ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն անտրամադիր են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը. «Կարելի է ասել, որ ժողովրդի մոտ հանդարտ վիճակ է… այն ինչ եղավ, եղավ: Տրամադրությունը շատ վատ է, իսկ մնացած առումով, իրենց կյանքով ապրում են: Ինձ թվում է, ընդհանուր իրավիճակի հետ կապված աշխարհի բոլոր անկյուններում էլ ոչ մի հայի տրամադրություն չի կարող լավ լինել»:
Գյուղապետի խոսքով, մարդկանց տարհանելու համար ճանապարհները բաց են: «Այս ճանապարհները մինչեւ նոյեմբերի 24-ը բաց են, ըստ պայմանավորվածության, եթե ինչ որ բան չփոխվի: Նորմալ է, ամեն ինչ արվում է: Ամենակարեւորը՝ ժողովրդի մեջ խուճապ չկա»,- նկատեց Ավետյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ գյուղի բնակիչներն այս օրերին ինչով են զբաղվում: Մեր հարցին ի պատասխան Հակոբ Ավետյանն ասաց. «Ովքեր բերքահավաք են արել, իրենց բերքը պահեստավորելով, այդ հարցերով են զբաղված, պատրաստվում են ձմեռ դիմավորել… ինչ որ անում են գյուղերում՝ ձմեռվա պատրաստություն»:
Հակոբ Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է, բայց միաժամանակ մի խնդրի մասին բարձրաձայնեց՝ կարտոֆիլի իրացման հետ կապված: Այս մարզում կարտոֆիլի իրացման խնդիրն արդեն մի քանի տարի է, այդպես էլ չի լուծվում: «Ժողովրդի մոտ անհասականալի վիճակ է, երեւի դրա հետ է կապված: Բայց դե, նորմալ կլինի … Կարտոֆիլի շատ մեծ քանակություն կա, որը պետք է արտահանվի Հայաստանից, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենան ֆերմերները, նաեւ ես ինքս»,- անկեղծացավ խոշորացված համայնքի ղեկավարը:
Գյուղապետից տեղեկացանք, որ այս ընթացքում գյուղացուն մեկ կիլոգրամ կարտոֆիլի դիմաց առաջարկում են 80 դրամ, ինչը ձեռնտու չէ: «Այս դեպքում ինքը մինուսով է դուրս գալիս: Ասեմ՝ Հայաստանի կարտոֆիլի ամենախոշոր ցանողներից մեկը ես եմ, բայց էդ շուկայակական հարաբերություններն այնպես են, որ եթե դրսում թանկ եղավ, պահանջարկ եղավ, ոչ մեկ չի խոչընդոտում արտահանելուն, իսկ եթե դրսում էժան է, արդեն արտահանելն իմաստ չի ունենում»,- ներկայացրեց Հակոբ Ավետյանը: Նրա խոսքով, իր ղեկավարած համայնքում եւ ենթակա վարչական շրջաններում ավելի քան 20 հազար տոննա պահեստավորած կարտոֆիլ կա, որը իրացման կարիք ունի: Հուսանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Գեղարքունիքի մարզպետարանը գոնե հիմա կմիջամտեն եւ հարցին լուծում կտան:
Սյունէ Համբարձումյան