ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՅԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբական կՐՈՉՊՈ պարբերականը հրապարակել է արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական բանակի  առավելության վերաբերյալ «Ահա թե ինչու հայերը չկարողացան պաշտպանվել. ադրբեջանական բանակը ղեկավարում էին Էրդողանի 3 լավագույն գեներալները» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ ադրբեջանական բանակն ու ռազմական գործողությունները չէին ղեկավարվում ադրբեջանցի բարձրաստիճան սպաների կողմից: Սերբական աղբյուրի անդրադարձը ներկայացնում է ԹՏպվվՏպ ԿոՏջՐպվՌպ կայքը:

 

Սերբ հեղինակները հոդվածում պնդում են, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի ղեկավարությունը վերջերս «փոխվել է», որպեսզի դրա հիմքը կազմեն այն սպաները, ովքեր սովորել կամ վերապատրաստվել են Թուրքիայում: Ավելի վաղ տարբեր աղբյուրներում նույնպես հայտնվել էին նյութեր, որոնցում նշվում էր, որ թուրք գեներալներն առնվազն վերջին դերը չեն խաղացել Լեռնային Ղարաբաղում զինված գործողությունների մշակման եւ անցկացման գործում: Մասնավորապես, նշվում էր երկու անուն՝ գեներալ Բախթիյար Էրսայ եւ գեներալ Գյոքսել Քահյա: Առաջինը 2003 թվականից հասցրել է թուրքական բանտ նստել, բայց հետո ազատ է արձակվել, իսկ 2016-ին ՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ, նա սատարել է ոչ թե փորձը կազմակերպողներին, այլ Էրդողանին:

Սերբական աղբյուրը, այս երկուսից բացի, Ղարաբաղում ռազմական գործողությունների մշակման եւ անցկացման գործում, որպես մեծ դերակատար, նշում է թուրք գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայի անունը: Թուրք գեներալների՝ ադրբեջանական զորքերի կառավարման գործում մասնակցության վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա եւ դժվար էլ լինի: Այնուամենայնիվ, ուշագրավ է այն, թե ինչպես են Շուշին գրավելուց հետո Ադրբեջանի ՊՆ կենտրոնական հրամանատարական կետում դիմավորել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Աքարը զբաղեցրել է կենտրոնական տեղը, որտեղից շնորհավորել է հավաքված զինվորականներին հաղթանակի կապակցությամբ: Սա վկայում է վերջին տարիներին Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջեւ փոխգործակցության առնվազն բարձր մակարդակի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման եւ իրականացման հարցեր։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված գործարքով, որը փաստացիորեն վերջ դրեց տարածաշրջանի մեծ մասում հայերի` հազարամյակներով ներկայությանը: Այս մասին ասված է Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանի հոդվածում, որը հրապարակվել է հոնկոնգյան Asia times պարբերականում: Հոդվածագիրը մասնավորապես նշում է, որ, ռազմաճակատում արդեն կորցրած հողերից բացի, գործարքը հայերին թելադրում է մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին զիջել այլ տարածքներ,  որոնցում հայերը թողնում են հազարավոր սրբավայրեր: Հաշվի առնելով ադրբեջանցիների փորձը մշակութային ժառանգությունը ջնջելու գործում՝ երկարամյա խաղաղության տեսլականը հավանական չի թվում: Մաղաքյանը նշում է, որ ինքը վերջին 15 տարիներին զբաղվում է մշակութային բնաջնջման ուսումնասիրությամբ, որը հայ-ադրբեջանական հակամարտության ամենաթույլ ուսումնասիրված ասպեկտներից մեկն է: Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի հնագույն անցյալը կեղծ պնդում է: Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը մերժել է Մաղաքյանի ուսումնասիրությունները՝ դրանք բնորոշելով որպես «Հայաստանի ֆանտազիայի արդյունք»:

«Նախիջեւանի 89 միջնադարյան եկեղեցիները, 5840 խաչքարերը եւ ավելի քան 22 000 պատմական տապանաքարերը երբեք գոյություն չեն ունեցել» առաջին հերթին, քանի որ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հայերը բնիկ չեն Կովկասում:

Մինչեւ 1997 թվականը այս հուշարձանները պահպանվում էին Ադրբեջանում, որը դրանց բնորոշում էր որպես «աղվանական»: 1950-ականներից Ադրբեջանը հայերի՝ հին ազգ լինելու փաստին ձեռնոց նետելու համար սկսել էր «աղվանացնել» հայկական քրիստոնեությունը` հայտարարելով, որ այն գողացված է մինչեւ 7-րդ դարը ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասում գոյություն ունեցած Աղվանքի թագավորությունից: Միգուցե մի օր հայերը կարող են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց վաղ ժառանգության մեծ մասը ջնջվել է: Այնուամենայնիվ, 5 հինավուրց արցախյան հուշարձաններ` Ամարասը, Դադիվանքը, Գտչավանքը, Տիգրանակերտը եւ Ծիծեռնավանքը,  հայերի համար հատկապես սրբազան են, դրանց բնաջնջումն անանցանելի սպի կդառնա գալիք սերունդների համար: Այս բոլոր հայկական սրբազան վայրերը գտնվում են ներկայիս կամ առաջիկա հայ-ադրբեջանական շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրանցից ոչ մեկը տեղակայված չէ ռազմավարական տարածքներում: 1990-ականների ղարաբաղյան առաջին պատերազմում պարտված, սակայն երկրորդում հաղթած Ադրբեջանը պետք է խորապես մտածի կանխելու երրորդ պատերազմը: Ինչքան էլ ցավալի լինեն հայերի համար մարդկանց, տների, հողերի, լեռների, բազմաթիվ խաչքարերի եւ ավելի պակաս հայտնի բազմաթիվ եկեղեցիների կորուստները, այս 5 սրբավայրերի պահպանումը կարող է ամոքել հայերին:

