ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո «Ակոս» շաբաթաթերթը հրապարակել է Ժնեւի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի հոդվածը: Այն,  որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործող նոր կանոնակարգի երաշխավորը Ռուսաստանն է, այլեւս ակնհայտ է: Ուշագրավ հանգամանք է նաեւ այն, որ եռակողմ համաձայնագրի մեջ բացակայում է Թուրքիայի անունը: Պայմանագրի տեքստը հայ բնակչության հետագա անվտանգության բավարար երաշխիքներ չի տալիս: Այն չի պարունակում նաեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ դրույթ:

 

Հանրագումար արդյունք

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի երկարաժամկետ արդյունքները վերլուծելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց հնարավոր է կատարել մի քանի կարճ գնահատումներ.

Հայկական կողմը զգալի չափով հող է կորցրել, բայց այս անգամ Ռուսաստանի անվտանգության երաշխիքի ներքո պահում է Ղարաբաղի մի մասը: Հասկանալի չէ՝ Փաշինյանը կմնա իշխանության գլուխ: Նա մեծ գին վճարեց իր հակասական քաղաքականության եւ չափազանցված պոպուլիզմի դիմաց: Ավելի կարեւոր է, սակայն, որ երկրի ժողովրդավարացման եւ արդիականացման նախագիծը վտանգված է: Հայաստանը ներկայումս գտնվում է մի խաչմերուկում, որտեղ պետք է վերացնի Նիկոլ Փաշինյանի օրոք առաջացած անորոշությունները: Որոշելիք է՝ աշխատել մարդկային զարգացման եւ ժողովրդավարացման համատեղ ծրագրի վրա, թե հետեւել հուզական եւ իռացիոնալ եւ խորհրդանշական ազգայնականությանը: Այս փոքր երկիրը չունի այն ռեսուրսները, որոնք թույլ են տալիս ինչպես արդիականացվել, այնպես էլ հսկայական ռազմական ծախսեր կատարել: Եթե միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ժողովուրդը համախմբվի ժողովրդավարացման եւ զարգացման տեսլականի շուրջ, ապա նա կարող է երկարաժամկետ հեռանկարում իր պարտությունը վերածել առավելության՝ ազատվելով ռազմական ջանքերի բեռից: Ներդրումներ կկատարվեն քաղաքացիական համակարգի կառուցման մեջ, որն ավելի համատեղելի է գլոբալացվող աշխարհի հետ: Անցած յոթ շաբաթվա ընթացքում տեղի ունեցածից հետո հեշտ չէ, բայց հնարավոր է որոշել հենց այդպիսի նոր ռազմավարական կողմնորոշումը քաղաքական ասպարեզում:

Ադրբեջանը մեծ հաղթանակ է տարել: Հետխորհրդային Ադրբեջանի ի հայտ գալուց ի վեր ղարաբաղյան հակամարտությունը եւ 1991-1994 թվականներին տարածքային կորուստների պատճառած դառնությունը հետապնդել են երկրի հասարակական կարծիքը: Այս հաղթանակի արդյունքում առաջացած ազգայնական ոգեւորությունը Իլհամ Ալիեւին ավելի ուժեղացրեց, քան երբեւէ, եւ ներքին ընդդիմության տեղ չթողեց: 2003-ին իր հորից հետո իշխանության եկած Իլհամ Ալիեւը այսպիսով կկարողանա ամրապնդել իր տոհմական իշխանությունն ու իր կողմից հաստատված ուղղահայաց ռեժիմը:

Մոտ ապագայում, սակայն, Ադրբեջանում կարող է լարվածություն առաջանալ կենտրոնացված իշխանության եւ պատերազմի ընթացքում մոբիլիզացված հասարակական կարծիքի միջեւ: Ադրբեջանի այս հաղթանակը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերածվել չափազանց մեծ գնով նվաճված հաղթանակի: Երկիրը մնալու է հնացած քաղաքական համակարգին դեմ հանդիման հենց այն ժամանակահատվածում, երբ նա նավթից եւ գազից բացի այլ ներուժ չունի:

