւ համատեղ աշխատանքի համար»,- գրել է Մնացականյանը։ Նշենք, որ ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում կայացրել։
ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ
«Գնացել էինք զրուցելու, հասկանալու, թե մեր գործընկերն այդ հայտարարությունն ինչի՞ է արել, որովհետեւ դրանից մի քանի ժամ առաջ մենք իրար հետ ենք եղել»,- խորհրդարանում ասել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էր օրեր առաջ՝ կեսգիշերն անց, գնացել խմբակցությունից դուրս եկած Վարդան Աթաբեկյանի տուն։ «Լրատվամիջոցների պատճառով մեծ պատմություն դարձավ, բայց մեծ պատմություն չի եղել, ընդամենը գնացել ենք զրուցելու մեր ընկերոջ հետ»,- նշել է Հակոբ Սիմիդյանը: Ըստ պատգամավորի՝ բացի իրենից ու Հայկ Սարգսյանից, այլ պատգամավորներ եւս գնացել էին, որպեսզի պարզաբանումներ ստանան Աթաբեկյանից։ Դիտարկմանը, թե Վարդան Աթաբեկյանը ժամանակ է տվել իրենց, այլապես կհրապարակի ձայնագրությունները, Հակոբ Սիմիդյանն ասել , թե տեղյակ չի, թե խոսքն ինչի մասին է։
ԼՔԵԼ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկանները լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»: «Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլեւս չկան», – ասել է Խաթիբզադեն: Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ՝ «վարձկանները տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» էր»: Նա կարեւորել է նաեւ, որ «Իրանի սահմանները տարածաշրջանում չեն փոխվել, եւ դա ապագայում էլ տեղի չի ունենա»:
ԽՈՍԵԼ Է ՄԱԿՈՒՆՑԻ ՀԵՏ
Հայաստանում ընթացիկ ներքաղաքական իրավիճակն է քննարկել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Դեսպանատան թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կայացած զրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության ամրապնդմանը: «Քաղաքական բռնությունը եւ ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», – հայտարարել է դեսպանը: