«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ՀԵՏ». ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Արցախի  ստեղծագործական միությունների նախագահները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան խնդրելով հնարավորությունների սահմաններում հոգ տանել այն հայկական կրոնական մշակութային հուշարձանների մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

 

«Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսային զրույցների ժամանակ Դուք շոշափել եք հուշարձանների պահպանության  թեման: Մենք լիովին համաձայն ենք նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ այդ հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավելու մասին հայտարարության հետ, որպեսզի մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնվեն, եւ դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովվի»,- մասնավորապես ընդգծվում է նամակում:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ, որը նույնպես մասնակցել է նախաձեռնությանը:

«Այսօրվա դրությամբ միակ մարդը, որը ռեալ կարող է ազդեցություն ունենալ, որպեսզի չպղծվեն հայկական եկեղեցիներն ու պատմական հուշակոթողները, այնպես անի, որպեսզի վանդակիզմի չենթարկվեն, Ռուսաստանի նախագահն է, իսկ մնացած բոլորը՝ ՅՈՒՆԵՍԿՈ, ՄԱԿ, եւ այլ բյուրոկրատական կառույցները, կոնկրետ ինձ համար վաղուց իրենց նշանակությունը կորցրել են: Դրանք կոռումպացված, բյուրոկրատական կառույցներ են, եւ միայն անդամավճարներ են ստանում, միայն անդամավճարներ են կորզում, բայց իրականում  ոչինչ չեն անում, իսկ այսօր Վլադիմիր Պուտինը այս պահին համենայդեպս ունի այն ուժը , որը կարող է այդ հարցում օգնել մեր ժողովրդին»,-նկատում է մեր զրուցակիցը:

Հակոբ Ղազանչյանի խոսքով՝  մեր պատկան մարմինները մշակութային կոթողների պահպանման հարցով պետք է բանակցեն միայն Ռուսաստանի Դաշնության հետ.

«Ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ մեզ կարձագանքեն, քանի որ Վլադմիր Պուտինը նույնիկ Ալիեւի հետ զրույցում նման պահանջ դրել է Ադրբեջանի ղեկավարության վրա: Ես կարծում եմ, որ մեր պատկան մարմիններն այդ հարցով պետք է բանակցեն միայն Ռուսաստանի Դաշնության հետ»:

Մեր այն դիրքորոշմանը, թե արդյոք Մշակույթի նախարարությունն այս հարցում անում է ամեն ինչ,մեր զրուցակիցը նշում է. «Մշակույթի նախարարն աշխատում է, բայց,  ցավոք սրտի,  միջազգային կազմակերպությունները, համենայդեպս Ղազանչեչոց եկեղեցին ռմբակոծելուց հետո ՅՈՒՆԵՍԿՈ-ի  կողմից ոչ մի հայտարարություն չեղա. եթե եղան էլ, ապա ինչ-որ  կցկտուր ձեւակերպումներ, բայց կոնկրետ ոչ մի որոշակի հայտարարություն չհնչեց: Ինձ համար այդ կազմակերպությունները վաղուց չկային, հիմա առավելեւս համոզվեցի: Միայն միլիոններ են մղսում՝ ձեւ անելով, թե ինչ-որ բաներ են պահպանում: Այնպես որ, պետք է դիմել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն ռեալ ուժ: Ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ մեզ կարձագանքեն, քանի որ Վլադմիր Պուտինը նույնիսկ Ալիեւի հետ զրույցում նման պահանջ դրել է Ադրբեջանի ղեկավարության վրա: Ես կարծում եմ, որ մեր պատկան մարմիններն այդ հարցով պետք է բանակցեն միայն Ռուսաստանի Դաշնության հետ»:

Հավելենք, որ նամակը ստորագրել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի եւ Արցախի գրողների միությունների նախագահներ Էդվարդ Միլիտոնյանն ու Վարդան Հակոբյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Հայաստանի երաժշտական ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԱՆԱԴԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Երեւանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը իր՝ «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչեւ նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ. հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

 

«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաեւ լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երեւանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին, որն, ի դեպ, 10 տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր եւ այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաեւ Տորոնշտոյի ՄԿՓ-ում Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ եւ Լավագույն ֆիլմ «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմ մրցանակին արժանացած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», հայ-կանադական համատեղ արտադրության Կարինե Թորոսյանի «Այստեղ եւ այնտեղ» ֆիլմը։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկայանա նաեւ օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաեւ մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում եւ հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաեւ ներկայացուցիչ Telefilm Canada-ից։

 

 

ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼ

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ջոն Թերին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում: «Դերբի Քաունթիի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել 39-ամյա Թերիի հետ: Ջոն Թերին 2018 թվականից զբաղեցնում է «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է եկել 2000-2017 թվականներին:

 

 

 

ԽՈՍԵԼ Է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց եմ երկրպագում Ռոնալդուին: Դեռ մանկուց Ռոնալդուն եղել է իմ ամենասիրելի ֆուտբոլիստը: Ռոնալդուի հաջողության գլխավոր գրավականը նրա բնավորությունն է: Ռոնալդուն չի սիրում պարտվել, եւ ցանկացած պարտություն նրան ավելի ուժեղ է դարձնում»,-ասել է Ֆերնանդեշը: Հիշեցնենք, որ 26-ամյա Բրունու Ֆերնանդեշը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2017 թվականից:

 

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկայում նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գոհ է 23-ամյա Դեմբելեի կատարած աշխատանքից եւ ցանկանում է, որ նա շարունակի մրցելույթներն ակումբում: «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել Դեմբելեի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածքների պատճառով բաց էր թողել 2019/20 մրցաշրջանի մեծ մասը: Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի 3 ֆուտբոլիստի հետ: Մայրաքաղաքային ակումբը նոր պայմանագրեր կառաջարկի դարպասապահ Անտոնիո Միրանտեին, կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինիին եւ Նիկոլո Ձանյոլոյին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ է ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներից եւ պատրաստ է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը: Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: «Ռոման» ունի պայմանագիրը 1 տարով երկարաձգելու հնարավորություն, հակառակ դեպքում հայ ֆուտբոլիստը կհայտնվի ազատ գործակալի կարգավիճակում:

 




Լրահոս