Պատերազմը ցույց տվեց, որ ոչ բազմավեկտոր լինելն է կարեւոր, ոչ էլ Արեւմուտքի ազդեցությունը: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ազդեցությունը արագորեն նվազում է: Ղարաբաղում եւ, առհասարակ, Կովկասի տարածաշրջանում պատերազմի կամ խաղաղության բանալին Ռուսաստանի եւ Թուրքիայի ձեռքում է: Անհետացող արեւմտյան ազդեցությունն ու «միջազգային հանրությունը», որոնք այս ընթացքին իրականում գոյություն չունեին, ամենեւին շուտով չեն վերադառնա: Միջազգային հարաբերությունների ավելի փոքր դերակատարները ստիպված են փոխզիջման գնալ իրենց համապատասխան տարածաշրջանների «Պուտինների» հետ:

Վերջապես Վլադիմիր Պուտինը հասավ իր բոլոր նպատակներին. նա թուլացրեց Փաշինյանին, ավելի շատ ռուսական ուժեր տեղավորեց Կովկասում, ուժեղացրեց իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ նույնիսկ հաշտարար դարձավ: Մյուս կողմից, համենայնդեպս, դատելով շրջանակային համաձայնագրի տեքստից՝ Թուրքիան պարզ չէ, թե ինչ է շահում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների  հարաբերությունները, որոնց հաստատմանը ականատես դարձանք Սիրիայում եւ Լիբիայում, Պուտինի առաջնորդությամբ վերարտադրվեցին նաեւ Ղարաբաղում: Ամեն պարագային այս համաձայնագիրը նոր էջ է բացում Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի համար նոր հնարավորություններով, բայց եւ բազում նոր անորոշություններով:

 

 

984 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 17-ին դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի. այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 468081, վերջին մեկ օրում` 2530 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 38253 պացիենտ. մեկ օրում նվազել է 1526-ով:Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 78343 անձ, վերջին մեկ օրում՝ 2478 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

 

 

 

ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ՝ ԼՂ-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ -76 ինքնաթիռներով Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներական ստորաբաժանման զինվորականների, հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների տեղափոխման մասին Լեռնային Ղարաբաղ: «Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների եւ օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաեւ կապահովեն մատակարարման եւ տարհանման ուղիների նախապատրաստում ու պահպանում, ջրի մաքրում եւ ինժեներական ապահովման այլ առաջադրանքների կատարում»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, պայթուցիկ օբյեկտների հայտնաբերման եւ որոնման համար ծառայողական շներ կգործարկվեն:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՂԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին: Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան:

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝  ՌԴ-Ի ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին:  Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին՝ Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, եւ մեկ կամ երկու հանրային եւ մայրաքաղաքային սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին: Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար: «6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա: Տ. Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում՝ ըստ միջպետական պայմանագրերի, առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին:

 

 

 

ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԴԻԵՐԸ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը. «Ռիա նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը: Նրա փոխանցմամբ` ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ «Ըստ իմ վերջին տեղեկությունների՝ (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,- նշել է ԿԽՄԿ նախագահը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակվել գնահատականներով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ եւ քննարկել հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի համատեքստում:

 

 

 

ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ

Քաղաքային իշխանությունները աստիճանաբար վերականգնում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ընկերությունների մեծ մասը Ստեփանակերտում գտնվող աշխատակիցներով եւ ունեցած ռեսուրսներով փորձում է անցնել բնականոն աշխատանքներին ու ժամանակացույցին: Անելիքները շատ-շատ են, դրանց իրականացման գործընթացը արդեն մեկնարկած է: Մեր համաքաղաքացիների կողմից ակնկալում ենք համբերություն, ըմբռնում ու, հնարավորության դեպքում, նաեւ աջակցություն:

 




Լրահոս