«Ես ողորմություն չեմ խնդրում: Ես առաջարկում եմ խաղաղության հավանական ուղի»,-եզրափակում է իր հոդվածը Մաղաքյանը:

 

 

 

ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ. այս մասին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երեւան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ: Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ եւ հատուկ տեխնիկա:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծն ուղարկվել է երկրի խորհրդարան. այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ առաքելության շրջանակները, անձնակազմի թիվն ու գործողության ժամկետները սահմանվելու են Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից։ Նոյեմբերի 11-ին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ու Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ, եւ որ իրենք մասնակցելու են «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մինչ այս հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ Մոսկվան ու Անկարան աշխատելու են Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի տարածքում ստեղծվող մշտադիտարկման կենտրոնի միջոցով, եւ որ խոսք չի գնացել «համատեղ խաղաղապահ առաքելության» մասին։

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիր էին ստորագրել։ Համաձայն այդ հայտարարության՝ ԼՂ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի տիրապետության տակ, կողմերն իրականացնում են գերիների փոխանակում, շփման գծի ողջ երկայնքով ու Լաչինի միջանցի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

 

 

ՏՆԿՎՈՒՄ Է 60 ՀԱԶԱՐ ՀԱՏ ՏՆԿԻ

Նոյեմբերյանի  անտառտնտեսությունում այս  տարի  նախատեսված է  60 հազար հատ ծառի տնկում։ Դրանք տնկվում են հեռավոր, դժվարամատչելի Մասրուտ, Շմորթ եւ այլ տարածքներում, ընդհանուր 20 հեկտար տարածքում։ Տնկվում են  հիմնականում կաղնի, նաեւ հացենի, թխկի, տանձենի, խնձորենի ծառատեսակներ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ նախատեսված ծառատունկի 20 հեկտար տարածքից արդեն 14 հեկտարում  ծառատունկ է արված, մնացածը կարվի առաջիկա օրերին։ Ծառատունկին մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները, որոնք  վարձատրվում  են գործարքային ձեւով, իրենց տնկած ծառերի թվին համապատասխան։ Բացի այդ, 250 հեկտար  տարածքում՝ նախապատրաստված հարթակներում, կատարվում է բնական վերաճ։ Դրա համար աշնան տերեւաթափից  հավաքված տերեւները հեռացվում են ծառի տակից,  փորվում են հարթակներ, ուր ընկնող ծառի սերմերը բնական վերաճ են տալիս։ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը թափուկ վառելափայտի միջոցով լուծել է  Նոյեմբերյան քաղաքի եւ սահմանամերձ  տարածաշրջանի անտառամերձ 14 գյուղերի ընտանիքներին 8-ական խորանարդ մետր թափուկ վառելափայտի հատկացման խնդիրը։ Թափուկը  պատրաստվում է բնակիչների կողմից, ինքնապատրաստմամբ։  Նոյեմբերյանի անտառտնտեսությունը նաեւ կատարում է բնակիչներին անտառտնտեսության  վերին, ներքին պահեստներից եւ ծառերի հատատեղից վառելափայտի վաճառք։ Գների տարբերությունը կախված է այն բանից, թե  ծառերը անտառից դուրս բերելուց, վառելափայտը  կտրելուց, պատրաստելուց հետո որ տեղանքում են դրանք հանձնվում գնորդին։ Այդ պատճառով գները տարբեր են, ծառերի հատատեղում վառելափայտի  մեկ խորանարդ մետրի գինը 13 հազար 320 դրամ է, վերին պահեստում՝ 16 հազար 200, իսկ ներքին պահեստում՝ 21 600 դրամ։ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը նաեւ իրականացնում է  տախտակի վաճառք, մեկ խորանարդ մետրի գինը շուրջ 81 հազար դրամ է, անտառտնտեսությունը ունի պահեստավորված 30 խորանարդ մետր տախտակ։ Այս տարի պլանով նախատեսված է 300 խորանարդ մետր գերանի պատրաստում եւ իրացում։ Արցախյան պատերազմը իր կնիքն է թողել անտառտնտեսության աշխատանքի վրա։ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը հայտնեց, որ անտառի թափուկների հաշվին իրենք ապահովել են առաջնագիծ գնացող զինծառայողների ռեզերվի համար անտառային կացարանների շուրջ 80 կրակարաններին թափուկով ապահովելու հարցը, նաեւ անհաժեշտ շինանյութ են տրամադրել՝ զինծառայողների համար ժամանակավոր կացարաններ ստեղծելու համար։ Գիգոլ Խասիկյանը իր անձնական «Նիվա» մակնիշի  ավտոմեքենան նվիրաբերել է Արցախի  առաջնագիծ մեկնող ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին, իրեն  պատկանող հոտից 5 ոչխար, նաեւ  սննդամթերք նվիրել մոբլիզացված զինծառայողների սննդի կարիքները հոգալու համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս